Փաշինյանը նոր գործառույթ է ստանձնում. ռիսկեր և հնարավորություններ

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019թ. հունիսի 24-ի N 808-Ն որոշման համաձայն ստեղծվել է հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ՝ ՀՀ վարչապետի նախագահությամբ, որի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարի, կոռուպցիայի հաղթահարման ուղղությամբ նախանշվող առաջնահերթությունների և առաջարկվող լուծումների քննարկումն է լինելու, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելմանը նպաստող քաղաքականության, ծրագրերի և իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ դիրքորոշում հայտնելը: Խորհրդի կազմում ընդգրկված են նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները: 

Հակակոռուպցիոն մարմինների պակաս Հայաստանում երբեք չի եղել: Ավելին՝ ինչպես անցյալի տխուր պրակտիկան էր շարունակաբար ցույց տալիս, որքան հնչեղ էին լինում այդօրինակ մարմինների անուններն, իսկ կազմն էլ՝ ներկայացուցչական, այնքան երկրում է՛լ ավելի էին խորանում կոռուպցիայի արմատները՝ ստեղծելով տպավորություն, որ հակակոռուպցիոն մարմինները ստեղծվել են ոչ թե կոռուպցիան երկրում վերացնելու կամ դրա դեմ գոնե մի փոքր ավելի էֆեկտիվ պայքար մղելու համար, այլ այն կառավարելու այնպես, որ դրանից ստացվող «օգուտը» հանկարծ չհոսեր սխալ գրպաններ:

Նոր Հայաստանի պայմաններում, սակայն, ակնհայտ է, որ նորաստեղծ մարմնի ստեղծման հիմքում ընկած է բոլորովին այլ տրամաբանություն ու նպատակ՝ ճիշտ հակառակ նախահեղափոխական Հայաստանում  մոլեգնող բարքերի:

Նորաստեղծ խորհուրդը, փասորեն, գործելու է անձամբ Փաշինյանի ղեկավարության ներքո, ինչը մի կողմից, իհարկե, հրաշալի է, աներկբա վստահություն ներշնչող, մյուս կողմից՝ բավական ծանր բեռ է վարչապետի համար, ով, փաստորեն, անձնական պատասխանատվություն է ստանձնելու երկրում իրականացվող հակակոռուպցիոն քաղաքականության ու մարմնի գործունեության համար՝ գնալով բավական լուրջ ռիսկերի:

Բանն այն է, որ անկախ այն հանգաանքից, թե երկրում կոռուպցիայի դեմ մղվող պայքարն ինչ ինտենսիվությամբ է իրականացվում, գործնականում անհնար է այն լիարժեքորեն արմատախիլ անելը, և դա է փաստում նաև արևմտյան զարգացած երկրների փորձը: Այո՛, այսօր էլ երկրում համակարգային կոռուպցիա գործնականում գոյոթյուն չունի, սակայն դա չի նշանակում, որ «կոռուպցիա» ասվածն առհասարակ օտարացել է մեր իրականությունից. կոռուպցիայի արմատները բավականաչափ խորն են, որպեսզի հնարավոր լիներ մեկ տարվա ընթացքում այն վերացնել:

Փաշինյանն, անձամբ ղեկավարելով հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդը, ռիսկի է դիմում ինչ-որ իմաստով վտանգելու իր հեղինակությունը նույնիսկ այն դեպքում, եթե անգամ օբյեկիվ պատճառներով այդ խորհրդի աշխատանքներն այնքան էլ արդյունավետ չլինեն, քանի որ նոր Հայաստանի պայմաններում հասարակության զգայունությունը խնդրի նկատմամբ շատ ավելի մեծ սրությամբ է արտահայտված լինելու, քան էր հայտնի իրադարձություններից առաջ, իսկ սա նշանակում է, որ խորհուրդը պետք է գործի բացարձակ թափանցիկության ու հասարակության հետ ակտիվ փոխգործակցության տրամաբանության մեջ՝ քայլ առ քայլ կյանքի կոչելով այն իդեալները, որոնք հռչակել է հեղափոխությունը: Այն պետք է դառնա իշխանությունների ամրապնդման, այլ ոչ թե նրանց դիրքերը թուլացնող գործիք:

«Եթե ուզում ես որևէ հարց «թաղել», ապա հանձնաժողով ստեղծիր»-ը չի կարող թևավոր խոսք համարվել նոր Հայաստանում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.