Կոռուպցիա՝ ոչ կլասիկ ձևով. «լուսավորյալների» մութ կողմը

Հասկանալով, որ հայաստանյան քաղաքական արևի տակ սեփական տեղը կորցնելու վտանգի առաջ են հայտնվել՝ Երևան քաղաքի ավագանու «Լույս» խմբակցության  որոշ անդամներ, ցայտնոտի մեջ ընկած, փորձում են անհեռանկարային այդ իրավիճակից դուրս գալու ուղիներ փնտրել: Ընդ որում՝ չեղած ուղիների այդ փնտրտուքում մայրաքաղաքի ավագանիում «Լուսավոր Հայաստանին» ներկայացնողները սկսել են այլևս գործողությունների մեջ որևիցե խտրականություն չդնել, ու փոխարենը զբաղվելու իրենց բուն գործով՝ ասենք քաղաքը շոուլի բերելով, սանիտարահիգիենիկ իրավիճակը շտկելուն ուղղված ակտիվ գործողություններ իրակնացնելով և այլն, որոշներ, իրենց ամենագետ իրավաբանների տեղ դրած, սկսել են խելք սովորեցնել իրավապահ մարմիններին:

Աղբյուր Սերոբ 11/2 հասցեում գտնվող տներից մեկի շուրջ կատարվողի հետ կապված Երևանի ավագանու «Լույս» խմբակցության «կարկառուն» անդամներից Թեհմինա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում  հրապարակել էր գրառում, ուր ոստիկանության աշխատակիցների գործողությունները շտապել էր որակել որպես «ապօրինի կործողություն» ու «լիազորությունների սահմանազանցում»:

Վարդանյանի տարածած՝ ոստիկանների գործողությունների վերաբերյալ ոչ պրոֆեսիոնալ, առաջին հերթին՝ իրավական հարթությունում և գործի փաստական հանգամանքների հետ աղերս չունեցող ապատեղեկատվությանն ի պատասխան ոստիկանությունը շտապել է հանդես գալ հերքմամբ՝ լիարժեքորեն հիմնավորելով ոստիկանների համապատասխան գործողություններն ու միաժամանակ հորդորելով «զերծ մնալ ոստիկանության գործողություններին իրավական դաշտում անհիմն և հուզական գնահատականներ տալուց և վերջնական եզրահանգումներ կատարել միայն ոլորտի օրենսդրությունը մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո»:

Նշենք նաև, որ այն քաղաքացուն, ում նկատմամբ օրենքի ուժով ոստիկանները փորձել են  բնակարանից վտարմանն ուղղված գործողություն իրականացնել, հանդիսանում է Վարդանյանի հարազատը:

Ի դեպ՝ ոստիկանության նկատմամբ կեղծ մեղադրանքներ առաջ քաշելու, բոլոր հնարավոր մահացու մեղքերի մեջ մեղադրելու Թեհմինա Վարդանյանի այս փորձերը բնավ եզակի չեն. միառժամանակ առաջ նույն «Լույս» խմբակցության մեկ այլ անդամ՝ Դավիթ Խաժակյանը, ևս փորձել էր  վարկաբեկել ոստիկանության բարի համբավը՝ սեփական հարազատի նկատմամբ ոստիկանության աշխատակիցների իրավաչափ գործողությունները հասարակությանը մատուցելով որպես անիրավաչափ բռնի գործողություններ:

Հիշեցնենք, որ խոսքը, մասնավորապես, մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցած դեպքի մասին է, երբ գիշերվա ուշ ժամին ոստիկանները, տեսնելով մի քաղաքացու քաղաքում գտնվող օբյեկտներից մեկի դուռը կողպելիս, նրան բերման էին ենթարկել, քանի որ նրանց ճշտող հարցին՝ ո՞վ ես, ի՞նչ ես անում այստեղ, Խաժակյանի հարազատը  ոչ ադեկվատ պատասխան էր տվել՝ հրահրելով ոստիկաններին, ինչից հետո էլ վերջիններս ստիպված էին եղել նրան տեղափոխել բաժին:

Ընդ որում՝ տեղի ունեցած այս միջադեպին Խաժակյանը շտապել էր տալ քաղաքական աստառ՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերով  հայտարարելով, թե իբր հայտնաբերել է «սևազգեստների». պնդել էր, թե իբր հարբած ոստիկանները հարձակում են գործել իր հարազատի վրա:

Այս ամենից կարելի է ընդամենը մեկ հետևություն անել և, բնականաբար, ոչ ի նպաստ «լուսավորյալների»: Սրանց առաքելությունը, փաստորեն, կայանում է երկու բանում. նախ՝ ամեն գնով փորձել ինչ-որ կերպ բարձրացնել սեփական քաղաքական թիմի ժողովրդական հեղինակությունը, որն, ըստ վերջին ուսումնասիրությունների, մոտենում է զրոյական մակարդակի՝ այդ նպատակին հասնելու համար միջոցների մեջ խտրականություն չդնելով, ապա՝ անել դա հնարավորինս այնպես, որ մի կողմից՝ իբր վարկաբեկվեն իշխանությունները, մյուս կողմից՝ այդ վարկաբեկման գործընթացը ծառայեցվի իրենց հարազատների, ծանոթների շահերին: Այսինքն՝ գործ ունենք յուրատեսակ կոռուպցիոն դրսևորման հետ՝ քողարկված հասարակական գործունեության շղարշով՝ երևույթ, որը չի կարող հեռուն գնացող հետևությունների տեղիք չտալ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.