Հին համակարգի ապստամբությունը. մասշտաբային սադրանք

«Այս պահի դրությամբ Տավուշի մարզում 200 հոգի կարող է աշխատանքի անցնել օրական 8000-15,000 դրամ վարձատրությամբ: Նախօրեին Իջևանում ապօրինի անտառհատումների պահանջով բողոքի ակցիայի մասնակիցներին առաջարկվել է անցնել աշխատանքի: Այս շրջանում ինտենստիվ կերպով իրականցվում է ճանապարհաշինարարություն, աշխատուժի խնդիր կա: Մասնավորապես՝ «Արարատ ճանշինի» հետ եղել է պայմանավորվածություն 200 հոգու մարզից աշխատանքի ընդունել, առաջարկը հնչել է մարզպետի կողմից, բայց չեն արձագանքել, ասել են՝ մի պահանջ ունեն, բայց պահանջը չի կատարվելու»,- Կառավարության հուլիսի 18-ի նիստում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: 

Հուլիսի 17-ին Իջևանում ճանապարհ փակած քաղաքացիների ու ոստիկանների միջև տեղի ունեցած բախումները, որոնց հետևանքով ոստիկանության ծառայողներ ու քաղաքացիներ են վիրավորվել, ցնցել է Հայաստանը: Իր հերթին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ապօրինի ծառահատաման դեմ կոշտ մեթոդներով պայքարելու վճռակամության մասին: «Ապօրինի ծառահատումները կասեցնելու ենք ամենայն վճռականությամբ: Երեկվա դեպքերի մեղավորները, ինչպես նաեւ ապօրինի ծառահատումների կազմակերպիչները պիտի պատժվեն ամենայն խստությամբ»,-գրել էր վարչապետն իր ֆեյսբուքյան էջում:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն էլ հուլիսի 18-ին մարզպետարանում  ցուցարարների հետ հանդիպմանը հայտարարել է. «Նրանք, որոնց խնդիրն անօրինականությամբ զբաղվելն է, անօրինական ծառահատում, վաճառք կազմակերպելն է, Հայաստանում անօրինականությունը խթանելն է, կոռուպցիան զարգացնելն է, դուրս եկեք, դուք հիմա 20 հոգով այստեղ կանգնած եք, գիտեմ ինչու եք կանգնած, շրջեք Իջևանի փողոցներում և մարդկանց հարցրեք իրենց կարծիքն այս ամենի մասին: Նրանք կասեն՝ պատժեք այդ մարդկանց, որովհետև իրավունք չունեն մեզ պատկանող անտառը վերացնել»:

Տեղի ունեցածը հետհեղափոխական Հայաստանում, ըստ էության, աննախադեպ է. թերևս, առաջին անգամ լուրջ բախում է եղել ոստիկանության ու ցուցարարների միջև, ինչը հատկապես ընդդիմադիր մամուլում այժմ փորձ է արվում մատուցել որպես Նիկոլ Փաշինյանի «բռնապետության» ցայտուն դրսևորում:

Իրականում, սակայն, ավելի քան ակնբախ է, թե ինչ է կատարվել կամ կատարվում: Պարզից էլ պարզ է, որ գործ ունենք շատ կոնկրետ ուղղությամբ խորացած ու հին համակարգից մեզ բաժին հասած թալանի մաֆիայի կողմից հրահրվող  խժդժությունների հետ: Նոր Հայաստանի ղեկավարությունը, պայքար մղելով բազմադեմ թալանի դեմ, այժմ ստիպված է բախվել դրա հետևում կանգնած ուժերի դիմադրությանը: Ընդ որում՝ թալանի համակարգի տակտիկան է այստեղ ամենից հետաքրքիրը. փորձում են քողարկվել «հասարակ ժողովրդի» շղարշով՝ ստեղծելով տպավորոթյուն, թե իբր պետության դեմ ապստամբածների միակ նպատակը հացի փող աշխատելն է, քանի որ այլ ելք, ապրուստի այլ միջոց, քան բնության հերն անիծելն է, այս մարդիկ չունեն: Մինչդեռ նույն Պապիկյանի խոսքերից պարզ է դառնում, որ նման խնդիր, առհասարակ, գոյություն չունի, և պայքարն այստեղ ոչ թե սոցիալական բովանդակության է, այլ մեկ այլ: Պետությունը պատրաստակամություն է հայտնում լուծել կոնկրետ շերտի սոցիալական խնդիրները՝ տեղավորելով մարդկանց բարձր վարձատրությամբ աշխատանքի, սակայն ստանում է մերժում:

Այսինքն՝ ի դեմս ցուցարարների, ճանապարհ փակողների գործ ունենք որոշակի նեղ շրջանակի շահերը սպասարկող մի խումբ մարդկանց հետ, ովքեր, կատարելով հստակ պատվեր, օգտագործվում են ընդդեմ իշխանությունների, ընդդեմ նրանց՝ երկիրը երկիր դարձնելու հաստատ որոշման:

Սա նշանակում է, որ պետությունն, իր հերթին, ձեռք է բերում բոլոր իրավունքները՝ նյութականացնելու իր՝ ուժի կիրառման մոնոպոլիան և գնալու մինչև վերջ:

Ոչ միշտ է, որ «թավշյա ձեռնոցներով» պայքար մղելը կարող է տալ սպասված արդյունք այն էլ մի դեպքում, երբ հակառակորդդ գիշատիչ է…

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.