Նիկոլ Փաշինյանի նախազգուշացումը՝ Դոնալդ Տուսկին

Ադրբեջան կատարած այցից հետո, որն, ի դեպ, Հայաստանում բավական մեծ աղմուկ է բարձրացրել, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ժամանել է Հայաստան, հանդիպել վարչապետ Փաշինյանի հետ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում Տուսկն այդ երկրի նախագահի հետ հանդիպման ավարտին ադրբեջանցիներին հավաստիացրել էր, որ Եվրամիությունն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը:

«Դուք համադրում եք ավանդույթներն ու արդիականը: Դուք նայում եք ինչպես Արևելքին, այնպես էլ Արևմուտքին ձեր ռազմավարական դիրքի շնորհիվ արդի բարդ աշխարհաքաղաքական լանդշաֆտում: Եվ, ինչպես ես արդեն ասել եմ, ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը»,-մասնավորապես՝ հայտարարել էր Տուսկը Բաքվում:

Երևանում՝ Կառավարությունում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Դոնալդ Տուսկը հանդես են եկել համատեղ հայտարարություններով՝ շոշափելով նաև տարածաշրջանային անվտանգությանն ու արցախյան հարցին առնչվող հարցեր:

«Եվրամիությունն արդեն սատարում է խաղաղության կառուցման գործողություններին և պատրաստ է սատարել ի նախապատրաստում ժողովուրդների խաղաղության»,-մասնավորապես՝ հայտարարել է Տուսկը:

Իր հերթին Նիկոլ Փաշինյանն, ելույթի իր խոսքում անդրադառնալով արցախյան հարցին, ասել է. «Մենք զրուցեցինք նաև տարածաշրջանային խնդիրների մասին: Երախտագիտություն հայտնեցի ԵՄ կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը աներկբայորեն պաշտպանելու համար:

Համոզվածություն հայտնեցի ԵՄ այս կեցվածքի շարունակականության հարցում»: 

Բաքվում Տուսկի հնչեցրած խոսքերը, որոնք, ըստ էության, իրենց բովանդակությամբ հաճոյախոսություն էին՝ Ալիևին, Հայաստանում արդարացիորեն առաջ են բերել տարակաուսանք: Ընդգծելով Ադրբեջանի «բացառիկ» դերն ու կարևորելով այդ երկրի աշխարհագրությունը՝ Տուսկը փաստացի արել է ձևակերպումներ, որոնք Բաքվում մեկնաբանվել են որպես աջակցություն՝ Ադրբեջանին արցախյան խնդրում: Ադրբեջանի անկախությունն, ասել է թե՝ պետականության գոյության փաստը, Տուսկը շաղկապել է այդ երկրի տարածքային ամբողջականության հետ: Հաշվի առնելով ողջ հայտարարության ենթատեքստը՝ պետք է արձանագրել, որ Տուսկին առավել հոգեհարազատ է եղել ու է «տարածքային ամբողջականություն» տերմինի մեկնության արդբեջանական տարբերակը, որն, ինչպես հայտնի է, նախևառաջ ենթադրում է ազատագրված տարածքների ու Արցախի վերադարձ՝ Ադրբեջանի կազմ:

Երևանում հնչեցրած իր խոսքում, Տուսկն, ըստ էության, չի շեղվում Բաքվում արտահայտած իր գաղափարներից: Ճիշտ է՝ «ժողովուրդներին խաղաղության նախապատրատել»-ը Հայաստանում բոլորովին այլ լույսի ներքո է դիտարկվում, քան ասենք Բաքվում, սակայն հաշվի առնելով Բաքվում Տուսկի ազդանշաններն՝ Ալիևին՝ պետք է ենթադրել, որ դիվանագիտական այդ նուրբ ձևակերպմամբ Տուսկն, ըստ էության, խուսափել է  հակասության մեջ մտնել Բաքվում իր կողմից հնչեցրած հայտարարության հետ:

Միևնույն ժամանակ բավական ուշագրավ ուղերձներ է իր մեջ պարունակում Նիկոլ Փաշինյանի խոսքը, որով ՀՀ վարչապետն, ըստ էության, փորձել է սթափեցնել Տուսկին ու նրան հիշեցնել արցախյան հարցում ԵՄ հավասարակշռված դիրքորոշման կարևորության մասին, որն, ըստ էության, խախտվել է Բաքվում եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի կատարած հայտարարություններից հետո. Արցախյան խնդրով զբաղվում է Մինսկի խումբը, որն, ինչպես հայտնի է, խնդրի լուծումը տեսնում է  երեք հիմնական սկզբունքների շրջանակներում՝ պատերազմի բացառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշում: Ահա այս վերջին  դրույթն է, որ Տուսկն, ըստ էության, փորձել է շրջանցել:

Ինչ վերաբերում է Փաշինյանի՝ արցախյան խնդրի վերաբերյալ հնչեցրած խոսքի վերջին մասին, ուր նա նշում է, որ համոզվածություն է հայտնել ԵՄ համապատասխան կեցվածքի շարունակականության հարցում (նկատի  է առնվում ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշմանը), ապա ակնհայտ է, որ սրանով Փաշինյանը դիվանագիտորեն հասկացնում է Տուսկին, որ Երևանը խիստ զգայուն է այս խնդրում ու աչք չի փակի ԵՄ-ի կողմից ոչ հավասարակշռված քայլերի վրա. Փաշինյանն այսպիսով նախազգուշացնում է Եվրոպային՝ ձեռնպահ մնալ անհավասարակշիռ գործողություններից, չտարվել Ալիևի հանդեպ սիրով ու չկորցնել իրականության զգացումը:

Մնում է հուսալ, որ եվրոպացիներն ըստ արժանվույնս կարժևորեն Փաշինյանից ստացվող ազդակներն ու այսրոպեական շահը չեն գերադասի հարատևին, իսկ ավելի կոնկրետ՝ ժողովրդավարությանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.