Ամուլսարի ազդեցությունները պատշաճ գնահատված են և Սևանա լճի վրա ազդեցություն լինել չի կարող. Արմեն Ստեփանյան

Ամուլսարի, Սևանի կանաչման, դրա պատճառների մասին Aysor.am-ը զրուցել է Լիդիան Արմենիա ընկերության կայուն զարգացման փոխնախագահ Արմեն Ստեփանյանի հետ:

- Պարոն Ստեփանյան, Լիդիան Արմենիա ընկերությունն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր Սևանի կանաչման խնդրին: Ակնարկը պարզ էր՝ Սևանն ունի լուրջ խնդիրներ, բայց դրանք թողած խոսվում է Ամուլսարի ապագա ազդեցության մասին, որը, ձեր պնդմամբ, գոյություն չունի: Դուք, եթե չեմ սխալվում, բնապահպանության գծով գիտությունների թեկնածու եք, Ձեր կարծիքով՝ ո՞րն է Սևանի այս վիճակի պատճառը:

- Հենց այն պատճառով, որ գիտությունների թեկնածու եմ, չեմ ուզում ենթադրությունների վրա հիմնված պնդումներ անել: Տեսակետ հայտնելուց առաջ պետք է լուրջ ուսումնասիրություններ կամ անհրաժեշտության դեպքում գիտական հետազոտություն անցկացնել: Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկատվություն էր տարածել Սևանա լճի իրավիճակի վերաբերյալ և թվարկում էր այն գործոնները, որոնք նպաստել են ստեղված իրավիճակին։ Հույս ունեմ, որ եզրակացության գալու համար ծախսվել են շաբաթներ, գուցե ամիսներ: Որովհետև միայն դրանից հետո կարելի է պատասխանել Ձեր հարցին:

- Նման հետազոտություններ արվե՞լ են:

- Համենայն դեպս, կարծում եմ՝ հասարակությունը տեղյակ չէ, թե ինչ համալիր հետազոտությունների վրա են հիմնված հնարավոր գործոնների վերաբերյալ տեսակետները:

- Բայց ինչ-որ բաներ փորձ արվում է անել: Շրջակա միջավայրի նախարարը օրերս ասաց, որ գետերի հուներն են մաքերլու: Դա կօգնի՞:

- Դարձյալ, համալիր ուսումնասիրության կարիք կա: Խնդրին պետք է նայել համալիր, վերհանել խնդիրները, դրանց առաջացման պատճառները, բաժանել դրանք առաջնահերթությունների, այնուհետև կազմել գործողությունների պլան, որն իր հերթին կունենա կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ գործողություններ, յուրաքանչյուր գործողություն կունենա մեթոդոլոգիա, բյուջե, կատարողներ և ժամկետներ։ Օրինակ բերեմ գետերի հուների վրա. պետք է պարզել գետերի հուների աղտոտման աղբյուրը, այլապես՝ մաքրումը իմաստազուրկ է, եթե աղտոտման աղբյուրը շարունակելու է աղտոտել գետերը: Սա, կարծում եմ, նույնիսկ ոչ մասնագետի համար է ակնհայտ:

- Ստացվում է, որ Սևանի իրական խնդիրները պարզելու ուղղությամբ աշխատանքեր չեն իրականացվում, բայց Ամուլսարի տեսական ազդեցությունները արդեն մեկ տարի է ուսումնասիրում են, երբ Դուք պնդում եք, որ դրանք արդեն ուսումնասիրել եք ու բացառել:

- Ի՞նչ է արվում Սևանի իրական խնդիրները բացահայտելու ուղղությամբ, իսկապես չգիտեմ, բայց որ Ամուլսարի ազդեցությունները պատշաճ գնահատված են և Սևանա լճի վրա ազդեցություն լինել չի կարող, կարող եմ վստահ ասել:

- Իսկ որքանո՞վ են հիմնավոր ձեր ուսումնասիրությունները, որ Ամուլսարը չի ազդելու Սևանի վրա: Եվ այդ դեպքում ինչո՞ւ է տարածվել այդ խոսակցությունը:  

- Հիմնավոր է այնքանով, որքանով հիմնավոր է մի քանի տարվա ու մի քանի միլիոն դոլար արժողությամբ գիտական լուրջ հետազոտությունը: Լիդիանի բնապահպանական ուսումնասիրության վրա աշխատել են աշխարհի առաջատար մասնագետները և ամենալուրջ գիտական հիմնավորմամբ են հերքել այդ խոսակցությունները: Սա հենց այն գիտական մոտեցումն է, որի մասին խոսում եմ:

Գիտեք, այս օրերին մտածում եմ, որ եթե հիմա Ամուլսարը աշխատելիս լիներ, կգտնվեին չակերտավոր «մասնագետներ» ու «փորձագետներ», որոնք աջ ու ձախ հարցազրույցներ կտային «այ տեսաք, բա մենք ասում էինք» ոճի մեջ: Հենց այս որակի են, ցավոք, տարիներ շարունակ եղել այսպես կոչված մասնագիտական վերլուծությունները:

- Նախարարությունն ո՞ւնի Սևանի իրական խնդիները ուսումնասիրելու կարողություններ:

- Կարծում եմ, համապատասխան միջոցներ ու ռեսուրսներ հատկացնելու դեպքում, կարելի է ներգրավել փորձառու մասնագետների, տեղական և արտերկրի փորձագետների, ինստիտուտների, որոնք ուղղություն կտան, թե ինչից սկսել, և ինչ գործողությունների պլան կազմել: Ի վերջո, Սևանը բոլորիս մտահոգության խնդիրն է, և, կարծում եմ, իրական խնդիրները բացահայտելու համար հարկատուներիս միջոցները կարելի է չխնայել:

Աղբյուրը՝ Aysor.am

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.