Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է գլխավորը. շիրակցու տաղանդի ուժը

Հուլիսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցում էր «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» տնտեսական համաժողովին: Կառավարության ղեկավարը նախ շրջայց է կատարել համաժողովի շրջանակում բացված էքսպո-ցուցահանդեսում, ապա և ծանոթացել տաղավարներում ներկայացված Շիրակի մարզում գործունեություն ծավալող ընկերությունների արտադրություններին` գյուղմթերք, վերամշակող արդյունաբերություն և այլն:

Հեղափոխությունից ի վեր նոր իշխանությունների համակ ուշադրության կենտրոնում են շարունակում մնալ երկրի մարզերն, իսկ ավելի կոնկրետ՝ Հայաստանի տնտեսության զարգացման հարցում մարզերի, շրջանների դերակատարման բարձրացման խնդիրները:

Ստացվել է այնպես, որ, ցավոք, Հայաստանի՝ առանց այն էլ ոչ մեծածավալ մասշտաբներ ունեցող տնտեսությունը գերկենտրոնացված է մայրաքաղաքում. առևտրային տնտեսություն ունեցող մեր երկրում առևտրի առյուծի բաժինը կատարվում է մայրաքաղաքում՝ ինչը մեծապես թուլացրել է մարզերի և, հետևաբար, մարզաբնակների՝ տնտեսության մեջ ունեցած դերակատարությունը: Իհարկե, այսքանով չի սահմանափակվում այն  գործոնների շարանը, որի պատճառով այսօր Հայաստանի շրջաններն ու մարզերը փաստացի կտրված են մնում տնտեսական հիմնական գործընթացներից. խնդիր կա նախ փոխել ՀՀ տնտեսության կառուցվածքն, ապա անել դա այնպես, որ դրանից էապես շահեն նաև մարզերը:

Այս իրավիճակում իշխանություններին այլ բան չի մնում, քան  անել ամեն ինչ՝ ցույց տալու համար, որ մարզերը կարող են ոչ պակաս  արդյունավետ դերակատարներ դառնալ տնտեսական զարգացման գործում՝ խնդիր, որի լուծման համար պետք է օգտագորվի ունեցած ողջ ներուժը, որը, բնականաբար, չի սահմանափակվում Երևանով:

Մյուս կողմից կա, իհարկե, մարզերին լիարժեքորեն խաղի մեջ մտցնելու մեկ այլ գլխավոր պատճառ նույնպես. Հայաստանի աղքատ բնակչության մեծագույն մասը բնակվում են քաղաքից դուրս, իսկ ինչ վերաբերում է կոնկրետ Շիրակին, ապա, ցավոք, այս մարզն այդ իմաստով ամենախոցելին է, և սա՝ չնայած այն հանգամանքին, որ նույն գյումրեցին դարեր ի վեր բարեհռչակվել է արարման իր շնորհով, նա իսկապես տաղանդավոր է, իսկ միակ բանը, որ այժմ պակասում է շիրակցիներին, սեփական ուժերին կրկին հավատալն ու աշխատելու հնարավորություն ձեռք բերելն է: Այդ մարզն ունի բոլոր հնարավորությունները՝ դառնալու Հայաստանի ամենահարուստ մարզերից մեկը շնորհիվ տեղի բնակչության բացառիկ հատկանիշների, և Փաշինյանի այցի բուն նպատակներից մեկն էլ, խոշոր հաշվով, շիրակցիներին այդ մասին հիշեցնելն էր:

 

 

 

 

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.