Մոսկվայի ուժեղ աջակցությունը՝ Նիկոլ Փաշինյանին. Լավրովը ցրեց միֆը

«Արգումենտի ի ֆակտի» պարբերականին տված հարցազրույցում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդես է եկել բավական ուշագրավ հայտարարություններով՝ վերաբերող Հայաստանին:

Պատասխանելով հարցին՝ կարծո՞ւմ է, արդյոք, նա, որ Ռուսաստանը աշխարհաքաղաքական տեսանկյունից պարտվում է Ուկրաինայում, Հայաստանում և Վրաստանում՝ թույլ  տալով իր շուրջ նախկին «եղբայրական ժողովուրդներից» «Ռուսաստանի թշնամիների» գոտու ստեղծում՝ Լավրովն ասել է՝ ԽՍՀՄ փլուզումից հետո Արևմուտքը սկսեց ակտիվորեն միջամտել նախկին խորհրդային հանրապետությունների ներքին գործերին, այդ թվում Ուկրաինայի և Վրաստանի:

«Հայաստանի դեպքում իրավիճակն այլ է: Այս երկիրը Անդրկովկասում Ռուսաստանի առանցքային  գործընկերն է: Նրա հետ ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ են հաստատված: Ինտենսիվ բնույթ է կրում քաղաքական երկխոսությունը, խոհրդարանների միջև, միջազգային ասպարեզում համագործակցությունը: Ռուսաստանը Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերն է: Դինամիկ զարգանում են կրթական, մշակութային, ներդրումային, ռազմատեխնիկական կապերը: Ուկրաինայում, Վրաստանում և Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները, անշո՛ւշտ, միևնույն չեն մեզ համար, քանի որ խոսքը եղբայրական ժողովուրդների մասին է, որոնց հետ մեզ կապում են փոխհարաբերությունների երկարատև պատմությունը, այդ թվում` մեկ պետության մեջ բնակվելը»,-մասնավորապես՝ հայտարարել է Սերգեյ Լավրովը:

Խոսելով Ռուսաստանի համար ցավոտ թեմայից՝ Արևմուտքի՝ հետխորհրդային տարածքի երկրներում ունեցած առաջխաղացման մասին և, ըստ էության, հարցազրույցում խոստովանելով, որ  այդ թափանցումը խիստ հակառուսական ենթատեքստ է կրում հատկապես Ուկրաինայում ու Վրաստանում՝ Լավրովը բացահայտորեն հատուկ վերաբերմունքի է արժանացրել Հայաստանին՝ բացառելով վերջինիս «հակառուսիֆիկացիան» մի դեպքում, երբ Ռուսաստանում կամ հայաստանյան «ռուսամետ» շրջանակներում հեղափոխությունից ի վեր ակտիվորեն շրջանառության մեջ է դրված հայկական հեղափոխության «գունավոր» լինելու թեզը: Հատկապես քոչարյանամետ հատվածը չի դադարում օրնիբուն աղաղակել, թե իբր Հայաստանում իսկական դավադրություն է  հյուսվում Ռուսաստանի դեմ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ, որի նպատակը հայ-ռուսական հարաբերություններին մահացու հարված հասցնելն է՝ ընդհուպ Հայաստանից ռուսական բազայի դուրսբերումը:

Լավրովն ակնհայտ բարեկամական ժեստ է անում՝ ուղղված նույն Նիկոլ Փաշինյանին՝ նրա իշխանությունը փաստացի հռչակելով շատ իմաստներով ռուսասիրական, ինչը կարելի է՝ Փաշինյանին  կարևոր աջակցություն որակել հատկապես ներքաղաքական կոնտեքստում, ուր «ռուսամետ» ընդդիմությունն՝ իր երկու հիմնական ճյուղերով (խոսքն արտախորհրդարանական ուժերի մասին է), Նիկոլ Փաշինանի դեմ մղվող պատերազմում ակտիվորեն կիրառում է  որևիցե իրական հիմնավորում չունեցող, մանիպուլյատիվ թեզեր այն մասին, թե իբր Հայաստանը հետզհետե վերածվում է երկրորդ Ուկրաինայի, իսկ Փաշինանն էլ հայաստանյան Սաակաշվիլին է:

Ըստ այդմ՝ հետաքրքիր է, թե ինչպես են մեկնաբանելու իրենք իրենց որպես Փաշինյանին արմատական ընդդիմություն հայտարարածները Լավրովի վերոհիշյալ գնահատականներին, արդյոք նախանձով չե՞ն լցվելու, թե՞ փորձելու են կրկին դավադրությունների տեսության տրամաբանությանը հավատարիմ՝ բաներ բստրել ու դրա վրա քաղաքական կարյերա անել:

Լա՛վ, չե՞ն հոգնել…

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.