Աննախադեմ աջակցություն՝ Հրայր Թովմասյանին. Քոչարյանը կհայտնվի՞ ազատության մեջ

Հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրությունը, որում տեղ են գտել որոշակի նկատառումներ՝ Հայաստանում ընթացող դատաիրավական գործընթացների վերաբերյալ:

Փաստաթղթում նշվում է, որ ՀՀ իշխանության հրավերով  Հայաստան  ժամանած ԵԽ բարձրաստիճան պատվիրակությունը այցի ընթացքում քննարկել է դատաիրավական բարեփոխումները և համաձայնության եկել, որ «բոլոր պաշտոնավարող դատավորների ընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ, ո՛չ էլ օգտակար կլինի»:

Փոխարենը` ՀՀ իշխանություններին առաջարկվել է «ամրապնդել կարգապահական ընթացակարգերը և կապ ստեղծել եկամուտների հայտարարագրման համակարգի հետ»։

Այսպիսով՝ Վենետիկի հանձնաժողովն առաջարկել է վեթինգի փոխարեն ներդնել եկամուտների վերահսկման վստահելի համակարգ։

Իսկ ահա ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին անդրադառնալիս հանձնաժողովն իր զեկույցում, մասնավորապես, ֆիքսել է. «Վերանայված սահմանադրության 213 հոդվածը, այդուհանդերձ, հստակ ու աներկբա սահմանում է, որ մինչև սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահն ու անդամները պետք է շարունակեն պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների ժամկետի ավարտը»:

Միաժամանակ  Վահե Գրիգորյանի՝ մեծ աղմուկ հանած հայտնի հայտարարությունը արձանագրությունում որակվում է՝ «գործող դատավորների մանդատների նկատմամբ միջամտության վտանգ»։

Փաստաթուղթը, որի վերաբերյալ Հայաստանից դեռևս պաշտոնական արձագանք չի ստացվել, փաստորեն, ուժեղ հարված է հասցնում ՀՀ իշխանությունների նախաձեռնությանը՝ դատաիրավական համակարգը բարեփոխելու, հեղափոխելու  այնպիսի գործիքակազմի տոտալ ներդմամբ, ինչպիսին վեթինգն է: Այս իմաստով, պետք է խոստովանել, բավական հակասական պատկեր է առաջանում՝ կապված Արևմուտքից մինչ այս Հայաստան հղված արձագանքների հետ, որոնք իրականում ոգևորիչ էին, և մեկ անգամ չէ, որ զարգացած աշխարհն իր համակրանքն էր հայտնել Փաշինյանի նախաձեռնության վերաբերյալ: Այնինչ Վենետիկի հանձնաժողովը, որն իր ոլորտում բացարձակ հեղինակություն է, փաստացի դեղին քարտ է ցույց տալիս Հայաստանի նոր իշխանություններին՝ դատաիրավական համակարգում կտրուկ գործողությունների անհրաժեշտություն չտեսնելով, գերադասելով էվոլյուցիոն ուղին հեղափոխականից:

Ի դեպ՝ վեթինգի հետ կապված միայն Վենետիկի հանձնաժողովի արձանագրումը չէ, որ հարցեր է առաջ բերում: Նույն ԲԴԽ անդամների վերջին ընտրությունը ոչ միանշանակ է ընդունվել հանրության կողմից, և շատերն այն կարծիքին են, որ վեթինգ իրականացնելու գործառույթով օժտված այս մարմնի ներսում ծավալված վերջին իրադարձությունները չեն կարող նպաստել այդ գործիքակազմի լիարժեք ներդրմանը Հայաստանում, և մեծ է հավանականությունը, որ այդ գաղափարից, ի վերջո, նույն իշխանությունները ստիպված են լինելու հրաժարվել՝ առհասարակ:

Մյուս կողմից՝ ուշագրավ է ստացվել հատկապես Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ  հանձնաժողովի անդրադարձը. այն, ըստ էության, ուղղակի հարված է՝ Վահե Գրիգորյանին ու անուղղակի աջակցություն՝ Հրայր Թովմասյանին, ինչն է՛լ ավելի է բարդացնելու վերջինիս «գահընկեց» անելուն միտված իշխանությունների փորձերը, քանի որ Թովմասյանն այս ամենի արդյունքում ձեռք  է բերում լուրջ իմունտիտետ:

Այս ամենը, սակայն, հետաքրքրաշարժ  է մեկ այլ տեսանկյունից նույնպես՝ Քոչարյանի շուրջ ստեղծված իրավիճակի:

Հարցը հետևյալն է՝ եթե Հրայր Թովմասյանը մնում է, նշանակո՞ւմ է դա, արդյոք, որ Քոչարյանի շանսերը մեծանում են՝ հայտնվելու ազատության մեջ: Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի պաշտոնում  մնալը Քոչարյանի ճակատագրի վրա, Թոմասյանը, հաշվի առնելով հայտնի իրողությունները, կհանդգնի՞ գնալ հասարակության ու իշխանությունների դեմ՝ սեփական իշխանությունը ծառայեցնելով շատ կոնկրետ նպատակի, թե՞ անձեռնմխելիություն ու դիմադրողականություն ստանալու դիմաց կհամաձայնի խաղալ իշխանությունների խաղի կանոններով՝ չբարդացնելով ո՛չ իր, ո՛չ էլ ուրիշների կյանքը:

 

Մեկնաբանություններ
Լրահոս