Հայկական պատվիրակությանը հաջողվեց անել անհավատալին

Հուլիսի 4-8-ը Լյուքսեմբուրգում ընթացող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի տարեկան ամառային 28-րդ նստաշրջանին Քաղաքական և անվտանգության հարցերի հանձնաժողովում քննարկված Ալան Ֆարելի հեղինակած «Անվտանգության ապահովման հարցում կայուն զարգացման ապահովում. խորհրդարանների դերակատարությունը» խորագրով զեկույցից հանվել են դրանում տեղ գտած հակահայկական ու խիստ ադրբեջանամետ ձևակերպումները:

Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ կապի միջոցով տեղեկացրել է  ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Անհեթեթ, խայտառակ ձևակերպում կար Ադրբեջանի 7 շրջանների մասին: Այսօր հարցը դրվեց և մեր պատվիրակության ակտիվ ջանքերով չանցավ, դուրս շպրտվեց այդ ձևակերպումը, և դա չի լինելու ԵԱՀԿ ԽՎ բանաձևում»,-ասել է Կոնջոյանն ու հավելել, որ 2 այլ կարևոր փոփոխություններ ևս եղել են. ֆրանսիացի երկու պատգամավորներ ներկայացրել են դրույթներ, որոնք արձանագրում են, որ ԼՂ բանակցություններում կա հստակ առաջընթաց, և ԼՂ խնդիրը պետք է լուծվի բացառապես Մինսկի խմբի համանախագահության ֆորմատում և երեք սկզբունքների հիման վրա՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների ինքնորոշման իրավունք, պետությունների տարածքային ամբողջականություն: Ըստ նրա՝ ԵԱՀԿ ԽՎ-ն սա հաստատել է:

Միաժամանակ հայտնի է դարձել նաև, որ ԵԱՀԿ ԽՎ Մարդու իրավունքների հանձնաժողովում ընդունվել է մի շատ կարևոր դրույթ՝ Հայոց ցեղասպանության մասին: Այնտեղ ողջունվում է Իտալիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը, նաև Ֆրանսիայի կողմից ապրիլի 24-ը ոգեկոչման օր սահմանելը և կոչ է արվում ԵԱՀԿ մյուս խորհրդարաններին հետևել այդ օրինակին:

«Այսօր ԵԱՀԿ ԽՎ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանության փաստը և կոչ արեց մյուս երկրներին հետևել այդ օրինակին: Սա ԵԱՀԿ ԽՎ պատմության մեջ առաջին անգամն է: Խորհրդարանական վեհաջողովի լիագումար նիստում պետք է հատատվեն այս որոշումները: Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակները, ցայտնոտի մեջ ընկած, փորձում են գոնե լիագումար նիստում խոչընդոտել դրանց ընդունմանը, բայց մենք ամեն ինչ կանենք, որ դրանք հաստատվեն»,-հայտարարել է Կոնջոյանը:

Հայկական պատվիրակությանը փաստացի հաջողվել է անել անհնարինը՝ հեղափոխությունը տեղափոխելով Եվրոպա: Թվում էր՝ ոչինչ չի խանգարում թուրքերին կյանքի կոչել սեփական ստոր ծրագրերն ու խավիարի ու կաշառքի ուժով ստիպել ԵԱՀԿ ԽՎ-ին աչք փակել իրականության վրա ու ընդունել մի բանաձև, որն ակնհայտորեն սադրիչ բնույթի էր այն էլ տարածաշրջանում ստեղծված պայթյունավտանգ մթնոլորտի պայմաններում: Սակայն վերջին պահին, փաստորեն, մերոնք կարողացել են տիտանական ջանքերի շնորհիվ չեղարկել թուրք-ազերիական տանդեմի դավադրությունն ու բացառիկ արդյունք գրանցել. կոլեկտիվ Եվրոպան, ի դեմ ԵԱՀԿ  ԽՎ-ի, փաստորեն, ոչ միայն ապտակ է հասցնում Ադրբեջանին, այլև Թուրքիային՝  Հայոց ցեղասպանույան ճանաչման հարցում ցուցաբերելով բացառիկ քաղաքական կամք, ինչը միանշանակորեն չեզոքացնում է այն բոլոր վախերը, որոնք առաջ էին եկել՝ կապված  բանաձևի նախնական տարբերակի հնարավոր ընդունման հետ՝ այն էլ Տուսկի կատարելիք ադրբեջանական  այցի ֆոնին:

Սա, անկասկած, բացառիկ ձեռքբերում է մեր պատվիրակության համար, որի անդամներն իսկապես արժանի են բարձր գնահատանքի: Մերոնք, հավատարիմ հայկական հեղափոխության ոգուն, կարողացել են հաջողությամբ կապիտալիզացնել դրա պոտենցիալը նույն ԵԱՀԿ ԽՎ-ում՝ ստիպելով թշնամիներին «մանթրաժից» կրծել եղունգները:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.