Հայաստանի Հանրապետությունը պետք է վերագտնի արդյունաբերական երկրի իր երբեմնի փառքը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 20-ին Գյումրիում մասնակցել է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» տնտեսական համաժողովին: Կառավարության ղեկավարը նախ շրջայց է կատարել համաժողովի շրջանակում բացված էքսպո-ցուցահանդեսում, ծանոթացել տաղավարներում ներկայացված Շիրակի մարզի ընկերությունների արտադրություններին` գյուղմթերք, վերամշակող արդյունաբերություն, տեքստիլ, կոշիկի արտադրություն եւ այլն: Նիկոլ Փաշինյանն ընկերությունների ներկայացուցիչներից հետաքրքրվել է արտադրության կազմակերպման խնդիրներից եւ առաջիկա ծրագրերից: 


Ողջունելով համաժողովի մասնակիցներին` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօրվա միջոցառումը հարմար է հայտնի իրադարձություններից մեկ տարի անց խոսելու կառավարության տնտեսական քաղաքականության հայեցակարգային մոտեցումների մասին: «Ըստ էության, այս հայեցակարգային դրույթները պետք է անվանեմ տնտեսական հեղափոխության հայեցակարգային դրույթներ, որոնք մենք առաջիկայում կամբողջացնենք եւ կներկայացնենք որպես ամբողջական ռազմավարություն, թե ինչպես ենք պատկերացնում Հայաստանի զարգացումը եւ տնտեսական կառուցվածքը: Այս փուլում արդեն կարողացել ենք կարեւոր քայլ անել, խոսքը Հարկային օրենսգրքի բարեփոխումների մասին է: Տնտեսական քաղաքականության մեջ մենք նաեւ հարկային փոփոխութունների մի քանի մակարդակ ենք դիտում` միկրո, միջին եւ մակրո բիզնեսների նկատմամբ վարվող քաղաքականություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով որ մակրո բիզնեսը լինելու է կառավարության ուշադրության կենտրոնում:

 

Վարչապետը տեղեկացրել է, որ գալիք տարվա հունվարի 1-ից միկրո բիզնեսը կազատվի բոլոր տեսակի հարկերից, այս ընկերությունների աշխատողների համար եկամտային հարկը 23 տոկոսի փոխարեն կսահմանվի 5-հազարական դրամ: «Սա կարեւորում ենք գործարար ակտիվությունը մեծացնելու համար, այն մեր աջակցությունն է քաղաքացիներին եւ կոչը` ծավալել գործունեություն: Այս գործը տեսնում ենք որպես աղքատության հաղթահարման կարեւոր մի գործիք: Օրինակ, այսօր ընտանեկան բիզնեսի դեպքում շեմը բարձրացրել ենք մինչեւ 24 մլն դրամ: Գալիք հունվարի 1-ից այդ հնարավորությունից կօգտվեն նաեւ Երեւանից դուրս գտնվող առեւտրային կրպակները, խոսքը վերաբերում է նրանց, ովքեր իրենց գործունեությունը չեն ծավալում առեւտրային կենտրոններում: Տարեկան մինչեւ 24 մլն դրամ շրջանառություն ունեցող հյուրատները նույնպես կօգտվեն այս արտոնությունից»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` կառավարության տնտեսական քաղաքականությունն ունի սոցիալական ուղղվածություն. ընթացիկ տարվա հուլիսի 1-ից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող տաքսիների վարորդները ազատվել են վճարներից: Մինչ այս Երեւանում գործունեություն ծավալող տաքսիների վարորդները ամսական վճարում էին 12, իսկ մարզերում` 8 հազար դրամ: Գործունեություն ծավալելու լիցենզիաների ստացման գործընթացը նույնպես անվճար է:

 

 

«Սա նշանակում է որ մեր հայրենակիցներին գործունեություն ծավալելու հնարավորություն ենք տալիս եւ հույս ունենք, որ սա կլինի կառավարություն-քաղաքացի համագործակցության որոշակի չափանիշ: Տաքսիների վարորդներին ազատելով հարկային պարտավորությունից` հույս ունենք, որ նրանք հետեւողականորեն կաշխատեն սպասարկման, ծառայությունների վրա, որովհետեւ յուրաքանչյուր զբոսաշրջիկ տաքսիից որոշակի տպավորություններ է ստանում: Մեր խնդիրը պետք է լինի անել այնպես, որ Հայաստանի Հանրապետություն եկող ամեն օտարերկրացի շարունակի այցելել Հայաստան եւ իր հայրենակիցներին եւս հորդորի դա անել»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը հավելել է, որ հարկային նոր փոփոխություններով տնայնագործությամբ զբաղվող անհատները նույնպես ազատվում են շրջանառության հարկից: Ռեստորանների համար հարկային սահմանաչափերը վերադարձվել են 2018 թվականի հուլիսի 1-ի մակարդակին, հետադարձ ուժ է հաղորդվել օրենքին եւ ռեստորանների ներկայացուցիչները հարկերը վերահաշվարկելու հնարավորություն են ստացել:«Սրանք շատ կարեւոր խթան կհադիսանան տուրիզմի զարգացման համար: Նշված ոլորտների մեծ մասը մեծ առնչություն ունի տուրիզմի հետ: Կենտրոնական բանկի տվյալներով` ընթացիկ տարվա առաջին կիսամյակում զբոսաշրջիկները շուրջ 120 մլն դոլար ավելի են ծախսել Հայաստանում: Սա ընդգծում եմ հետեւյալի համար. այս քաղաքականությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար բացում ենք որոշակի տնտեսական գործունեություն վարելու հնարավորություն»,- ասել է կառավարության ղեկավարը` ավելացնելով, որ կառավարությունը ուղիղ ձեւով վերջ է տալու կոռուպցիոն համակարգի հետ կապված տնտեսական համակարգին եւ այստեղ կոմպրոմիս չի լինելու:

Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Իջանի իրադարձություններին` ընդգծել է, որ կառավարությունը մտադիր չէ ապօրինի որեւէ կոմպրոմիսի գնալ եւ զարմանալի համարել այն կարծիքները, թե ինչու է ապօրինի ծառահատումների դեմ պայքարն այդ ծավալով իրականացվում, չէ որ դա այդ մարդկանց ապրուստի փողն է:

«Սա ինձ համար անհասկանալի մոտեցում է: Կներեք, հազար դրամ վերցնող երբեմնի ճանապարհային ոստիկանի 1000 դրամն էլ իր ապրուստի փողն է, կոռուպցիոների կաշառքն իր ապրուստի փողն է, գողություն անողի ապրուստի փողը գողությունն է, ավազակություն անողի ապրուստի փողն ավազակությունն է: Մենք կարծում ենք` ստեղծել ենք բավարար դաշտ, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ստեղծարար աշխատանքով իրենց հացը վաստակելու հնարավորություն ունենան եւ մենք հետեւողական աշխատելու ենք այս ուղղությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով ՀԴՄ-ների խնդրին, մասնավորապես այն հարցին, թե ինչպես է կառավարությունը տեղեկացվելու, թե հարկերից ազատվող որ ընկերությունն է տարեկան 24 մլն դրամ շրջանառություն ունենում` վարչապետն ասել է. «Դրա համար կա մեկ հնարավորություն` ՀԴՄ-ների լայն շրջանառությունը, որը կապված է ՊԵԿ-ի հետ: Մարդը պետք է ՀԴՄ թողարկի ամեն գործարքի համար, որպեսզի հանրագումարում իմանանք, թե ինչ է կատարվում: Այն արդարացումները, որ տեսեք` հարկային դաշտն այնքան ծանր է, որպեսզի ՀԴՄ խփենք, որեւէ նշանակություն չեն ունենալու: Եթե պարզվի, որ տվյալ ընկերությունը միկրո բիզնես է, ապա միանշանակ պետք է հարկ չվճարի: Այս ուղղությամբ եւս կառավարության քաղաքականությունը խստացվելու է: Այս դեպքում նույնպես օրենքը պետք է գործի ամենայն խստությամբ»:

Միաժամանակ, վարչապետն ընդգծել է, որ մեր երկրի այսօրվա տնտեսական վիճակի հաղթահարումն ամենեւին էլ միկրո բիզնեսի միջոցով չի լինելու: «Մեր երկիրը պետք է լինի արդյունաբերական պետություն: Առաջիկայում մենք կենտրոնանալու ենք բոլոր տեսակի արդյունաբերությունները զարգացնելու վրա: Հարկային նոր փոփոխություններով մենք սահմանեցինք համահարթ եկամտահարկ ու գիտեմ, որ դրա հետ կապված նույնպես կան որոշակի մտահոգություններ, որովհետեւ դրա արդյունքում գալիք տարվա հունվարի 1-ից 146 հազար մարդու աշխատավարձերը կավելանան, բայց նրանք մեր աշխատողների մեծամասնությունը չեն, այլ փոքրամասնությունը: Արդյոք արդարացված չեն համահարթ եկամտահարկի հետ կապված քննադատությունները: Կարծում եմ` մենք ճիշտ որոշում ենք կայացրել: Հայաստանում լայնորեն տարածված է ստվերային աշխատավարձի պրակտիկան, համահարթ եկամտահարկի ներմուծմամբ մենք շանս ենք ստեղծում, որպեսզի գործատուները եւ աշխատողները կարողանան ստվերը դուրս բերել: Պետք է որոշակի ժամանակ սպասենք` հասկանալու համար, թե հարաբերակցությունն ինչպես է փոխվում: Առաջիկա տարիներին մենք համահարթ եկամտահարկի շեմն իջեցնելու ենք` դարձնելով 20 տոկոս, այսինքն բոլորի համար է եկամտահարկը նվազում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ ժամանակը ցույց կտա համահարթ եկամտահարկի կիրառման արդյունավետությունը:

Վարչապետը նշել է, որ այսպիսի քաղաքականության որդեգրումը կապված է նաեւ Հայաստանի Հանրապետության ապագայի վերաբերյալ կառավարության պատկերացումներով: «Մեզ մեղադրում են, թե այս քաղաքականությունը վարվում է բարձր աշխատավարձեր ստացողների համար: Մենք ասում ենք, որ հենց բարձր աշխատավարձերի քաղաքականություն ենք վարում: Երբ ասում ենք, որ կառուցելու ենք տեխնոլոգիական երկիր, նաեւ համարում ենք, որ ցածր աշխատավարձային սեգմենտ չպետք է լինի, աշխատանքի շուկան պետք է աչքի ընկնի բարձր աշխատավարձերով եւ որակյալ աշխատողներով: Այս խնդրի լուծման համար մեր ռազմավարական պատկերացումը մեր երկրի արդյունաբերականացումն է եւ պետք է լուծենք խնդիրը, թե ինչպես ենք աջակցելու արդյունաբերությանը եւ արտահանում իրականացնող արտադրություններին: Հիշեցնեմ, որ կառավարության ծրագրում սա առաջնային դրույթներից մեկն է, բայց ցանկանում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել ներքին արտադրության աջակցման բազմաշերտ մշակույթի վրա: Պետք է քաղաքացիները, սպառողներն իրենց գնումներն իրականացնելիս նախընտրությունը տան տեղական արտադրողներին: Ցավոք, մեր տեղական արտադրությունը փոքր է եւ փոքր աջակցությունը կարող է ունենալ վճռական նշանակություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ այսօր էլ կրում է բացառապես հայկական արտադրության հագուստ, միակ բացառությունը փողկապն է:

Խոսելով ներդրումային միջավայրը բարելավելու մասին` վարչապետը նշել է, որ կառավարությունը պետք փորձի հանդես գալ տեղական արտադրանքի հիմնական սպառողի դերում, բայց այս հարցը քննարկելիս գործադիրը բախվում է մեծ խնդրի: «Ամեն տարի կառավարությունը խոշոր գնումներ է իրականացնում, բայց ինչպես գիտեք, այդ գնումները պլանավորվում են հիմնականում մեկ տարվա կտրվածքով: Իսկ դա մեր հաշվարկներով չի կարող դառնալ գրավիչ ներդրողների համար, ուստի կայացրել ենք կարեւոր որոշում: Պետական գերատեսչությունները, ձեռնարկությունները պետք է իրենց գնումները պլանավորեն 5-10 տարիների կտրվածքով: Մենք գերատեսչությունների ծախսերը պլանավորում ենք առանձին, բայց կառավարոությունը պետք է կոնսոլիդացնի պետական գնումների հաշվարկը: Մեր խնդիրն է պարզել, թե առաջիկա 10 տարիների ընթացքում պետական ընկերություններն, օրինակ, որքան համակարգիչներ են գնելու, հաշվարկել ծավալը, անել հաշվարկներ, պարզել, արդյոք 10 տաս տարվա ընթացքում մեր երկրում համակարգիչ արտադրելը կարող է պոտենցիալ ներդրողի համար տնտեսապես լինել շահավետ: Եթե պարզվի, որ դա հետաքրքիր չէ այսօրվա օրենսդրության պայմաներում, ապա պետք է իրականացնել փոփոխություններ, որպեսզի արտադրությունը կազմակերպելը լինի հետաքրքիր ներդրողների համար»,-ասել է կառավարության ղեկավարը` ավելացնելով, որ արդյունքում ներդրող ի հետ կկնքվի երկարաժամկետ պայմանագիր եւ տվյալ ապրանքի արտադրությունը կկազմակերպվի Հայաստանում:

Վարչապետի խոսքով, բնականաբար, ներդրողի առաջ պետք է խնդիր դրվի գնումների ընթացքում Հայաստանից դուրս ձեռք բերել գործընկերներ, որպեսզի արտադրական պրոցեսը լինի հնարավորինս երկարաժամկետ:

Տնտեսության զարգացման գործում վարչապետը կարեւորել է նաեւ հողային ռեֆորմի իրականացումը: Նիկոլ Փաշինյանը մեծ խնդիր է համարել այն, որ մեր երկրի աշխատուժի 30 տոկոսը ներգրավված է գյուղատնտեսության մեջ, ՀՆԱ-ի 14 տոկոսը կազմում է գյուղատնտեսությունը: «Հայաստանում պետք է գյուղատնտեսության մեջ զբաղված աշխատուժի տեսակարար կշիռը նվազի եւ ավելանա արդյունաբերության մեջ ներգրավվածների տեսակարար կշիռը: Այս առումով, հողային ռեֆորմը շատ կարեւոր է, որը հնարավորություն պետք է տա զարգացնել արդյունաբերությունը, բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը: Այդ ջանքերը պետք է լինեն մեր կառավարութան քաղաքականության հաջորդ կարեւոր ուղղությունը:

Նաեւ մենք տեխնոլոգիական ոլորտը տեսնում ենք որպես տնտեսության առաջատար ճյուղ: Վերջերս տեղի ունեցած օրենսդրական փոփոխություններով ավելի լավ պայմաններ ստեղծեցինք ստարտափերի գործունեության համար եւ այս քաղաքականությունը վարելու ենք շարունակական: Մեզ համար կարեւոր է նաեւ ռազմարդյունաբերական համալիրի շոշափելի զարգացումը, հույս ունենք, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ստեղծումը կբերի կոնկրետ արդյունքների»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` համաժողվի ընթացքում ցուցադրված Շիրակի մարզի մասին պատմող տեսանյութում ականատես եղանք արդյունաբերական փլուզված, ժանգոտած հզորությունների: «Մի առիթով ասել եմ, ինչպես նախորդ 30 տարիների ընթացքում արդյունաբերական տարածքները, ձեռնարկությունները վեր են ածվել առեւտրային տարածքների, այնպես էլ առաջիկա 30 տարիների ընթացքում տոնավաճառները պետք է վերածվեն արտադրական, արդյունաբերական տարածքների, Հայաստանի Հանրապետությունը պետք է վերագտնի արդյունաբերական երկրի իր երբեմնի փառքը: Նորը նման չի լինի հին արդյունաբերությանը, բայց ունենք բավարար ինտելեկտուալ պոտենցիալ, ի վիճակի կլինենք կրթական բարեփոխումներով այդ պոտենցիալը քայլ առ քայլ հետեւողականորեն զարգացնել: Մենք հավատում ենք, որ սա նաեւ լուծելու է երկրում առկա դեմոգրաֆիական խնդիրը»,- նշել է վարչապետը` ավելացնելով, որ այդ խնդիրը կլինի լուծել ոչ այնքան սոցիալական ծրագրերով, որքան Հայաստանը հզոր արդյունաբերական երկիր դարձնելու արդյունավետ քաղաքականությամբ: Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ մեր երկրում դեմոգրաֆիական խնդիրը լուծվել է այն ժամանակ, երբ խորհրդային ժամանակաշրջանում զարգացում է ապրել արդյունաբերությունը:

«Այն, ինչ մեկ անգամ կարողացել ենք անել, կկարողանանք անել նաեւ երկրորդ անգամ, սակայն այս անգամ դաս քաղելով նախորդ սխալներից»,- նշել է Նիկոլ Փաշինյանը` կոչ անելով, որպեսզի յուրաքանչյուրը սկսկի որոշումներն իր ներսում կայացնելով եւ ձեւավորելով դրանք իրականացնելու անկոտրում եւ անբեկանելի կամք:

 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.