Հրայր Թովմասյանի վերջին հույսը. նա «կրակն է ընկել»

«Արմնյուզին» տված հարցազրույցում  փորձելով հիմնավորել ՍԴ որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանի գործը խորհրդատվական նկատառումներով Վենետիկի հանձնաժողով և ՄԻԵԴ ուղարկելու վերաբերյալ՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, մասնավորաբար, ասել է. «…Հաշվի առնելով նաև հանրային հետաքրքրությունը, նաև որ գործ ունենք երկրի նախկին նախագահի հետ, եթե այլ դեպքերում Սահմանադրական դատարանի, այսպես ասեմ, սխալվելու 0.0001 տոկոսը կարող էր թույլատրելի համարվել, ապա այս դեպքում՝ ոչ: Այս դեպքում, դա անթույլատրելի է: Սրանով է պայմանավորված, որ այն ռեսուրսը, ներուժը, որը կա Եվրոպական դատարանում, Վենետիկի հանձնաժողովում, այս հարցի շուրջ այդ ներուժի չօգտագործումը, կարծում եմ, շռայլություն կլիներ Սահմանադրական դատարանի համար: Սա չի նշանակում, որ ՍԴ-ն չունի այս գործն ամբողջությամբ քննելու, պարզելու ռեսուրսը, բայց հավաքված ռեսուրսը միջազգային կառույցներում, որին մենք անդամակցում ենք, պետք է այս գործով օգտագործել»:

Թովմասյանը միաժամանակ ընդգծել է այն հանգամանքը, որ համապատասխան միջազգային կառույցների որոշումները որևիցե պարագայում չեն կարող ունենալ իմպերատիվ բնույթ:

ՍԴ վերոհիշյալ որոշումն իսկապես շատերի համար անակնկալ է դարձել ու տվել մի շարք ենթադրությունների տեղիք: Ի՞նչ է անում Թովմասյանը, սա փրփուրներից կառչելու փո՞րձ է, սեփական գլուխն ինչ-որ կերպ ազատելու հնարք՝ այլոց պատասխանատվության բեռի տակ գցելու գնով, թե՞ գործն է՛լ ավելի խճճելու լավ մտածված քայլ:

Ընդհանրապես հարցազրույցն ինքնին բավական հակասական տպավորություն է ստեղծում. մի կողմից՝ նկատվում է հստակ փորձ վերապրելու հեղափոխությունն ու մերվելու նոր շրջապատի հետ, մյուս կողմից՝ Թովմասյանը հստակ սպառնալիքներ է հնչեցնում իշխանությունների հասցեին՝ համոզմունք հայտնելով, որ չեն մարսի:

Նկատենք, որ այս ամենի արդյունքում, փաստորեն, էապես մեծանում է արևմտյան ինստիտուտների դերը:

Ի դեպ՝ «Ազատությանը» տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը, խոսելով Վենետիկի հանձնաժողովի մասին, ասել էր. «Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական մի որոշում է եղել, որը հրապարակվել է իրենց կայքում, որոնք ասել են, որ Հայաստանի կառավարության հետ համագործակցությունը համարում են արդյունավետ, և պայմանավորվել ենք, որ էս կառուցակարգերի, օրենսդրական փոփոխությունների շուրջ պիտի խոսենք, և ես կարող եմ ասել, որ, համենայն դեպս, քաղաքական մակարդակի շփումներում և՛ Եվրախորհուրդը, և՛ Եվրամիությունը լիարժեք աջակցություն է հայտնել Հայաստանի Կառավարությանը դատաիրավական բարեփոխումների հարցում»:

Երբ Թովմասյանը որոշում էր ընդունում  նույն Քոչարյանի գործը, որն իսկական լակմուսի թուղթ է դարձել, հանձնել եվրոպական կառույցների դատին, հաշվի չէ՞ր առել ինչ-ինչ հանգամանքեր, թե՞ նրան ոգևորել էր դատաիրավական համակարգում ընթացող պրոցեսների վերաբերյալ նույն Վենետիկի հանձնաժողովի հայտնած տեսակետները. Թովմասյանն երևի հույս ունի, որ ՄԻԵԴ-ն ու Վենետիկի հանձնաժողովը «հաթաթա» են տալու իշխանություններին՝ դրանով իսկ իրեն հիմք տալով ավելի անբռնազբոս գտնվել սեփական քայլերում:

Տեսնենք՝ արդյոք կարդարանա՞ն Թովմասյանի սպասելիքները…

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.