Հայաստանը փակեց Իրանի թեման. Միրզոյանին չհաջողվեց բեկում մտցնել

Արարատ  Միրզոյանի գլխավորությամբ ՀՀ ԱԺ պատվիրակության այցն՝ ԱՄՆ շարունակում է մնալ հանրային ուշադրության կենտրոնում:

Այս օրերին, սակայն, պարզ դարձավ մեկ բան՝ Թրամփի վարչակազմը Հայաստանի նկատմամբ բավարար հետարքրություն չի դրսևորում:

Սրա օգտին է խոսում, թերևս, հուլիսի 18-ին Վաշինգտոնում կայացած Արարատ Միրզոյանի հանդիպումն ԱՄՆ կոնգրեսականների հետ:

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը, մեկնաբանելով հանդիպումը, ֆեյսբուքյան իր էջում բավական ուշագրավ գրառմամբ է հանդես եկել՝ տեղեկացնելով.  «ԱԺ նախագահը Ներկայցուցիչների պալատում բացառապես դեմոկրատ կոնգրեսականներին է հանդիպել: Չեն եկել 199 հանրապետականներից, (որոնցից 18-ը հայկական հանձնախմբի անդամներ են) և ոչ մեկը»:

Միաժամանակ փորձագետն ուրախալի է համարել այն, որ Միրզոյանը գոնե կարողացել է հանդիպել Սենատի հանրապետականների առաջնորդ ՄկՔոննելին:

Հեղափոխությունից ի վեր տարբեր ֆորմատներով մի շարք այցեր են տեղի ունեցել Հայասանից՝ ԱՄՆ: Ու չնայած ամեն անգամ այդ այցերից Հայաստանում եղած ակնկալիքները  բավական մեծ են եղել, սակայն ամեն անգամ հայաստանյան պաշտոնյաները ստիպված են եղել բախվել անտարբերության պատին: Փաստ է, որ Հայաստանը Թրամփին պետք չէ, և սա անկախ այն բանից, թե ժողովրդավարությունը մեր երկրում ինչ մակարդակի է, իշխանություններն ինչպես են վերաբերվում Հայաստան-Արևմուտք հարաբերություններին և այլն:

Հարց է մնում այն, թե այդ ինչն է, որ Ամերիկային Հայաստանից վանում է այն դեպքում, երբ թվում էր՝ հեղափոխությունից հետո պետք է որ հակառակ տրամաբանությունն իշխեր: Կա՞ ինչ-որ բան, որ ԱՄՆ-ն Հայաստանից ցանկանում է  ստանալ, սակայն չի ստանում:

Խնդրի վրա կարող է լույս սփռել «Ատլանտյան խորհուրդ» հաստատությունում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ունեցած ելույթը. ակնհայտ շահագրգռվածություն հայտնելով ԱՄն-ի հետ հարաբերությունների խորացման հարցում՝ Միրզոյանը միաժամանակ շեշտել էր, որ Հայաստանը չի պատրաստվում մի երկրի հետ հարաբերությունների զարգացման ուղին հարթել մեկ այլ եկրի հետ հարաբերությունները փչացնելու գնով՝ ակնարկելով Իրանին:

«Մենք կցանկանանք, որ ԱՄՆ ճնշում չգործադրի Հայաստանի վրա՝ իրանական պատժամիջոցների օրակարգում ներգրավվելու համար: Հայաստանը չի կարող նման գին վճարել»,-հայտարարել է Աժ խոսնակը:

Թրամփի վարչակազմի ու ԱՄՆ Հանրապետական կուսակցության   կողմից դրսևորված անտարբերության բուն պատճառը կարո՞ղ է հենց Իրանը լինել, ավելի կոնկրետ՝ Իրանի նկատմամբ Թրամփի կողմից վարվող ագրեսիվ քաղաքականության նկատմամբ Հայաստանի զգուշավոր վերաբերմունքը: Արդյոք հայ-ամերիկյան հարաբերոյթյունների դինամիկ զարգացման գինը Իրանի նկատմամբ Հայաստանի դիքրորոշման վերանայո՞ւմն է, թե՞ միայն Իրանը չէ, որ կասեցնում  է Երևան-Վաշինգտոն հարաբերություների աշխուժացումը, և խնդիրն ավելի լայն աշխարհաքաղաքական կոնտեքստում է գտնվում, իսկ Իրանը ընդամենը մի փոքր դրվագ է այդ ամենում:

Ամեն դեպքում պետք է ուրախալի համարել գոնե այն, որ Միրզոյանին հաջողվել է հանդիպումներ ունենալ դեմոկրատների հետ ու ստանալ որոշակի դրական ազդակներ, ինչը նշանակում է, որ ամեն բան դեռևս կորսված չէ, և հայ-ամերիկյան հարաբերություններին գոնե ապագայում շատ ավելի լուսավոր հեռանկար  է սպասվում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.