Եվրոպան սիրաշահում է Ալիևին. վտանգավոր գրկախառնություն

Արձագանքելով հուլիսի 4-8-ը Լյուքսեմբուրգում ընթացող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի տարեկան ամառային 28-րդ նստաշրջանին Քաղաքական և անվտանգության հարցերի հանձնաժողովում քննարկված Ալան Ֆարելի հեղինակած «Անվտանգության ապահովման հարցում կայուն զարգացման ապահովում. խորհրդարանների դերակատարությունը» խորագրով զեկույցին, ուր տեղ են գտել հայկական կողմի համար խիստ անբարենպաստ ձևակերպումներ (խնդրահարույց են բանաձևի 10-րդ ու 19-րդ դրույթները)՝ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն այն անվանել է եվրոպացիների խավիարասիրության արգասիք՝ համոզմունք հայտնելով, որ նման բանաձևերը ծնվում են ոչ թե Եվրոպայում, այլ Բաքվում:

Հարցին՝ Արցախի իշխանությունները հայտարարությամբ հանդես գալո՞ւ են, Դավիթ Բաբայանը պատասխանել է. «Նման բանաձևերը կարող են ունենալ միայն մեկ ազդեցություն. այդ կառույցի վարկանիշը կտրուկ ընկնելու է: Ուրիշ որևէ ձև չկա: Առաջին անգամ չէ, երբ այս կառույցում նման բանաձևեր են քննարկվում: Սա ոչ թե բանաձև է, այլ Ադրբեջանի կողմից գնված մի փաստաթուղթ, որը ներկայացնում են, և նրանք ստորագրում են: Նման բանաձևերին պետք չէ լուրջ վերաբերվել, այլ պետք է հասկանալ, որ սա զուտ քաղաքական խնդիր է, որը նպատակ ունի միայն Ադրբեջանի հավակնությունները և փողը: Սա աշխատանք է, որն Ադրբեջանը ֆինանսավորում է: Այսպիսի բանաձևերը ծնվում են Բաքվում, պարզապես տարածվում են ինչ-ինչ մարդկանց կողմից»:

Բանաձևը, որի վերաբերյալ իր գոհունակությունն է արտահայտել ադրբեջանական կողմը, լի է ձևակերպումներով, որոնք, ըստ էության, ադրբեջանական պաշտոնական դիրքորոշման արտացոլանքն են. բանաձևի 10-րդ կետում նշված է. «Մտահոգություն ենք հայտնում կառուցողական երկխոսության հաստատման համար կայուն զարգացման բացակայության հետ կապված ԵԱՀԿ տարածքում հակամարտող կողմերի միջև, մասնավորապես Վրաստանում Աբխազիայի, Ցխինվալիի, Հարավային Օսեթիայի շրջաններում, Դոնեցկում, Լուգանսկում, Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում, Սևաստոպոլում և Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի 7 շրջաններում»: 19-րդ դրույթում էլ Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի հետ մեկտեղ կոչ է արվում հարգել նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: 

Հայտնի է դարձել, որ Եվրոպական խորհրդի նախագահ  Դոնալդ Տուսկը  հուլիսի 9-ին պատրաստվում է մեկնել Ադրբեջան, ուր հանդիպելու է նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Բաքու կատարելիք այցի ընթացքում Տուսկը այցելելու է նաև Բաքվի միջազգային ծովային նավահանգիստ։

Օրակարգում են գործակցության հարցերը, տարածաշրջանային համագործակցության ընդլայնումը։ Կողմերը կքննարկեն նաև  «Արևելյան գործընկերության» ծրագիրը։

Ակնհայտ է, որ հակահայկական բանաձևն ու Տուսկի՝ Ադրբեջանի նկատմամբ աճող հետաքրքրասիրությունը պետք է դիտարկել, այսպես ասած, մեկ փաթեթում: Եվրոպան շատ կոնկրետ ռևերանսներ է անում Բաքվի ուղղությամբ՝ փորձելով խորացնել այդ երկրի հետ իր համագործակցությունը, որն, ըստ էության, ուղղված է Ռուսստանի դեմ՝ հաշվի առնելով այն հանրահայտ իրողությունը, որ «Արևելյան գործընկերությունն»  ինքնին  խորքային իմաստով ռուսական ազդեցության դեմ տարվող պայքարի կարևոր բաղկացուցիչ մաս է, դրա գործիքակազմերից մեկը:

Իհարկե, ոչ ոք ԵՄ-ին չի կարող արգելել՝ հարաբերութուններ զարգացնելու ցանկացած երկրի հետ, սակայն հարցն այն է, թե ինչու է դա տեղի ունենում փաստացի ի հաշիվ Արցախի: Ճիշտ է՝ Բաբայանն իր գնահատականներում չի սխալվում, երբ չի գերագնահատում բանաձևի նշանակությունը, սակայն ակնհայտ է, որ այդ ոչ նշանակալից փաստաթուղթը Արդբեջանի հմուտ ձեռքերում կարող է ու անեկբայորեն դառնալու է կտրող գործիք՝ հայկական կողմի դեմ միջազգային ատյաններում մղվող հատկապես քարոզչական պայքարում:

Մյուս կողմից՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը՝ չի կարելի բացառել նաև, որ բանաձևը կարող է հավելյալ ոգևորիչ գործոն դառնալ Բաքվի համար՝ է՛լ ավելի մեծ համարձկություն ձեռք բերելու ու առավել ինտենսիվությամբ սադրելու հայ-ադրբեջանական սահմանային գոտում: Այսինքն՝ ելնելով սեփական շահերից՝ Եվրոպան փաստացի «կանաչ լույս է վառում» Ադրբեջանի առաջ՝ փորձելով այդ երկրին գայթակղել ու չեզոքացնել ռուսական ազդեցությունն Ալիևի վրա՝ հանգամանք, որը չի կարող աննկատ մնալ ռուսական կողմի համար:

Ըստ այդմ՝ սկսում է բարձրանալ Ադրբեջանի աշխարհաքաղաքական արժեքը, ինչը հավելյալ վտանգներ է  իր մեջ պարունակում հատկապես հայկական կողմի համար, քանի որ այժմ էլ Ռուսաստանն է ստիպված լինելու հակաքայլերի դիմել և չունենալով, պատկերավոր ասած, «դաղելու» գործուն մտրակ, սկսելու է «յուղել» Ալիևին: Մնում է միայն  հուսալ, որ այդ ամենը տեղի չի ունենա ի հաշիվ Արցախի անվտանության կամ հայ-ռուսական հարաբերությունների:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.