Ուժի ցուցադրություն՝ Մոսկվայից. Հայաստանը պետք է ելք գտնի

Օրեր առաջ հայկական մամուլում (մասնավորապես՝ «Ժամանակն» էր գրել այդ մասին) տեղեկություն էր հայտնվել, որ 2020-ի հունվաի 1-ից ՌԴ իշխանությունները մտադիր են թանկացնել գազը 10%-ի չափով:

Հունիսի 2-ին Gazeta.ru-ն մի վերլուծական է հրապարակել, ուր հոդվածի հեղինակը, մատնացույց անելով ՀՀ իշխանությունների՝ «Գազպրոմ Արմենիայի» նկատմամբ վարվող քաղաքականությունը, համոզմունք է հայտնել, որ ՌԴ-ից ՀՀ մատակարարվող գազի գնի իջեցում առհասարակ չարժե սպասել:

Հոդվածի հեղինակը չի բացառել, որ «Գազպրոմ Արմենիան» կարող է բավարար միջոցներ չգտնել ծախսերի օպտիմիզացման հաշվին և արդեն այս տարի բնակչության համար գազի սակագնի ներքին բարձրացման հայտ ներկայացնել:

Միևնույն ժամանակ հոդվածում ոչ երկիմաստ կերպով ակնարկ կա այն մասին, թե իրականում որը կարող է լիել ռուսական կողմի՝ Հայաստանի համար կարևոր նշանակության այս խնդրում ցուցաբերած սառնասրտության պատճառը:

«Մոսկվային կտրականապես դուր չի գալիս Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը: Ներկայիս իշխանությունները նրան մեղադրում են իշխանության բռնազավթման մեջ: Ընդ որում՝ համարվում է, որ հենց Քոչարյանի նախագահության տարիներին (1998-2008) է սահմանվել Հայաստանի ռուսամետ քաղաքական ուղղվածությունը»,-նման տեսակետ է հայտնում Քաղտեխնոլոգիական կենտրոնի փոխնախագահ Ալեքսանդր Մակարկինը՝ ենթադրելով, որ Հայաստանը քիչ շանսեր ունի՝ գազի հարցում Մոսկվայից արտոնություններ ստանալու:

Գրեթե կասկած չկա, որ գազի գնի թանկացումն այլևս անխուսափելի է լինելու: Ընդ որում՝ ուշագրավն այստեղ այն է, որ ռուսները չեն էլ թաքցնում, որ իրենց նման որոշման պատճառը բացառապես քաղաքական է. իբր ի սեր Քոչարյանի է, որ որոշել են չընդառաջել հայսստանան նոր իշխանություններին:

Ակնհայտ է, սակայն, որ Քոչարյանի պարագան ընդամենը պատրվակ է ռուական կողմի համար՝ ինքնահաստատվելու Հայաստանի վրա ու սեփական ուժն ի ցույց դնելու Հայաստանի «արևմտամետ» ղեկավարության առաջ: Մոսկվան ակնհայտորեն ցանկանում է հիշեցնել Հայաստանին, թե ինչ ազդու լծակներ ունի և որ ռուսական գծից մեկ միլիմետր իսկ շեղումը կարող է կործանարար լինել ոչ միայն Հայաստանի անվտանգության համար, այլև կործանել տնտեսությունը:

Իսկ սա նշանակում է, որ հայաստանյան իշխանություններն այլևս ստիպված պետք է լինեն ձեռնամուխ լինել Հայաստանի համար այլընտրանքային գազի փնտրտուքին, իսկ այդ խնդրում Երևանին կարող է ձեռք մեկնել Իրանը:

Ի դեպ՝ այս օրերին աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով հունիսի 2-ին հանդիպում էր ունեցել Իրանի Էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանի հետ: Ի թիվս այլ հարցերի քննարկվել են նաև էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Իրանի միջև համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքն ու համագործակցության զարգացման հնարավորությունները:

Արդյոք կողմերի միջև քննակման առարկա դարձե՞լ է Իրանից Հայաստան գազ մատակարարելու հարցը՝ որպես այլընտրանք ռուսական գազին: Չէ՞, որ այդ տարբերակը ձեռնտու կարող է լինել ոչ միայն Հայաստանին, այլև Իրանին հատկապես աշխարհաքաղաքական իմաստով բարդագույն այս ժամանակներում, երբ Թեհրանը խնդիր ունի ստիպելու նույն Մոսկվային՝ տեր կանգնելու Իրանի հետ ունեցած դաշնակցային հարաբերություններին: Այսինքն՝ Հայաստանը բավարար ճկունություն ցուցաբերելու պարագայում կարող է ինչ-որ տեղ նույնիսկ շահած դուրս գալ իրավիճակից, եթե, իհարկե, Մոսկվայի անխուսափելի հակազդեցությունը խիստ անհամաչափ չլինի:

Բոլոր դեպքերում վաղ թե ուշ Հայստանը ստիպված է լինելու մտածել այլընտրանքային գազ ունենալու մասին, քանի որ ժամանակը ՌԴ-ից ՀՀ մատակարարվող գազի գների օգտին չէ, որ աշխատում է. դրանք միմիայն շարունակելու  են աճել:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.