Կրեմլի ուղերձը՝ Փաշինյանին. ի՞նչն է անհանգստացրել Մոսկվային

ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինն, անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, դրանք գնահատել է որպես «նորմալ, կանոնավոր բնույթ ունեցող, հետևաբար՝ գործընկերային»։

«Սակայն շփոթեցնում են մի շարք հանգամանքներ»,-միաժամանակ հայտարարել է Զատուլինը՝ թվարկելով այն խնդիրները, որոնք, ըստ նրա, կասկածներ են հարուցում. Փաշինյանի թիմին համարել է ոչ բավարար կոմպետենտություն ունեցող՝ իր այդ եզրահանգման հիմք հռչակելով ՀԱՊԿ-ի շուրջ ծավալված հայտնի պրոցեսները, «կատաղի արշավները  «Գազպրոմի» հայկական մասնաճյուղի, Ռուսական երկաթուղիներ ԲԲԸ-ի և այլոց դեմ», Քոչարյանի շուրջ ընթացող գործընթացները: Զատուլինն այս ամենում նշմարել է հասունացող անկայունության հստակ նախանշաններ Կովկասում Ռուսաստանի «միակ լիարժեք քաղաքական գործընկեր երկրում»:

Զատուլինի խոսքերն ուշագրավ են հատկապես ռուսական «Политнавигатор»-ի հրապարակած «Հայաստան․ Սաակաշվիլիի ճանապարհով» վերտառությամբ հոդվածի խորապատկերին, ուր հոդվածի հեղինակը, հիմք ընդունելով Քոչարյանի շուրջ ծավալվող իրավական գործընթացները, հստակ զուգահեռներ է քաշում Փաշինյանի ու Սաակաշվիլի միջև՝ վերջում ՀՀ վարչապետին կոչ անելով հետևել Սաակաշվիլու ուղուն: «Առա′ջ, Վովաևիչ: Առա′ջ Սաակաշվիլիի ճանապարհով»,-այսպիսի կոչով է եզրափակում հոդվածը լրագրողը:

Իհարկե, հայաստանյան ներկայիս իշխանությունները Մոսկվայի համար բնավ նվեր չեն (քանի որ խնդիր են դրել՝ վերաիմաստավորելու հայ-ռուսական հարաբերություններն ու դրանք բարձրացնելու իսկապես գործընկերության մակարդակի՝ դուրս բերելու դրանք վասալային ռեժիմից), սակայն հարցն այստեղ այն է, թե կոնկրետ ի՞նչ նպատակով են ռուսները հենց այս ժամանակահատվածում կրկին սաստկացրել իրենց գնահատականները՝ Փաշինյանի կառավարության հասցեին, Քոչարյանի թանկագին խաթեր համա՞ր, թե՞ այստեղ խնդիրն առավել խորն է:

Ի դեպ՝ օրերս Մոսկվայում կայանալիք միջազգային խորհրդարանական ֆորումին, որին հրավիրված են տասնյակ երկրների խորհրդարանների ներկայացուցիչներ, մասնակցելու է մեկնելու նաև հայկական պատվիրակությունը, որն, ըստ մամուլում տարածված լուրերի, գլխավորելու է Արարատ Միրզոյանը՝ չնայած նախապես որոշվել էր, որ Մոսկվա կմեկնի ԱԺ փոխխոսնակի մակարդակով պատվիրակություն. հայկական կողմը փորձելու է վերջին շրջանում երկկողմ հարաբերություններում նկատվող որոշակի խնդիրները հարթել:

Ահա այս ամենի ֆոնին է, որ հնչում են Զատուլինի հայտարարությունները:

Իհարկե, հայկական իշխանություններին ուղղված այդ ուղերձների հիմքում ընկած է ոչ միայն Քոչարյանի վերստին կալանավորման փաստը, որը, փաստորեն, ընդամենը պատրվակ է ռուսական կողմի համար, այլև ասենք ԵԽԽՎ-ում վերջերս տեղի ունեցած հայտնի անհարթությունը, որն, ի դեպ, դարձել է արտախորհրդարանական ընդդիմության մատի փաթաթանը. սրանք իշխանություններին հանիրավի կերպով մեղադրում են ռուսաֆոբ լինելու մեջ՝ ամեն գնով Փաշինյանի «տակը փորելով»:

Զատուլինի հայտարարություններում, ըստ էության, արտահայտված են ներկայումս ներհայաստանյան կյանքին բնորոշ խորքային պրոցեսների նկատամբ ռուսական կողմի ունեցած անհանգստությունները, որոնք, անշուշտ, վերաբերում են նաև երկրում ընթացող հակակոռուպցիոն պայքարին, որը, փաստորեն, Մոսկվայում հակված են դիտարկել՝ յուրատեսակ հակառուսականության դրսևորում:

Պետք է արձանագրել, որ Զատուլինի անհանգստություններն իրականում բոլորվին հիմնազուրկ են, քանի որ նույն հակակոռուպցիոն քաղաքականության «զոհ» են դառնում ոչ միայն, իսկ ավելի ճիշտ՝ ոչ այնքան ռուսական ընկերությունները, որքան տեղացիներն ու տեղականները: Այլ հարց, թե դրան ռուսական կողմն ինչպես  է վերաբերվում՝ հաշվի առնելով հայաստանյան օլիգարխիայի կապող օղակի դերը Հայաստան-Ռուսաստան հարաբերություներում տասնամյակներ ի վեր: Ռուսաստանում վախենում են, որ հասարակական-քաղաքական, տնտեսական կյանքում օլիգարխիայի ազդեցության սահմանափակումը կարող է  հանգեցնել Հայաստանի վրա Մոսկվայի ունեցած ազդեցության թուլացմանը, զրկել Ռուսաստանին կարևոր լծակից:

Ինչ վերաբերում է Քոչարյանին, ապա այստեղ ակնհայտորեն գործ ունենք «ճիտին պարտքի» հետ՝ համեմված շատ կոնկրետ քաղաքական հաշվարկներով՝ իհարկե: Մոսկվան, հաշվի առնելով իր իսկ կուտակած փորձն, երբեք ակնհայտ բախման չի գնա Փաշինյանի իշխանության հետ (դրա մասին են վկայում Զատուլինի հաճոյախոսությունները հայ-ռուսական «վտանգված» հարաբերությունների մասին)՝ միաժամանակ սեփական «ձեռքը պահելով» իր համար առավելապես նախընտրելի «այլընտրանքի» վրա:

Մոսկվան փորձում է  խաղալ երկու լարերի վրա միաժամանակ՝ չթուլացնելու Հայաստանի նկատմամբ ունեցած բացարձակ գերիշխանությունը և այն հարատև պահելու:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.