Վենետիկյան ինտրիգներ. ի՞նչ կասի Փաշինյանը

Դատելով թե՛ Արդարադատության նախարարությունից հնչած մեկնաբանությոնից, թե՛ վարչապետի մամլո խոսնակի կողմից բարձրացված հարցադրման բովանդակությունից ու թե՛ «Իմ քայլի» որոշ պատգամավորների կողմից հնչող գնահատականներից՝ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը՝ Հայաստանում դատական ռեֆորմի և ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հայաստանյան իշխանությունների կողմից արժանացել է, ըստ էության, բացասական վերաբերմունքի:

Ճիշտ է՝ այս հարցում վճռորոշ խոսքը լինելու է Փաշինյանինն, ով դեռ պետք է իր խոսքն ասի, սակայն ակնհայտ է, որ մինչ այս հնչած հայտարարությունները հուշում են, որ յուրատեսակ առճակատում կարող է տեղի ունենալ Վենետիկի հանձնաժողովի ու իշխանությունների միջև, եթե, իհարկե, վերջիններս բավարար հաստատակամություն դրսևորեն՝ գնալու մինչև վերջ ու ամեն գնով:

Նկատենք, որ ստեղծված իրավիճակը հետաքրքիր է հատկապես  աշխարհաքաղաքականության համատեքստում՝ հաշվի առնելով  այն, թե ինչ է իրենից ներկայացնում Վենետիկի հանձնաժողովն իրականում: Այն, ըստ էության, աշխարհը կոնտրոլի տակ պահելու արևմտյան կարևոր գործիքակազմերից մեկն է, որի օգնությամբ Արևմուտքը սեփական ստանդարտներն է թելադրում իրեն ինտեգրվել ցանկացող երկրներին. այն գլոբալիզացիա իրականացնողների կարևոր գործիքակազմերից է:

Եվ ահա հանկարծ կարող է պարզվել, որ Փաշինյանի իշխանությունը, թիմը, որ առիթը բաց չի թողնում Արևմուտքին համոզելու, որ տեղի ունեցած հեղափոխությամբ Հայաստանը մի քանի քայլով է՛լ ավելի է մոտեցել Արևմուտքին, համարյա դարձել դրա անքակտելի մասը, ավելորդ ինքնագլխություն է դրսևորում կոնկրետ խնդրում ու հակադրվում այն նույն աշխարհաքաղաքական բևեռին, որից ակնկալիքներն ավելի քան մեծ են: Եվ ի՞նչ պետք է մտածեն եվրոպացիներն, եթե ականատես դառնան մի բանի, որն ասենք հայաստանյան նախկին իշխանությունները հազիվ թե կարող էին իրենց թույլ տալ: Ի՞նչ արձագանք կստանա հայաստանյան իշխանությունների կոշտ կեցվածքն Եվրոպայում՝ հաշվի առնելով ասենք օրերս Բադասյան-Կոպիրկին հանդիպման նյուանսները, որի վերաբերյալ տարածված պաշտոնական հաղորագրության մեջ նշվել էր՝ դեսպանը նշել է, թե հարգանքով են վերաբերվում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և պատրաստ են ակտիվ գործակցությամբ զարգացնել տարբեր ուղղություններով հարաբերությունները:

Այսինքն՝  Մոսկվան, իր անսպասելի հանդարտությամբ, մի տեսակ անհարմար իրավիճակի մեջ է դնում նույն Վենետիկի հանձաժողովին ու «ձեռնոց նետում» Արևմուտքին այն դեպքում, երբ Փաշինյանի իշխանությունը գլխավորապես դիտարկվում է արևմտամետ, ինչը, թերևս, ճիշտ հակառակ տրամաբանությունն էր ենթադրում. բողոքողները պետք է լինեին ոչ թե եվրոպացիներն, այլ ռուսները:

Բոլոր դեպքերում միանշանակ է, որ Հայաստանի ինքնիշխանության ու նշանակության բարձրացման  շնորհիվ այսօր հայաստանյան իշխանությունները կարող են իրենց թույլ տալ բաներ, որոնք նախկինում՝ նախորդ իշխանությունների օրոք, ֆանտաստիկայի ժանրից էին թվում: Ճիշտ է՝ միգուցե իշխանությունները ճակատային բախման չգնան Վենետիկի հանձնաժողովի հետ՝ դրա կողմից կայացված եզրակացությունը մեկնաբանելով յուրովի, ինչի նախանշաններն արդեն իսկ տեսանելի են, սակայն գրեթե կասկած չկա, որ դատաիրավական համակարգում սկիզբ առած պրոցեսները չեն կարող կասեցվել, իշխանությունները չեն կարող ճանապարհի կեսից հետ դառնալ:

Հայաստանն ունի բավարար սուվերենություն՝ իր ներքին խնդիրները լուծելու այնպես, ինչպես ճիշտ է գտնում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.