Սադրանք՝ վարչապետի դեմ. որտեղի՞ց է փչում քամին

Մինչ շատերը քննարկում են Արմեն Սարգսյանի ու Պուտինի՝ Բելառուսիայում ունեցած ջերմ զրույցը` բազմապիսի ենթադրոթյուններ անելով, բավական մտահոգիչ զարգացուներ են տեղի ունենում Հայաստանում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շուրջ, ով ակնհայտորեն հայտնվել է ինչ-որ ուժերի թիրախում:

Համացանցում տարածվում է մի նամակ՝ իբր գրված վարչապետ Փաշինյանի կողմից ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։ Նամակում ՀՀ վարչապետը իբր պատրաստակամություն է հայտնում ավելի սերտ կապեր հաստատել ՆԱՏՕ-ի հետ` միևնույն ժամանակ ընդգծելով, որ դրա համար խոչընդոտ է հանդիսանում ղարաբաղյան հակամարտությունը։

Վարչապետն իբր խոստանում է մեկ տարվա ընթացքում «հայկական զորքերը դուրս բերել Արցախից»։

Տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետներին դեռ չի հաջողվել պարզել, թե ով է այդ կեղծ նամակի հեղինակը, միայն կասկած կա, որ նրանք, ամենայն հավանականությամբ, Հայաստանի սահմաններից դուրս են գտնվում։

Ի դեպ՝ ՀՀ ԱԳՆ-ն նույնպես հաստատել է նամակի կեղծ լիելու փաստը:

Ամենաուշագրավն այս պատմության մեջ, սակայն, այն է, որ նամակը` ոմն Արթուր Գրիգորյանի մեկնաբանությամբ, հրապարակվել է Gosnews.ru ռուսական կայքում հուլիսի 1-ին «Հեղափոխությունը Հայաստանում անխուսափելի է» վերնագրով։

Միևնույն ժամանակ բավական տագնապալից հայտարարությամբ է  հանդես եկել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևը՝ պնդելով՝ ՆԱՏՕ-ն գունավոր հեղափոխություններ է պատրաստում ՀԱՊԿ երկրներում:

«ՆԱՏՕ-ականները պայմաններ են ստեղծում ՀԱՊԿ առանձին երկրներում Արևմուտքին ենթակա վարչակարգեր իշխանության բերելու համար, այդ թվում «գունավոր հեղափոխություններ» սադրելու միջոցով»,- մասնավորապես՝ հայտարարել  է ռուսաստանցի պաշտնյան:

Արդյոք կապ կա՞ պրանկերական կատակ հիշեցնող նամակի և ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյայի գրեթե սենսացիոն հայտարարության մեջ: Եվ կամ ինչո՞ւ է  Փաշինյանին թիրախավորող ու ակնհայտ սադրանք պարունակող նամակը հրապարակվում հենց ռուսական լրատվական ռեսուրսում, ո՞րն է սրա նպատակը, յուրատեսակ «ջերմաստիճանի ստուգում» իրականացնե՞լը, հայաստանյան հանրության կամ, ինչու ոչ, իշխանությունների ռեակցիան ստուգե՞լը, թե՞ մեկ այլ բան՝ ավելի գլոբալ:

Հարցականներն, անկասկած, չափազանց շատ են ու ինտրիգային, և մնում է միայն հույս հայտնել, որ համապատասխան պետական մարմիններին ամենակարճ ժամանակամիջոցում կհաջողվի պարզել՝ ինչն ինչոց է, որտեղից է փչում քամին և դեպի ուր:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.