Նախարարի խորհրդավոր ակնարկը. ի՞նչ է թաքցնում Էրիկ Գրիգորյանը

Հուլիսի 12-ի մամուլի ասուլիսում  բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ՝ հավաստիացնելով, որ  բնապահպանների առնվազը մի հատվածի գործունեությունն ուղղորդվում է  որոշ հանքարդյունաբերողների կողմից:

Նշանակո՞ւմ է  սա, արդյոք, որ իր այդ հայտարարությամբ, որն, ի դեպ, հնչել է ի պատասխան լրագրողի՝ նախարարի հրաժարականին առնչվող հարցին, նախարարն ընդունել է, որ   առնվազը բնապահպանների մի մասի գործունեությունը, որի թիրախում, ինչպես հայտնի է, հայտնվել է նաև Ամուլսարը (հենց  պատվեր կատարող բնապահպանների պահանջով է, որ փակվել են դեպի Ամուլսար տանող ճանապարհներն ու կասեցվել «Լիդիան Արմենիայի» գործունեությունը), կրում է  արհետածին ու նույնիսկ ինչ-որ իմաստով նաև հանցավոր բնույթ: Այսինքն՝ այդ բնապահպանների գերխնդիրը ոչ թե բնության մասին հոգ տալն է, ինչպես ներկայացվում է, այլ ինչ-որ անհայտ հանքարդյունաբերողների փողերը ծծելը:

Մյուս կողմից՝ հարց է առաջանում, թե եթե նախարարն իսկապես գիտե՝ կոնկրետ ովքեր են կանգնած ծախու բնապահպանների և այլոց թիկունքին, ինչո՞ւ է խուսափում անուններ հնչեցնելուց, ովքե՞ր են, որ ֆինանսավորում են իր հրաժարականը պահանջող ու դրա վրա փող աշխատող ուժերին, ո՞ւմ է ակնարկում Գրիգորյանն ու հրաժարվում փակագծեր բացել:

Ինչո՞ւ պետությունը գործուն  միջոցներ չի ձեռնարկում իրավիճակն իրավական դաշտում պարզաբանելու, շարժառիթները գտնելու համար։ Չէ՞ որ այդ անհետևողականության պատճառով հարվածի տակ են հայտնվել հասարակ բնակչության, ինչպես նաև բուն պետության կենսական շահերը. մի կողմից՝ բնակչությունն է արտագաղթում՝ աշխատանք չունենալու պատճառով, մյուս կողմից՝ պետությունն է  զրկվում անվտանգ հանքարդյունաբերության միջոցով հարստանալու իր բնատուր իրավունքից:

Սրանք հարցեր են, որոնք չեն կարող մնալ անտեսված, և պետք է ստանան հիմնավոր պատասխաններ ու այն էլ՝ ամենասեղմ ժամկետներում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.