Նախ՝ Ռուսաստանը. Զարեհ Սինանյանի մոսկովյան ուղենիշները

Հուլիսի 18-ին մեկնարկել է ՀՀ վարչապետի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի այցը՝ Ռուսաստանի Դաշնություն, որն, ի դեպ, Սինանյանի առաջին արտերկրյա  այցն է:

Այսպիսով՝  կարելի է  արձանագրել, որ Սինանյանն այլևս անցնում է  աշխատանքային «ֆուլ» ռեժիմի, որից թե՛ հանրության ու թե՛ երկրի ղեկավարության  ունեցած սպասելիքներն ուղղակի հսկայական են:

Իհարկե, որպես առաջին օտարերկրյա այցի առաջնային թիրախ Ռուսաստանի ընտրությունը պատահական չէ. բացի այն, որ այդ երկրի ազդեցությունը Հայաստանի վրա անսահման մեծ է,  ներկայումս նույն Սինանյանի առաջ խնդիր կա նաև՝ ցրելու այն հնարավոր վախերն ու կասկածները, որ առաջ են եկել Մոսկվայում՝ կապված ԱՄՆ քաղաքացի հանդիասացող անձի  այս պաշտոնում նշանակման հետ: Վախերն, իհարկե, պայմանավորված չեն լոկ Սինանյանի անձով, այլ բխում են, առհասարակ, հայկական հեղափոխության նկատմամբ ռուսական որոշ շրջանակների ունեցած թերահավատությունից, և այս իմաստով Սինանյանի առաքելությունն է լինելու նաև ստիպելու ռուսական կողմին՝ նորովի արժևորելու հայաստանյան իրադարձությունները:

ՌԴ կատարած այցի առաջին իսկ օրը Զարեհ Սինանյանը հանդիպում է ունեցել «Կիլիկիա» հայկական բիզնես ակումբի ներկայացուցիչների հետ: Հանդիպումը, որը կայացել է ՀՀ դեսպանատանը, կարևոր պետք է համարել հատկապես ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցության տեսանկյունից, իսկ ավելի ճիշտ՝ դրանում հայ համայնքի ունեցած դերակատարման վերաարժևորման տեսանկյունից:

Հայկական այս բիզնես ակումբը, որը ստեղծվել է 2014 թվականին, այժմ հանդիսանում է բիզնեսի սեփականատերերի, խոշոր ընկերությունների և անհատ մասնագետների միջև փոխգործակցության բազմակողմանի հարթակ: Այն միջազգային ձևաչափով միակ բիզնես հարթակն է, որն ունի ներկայացուցիչներ թե՛ Ռուսաստանից և թե՛ Հայաստանից։ Դրանում իրենց մասնակցությունն են բերում  աշխարհի տարբեր երկրների գործարարներ և մասնագետներ: 

Վերոհիշյալ հանդիպումը հատկապես պետք է կարևորել Հայաստանում տնտեսական հեղափոխություն իրականացնելու վերաբերյալ ՀՀ իշխանությունների ծրագերի համատեքստում: Կարելի է ենթադրել, որ Սինանյանի առաջնային առաքելություններից մեկն էլ, որ նա փորձելու է ի կատար ածել Հյուսիսում, Հայաստանի տնտեսության մեջ ռուսահայ կապիտալի մասնակցության ընդլայնման խնդիրն է լինելու: Այս տեսանկյունից հատկապես պետք է կարևորել Հայաստանում մանր ու միջին բիզնեսի զարգացման մեջ ռուսահայ համապատասխան բիզնես շրջանակների ունենալիք դերի բարձրացումը: Գաղտբիք չէ, որ իշխանություններն իրենց առաջնային գերնպատակներից մեկն են հռչակել հատապես մանր ու միջին գործարարության առաջխաղացումը Հայաստանում, և այստեղ ռուսահայ համայնքն իսապես կարող է վճռորոշ դեր ունենալ՝ ինչ-որ իմաստով ծառայելով նաև որպես ներշնչանքի աղբյուր տեղացիների համար: Մի քանի դրական օրինակ, և հնարավոր կլինի իսկապես «սայլը տեղից շարժել», մարդկանց իքնավստահություն ներչշնչել ու ապացուցել, որ նոր Հայաստանում  արհեստական սահմաններն ու կապանքներն այլևս քանդված են, և ժամանակն է գործելու:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.