Արարատ Միրզոյանն՝ ԱՄՆ ճանապարհին. ի՞նչ է հասկացնում Վաշինգտոնը

Կիրակի՝ հուլսի 14-ին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մեկնելու է ԱՄՆ: Այցի ընթացքում նախատեսված է հանդիպում Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հետ:

Նախատեսված է հանդիպում Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միչ ՄըքՔոնելի, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ:

Միրզոյանի առաջիկա այցն ուշագրավ իրադարձություն պետք է համարել հատկապես վերջին օրերին Ամերիկայից ստացվող հաճելի լուրերի համատեքստում. ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երկու նախաձեռնություն է արժանացրել հավանության` վերաբերող Արցախին: Մեկը  սահմանին հրադադարի պահպանման և հետաքննության մեխանիզմների տեղակայմանն է առնչվում, մյուսը՝ Ադրբեջանին քաղաքացիական օդանավերի հարվածելու կարողություն պարունակող սպառազինություն մատակարարելու արգելքին՝ կոչված ամրապնդելու Ստեփանակերտի օդանավակայանի անվտանգությունը:

Փորձագիտական գնահատականները՝ կապված այս երկու իրադարձությունների հետ, տարբեր են: Ըստ մի տեսակետի՝ ԱՄՆ կողմից նման հայանպաստ ժեստը հիմնականում կոչված է՝ Անդրկովկասում հայկական գործոնի շնորհիվ ԱՄՆ դիրքերի ամրապնդմանը, որի բուն թիրախը Ռուսաստանն է, որն, ինչպես հայտնի է, այս տասնամյակների ընթացքում չափազանց հմտացել է Անդրկովկասը նաև արցախյան հակամարտության միջոցով իր ազդեցության տակ պահելու գործում:

Մեկ այլ տեսակետի համաձայն՝ ԱՄՆ քայլերն իրականում ուղերձ են՝ Իրանին և վկայում են Թրամփի այն ներքին համզոման մասին, որ Իրանի դեմ պատերազմ հրահրելը կարող է իսկապես պայթեցնել ոչ միայն մերձավորարևելյան տարածաշրջանն, այլև շատ ավելի գլոբալ հետևանքներ ունենալ, և հաշվի առնելով այն, որ Իրանն առաջինն է շահագրգռված, որպեսզի Անդկովկասում պահպանվի ստատուս-քվոն, Վաշինգտոնը փորձում է ազդակ ուղարել Թեհրանին՝ փաստացի ամրապնդելով տարածաշրջանում առկա ստատուս-քվոն՝ նախևառաջ Արցախի անվտանգության մասին հոգ տանելով:

Կա տեսակետ նաև, որ հայանպաստ ազդակները Վաշինգտոնը հղում է հակառակ Թուրքիայի, որի մերձեցումը Ռուսաստանի հետ, չափազանց նյարդայնացնում է  Ամերիկային, ուր ուշադրությամբ հետևում են ռուս-թուրքական ռազմաքաղաքական սիրախաղին՝ փորձելով լծակներ գտնել Թուրքիայի նկատմամբ ճնշում գործադրելու համար: Իսկ հաշվի առնելով այն, որ արցախյան խնդիրը խորքային իմաստով ավելի շատ հայ-թուրքական հակամարտոթյուն է, քան ասենք հակամարտություն՝ զուտ Բաքվի ու Երևանի միջև՝ որոշ փորձագետներ վաշինգտոնի հայամետ ժեստերը հակված են  դիտարկել Թուրքիա-Ռուսաստան-ԱՄՆ ներկա բազմաշերտ հարաբերությունների համատեքստում:

Ինչով էլ պայմանավորված լիեն ԱՄՆ հայանպաստ քայլերը, դրանք  հրաշալի հիմք են ու լավ նախադրյալ՝ Միրզոյանի առաջիկա այցն իսկապես արդյունավետ դարձնելու համար: Հայ-ամերիկյան հարաբերություններն իրականում բավական մեծ պոտենցիալ ունեցող հարաբերություններ են, որոնք, սակայն, հատկապես հեղափոխությունից հետո մի տեսակ դադարի մեջ են հայտնվել: Թրամփի վարչակազմը Հայաստանի նկատմամբ բավարար հետաքրքրություն չի դրսևորում՝ չնայած այն հանգամանքին, որ հայաստանյան իշխանությունները չեն թաքցնում շահագրգռվածությունը՝ նոր մակարդակի բարձրացնելու երկկողմ հարաբերությունները:

Մնում է հույս հայտնել, որ Արարատ Միրզոյանի առաջիկա այցն ԱՄՆ իսկապես նոր լիցք կհաղորդի հայ-ամերիկյան ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական հարաբերություններին: Այդ լիցքի կարիքն այժմ Հայաստանն ավելի շատ ունի, քան երևիթե երբևիցե, քանի որ իշխանությունների գերխնդիրներից մեկն այսօր ոչ  միայն Հայաստանը աշխարհաքաղաքականորեն ամրապնդելն է, այլև տնտեսական բեկում մտցնելը, որն, առանց լուրջ օտարեկրյա ներդրումների, չափազանց դժվար է լինելու կյանքի կոչել:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.