Թրամփը հրաժարվեց ներխուժել Իրան. ի՞նչ ակնկալել արցախյան ճակատում

Հունիսի 26-ին «Ֆոքս բիզնես» հեռուստաալիքի եթերում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի դիտարկում Իրանի դեմ ցամաքային գործողություն անցկացնելու հնարավորությունը, սակայն վստահ է, որ Վաշինգտոնը գերազանցող ուժեր ունի այդ երկրի նկատմամբ:

Միաժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Պոմպեոն, ամփոփելով Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանիամ Ջայշանքարի հետ վարած բանակցությունների արդյունքները, Իրանին համաշխարհային ահաբեկչության գլխավոր կենտրոն է հռչակել՝ կարևոր համարելով վտանգը չեզոքցնելու վերաբեյալ ընդհանուր ըմբռնման առկայությունը:

Նույն օրը, TASS-ի փոխանցմամբ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ իր երկիրը Վաշինգտոնին և Թեհրանին համոզում է տարաձայնությունները կարգավորել երկխոսության միջոցով: ՌԴ արտգործ նախարարը միաժամանակ համոզմունք   է  հայտնել, որ իրանական խնդրում ռազմական սցենարի կիրառումը կարող է կործանարար դառնալ և միջազգային ճգնաժամ հարուցել: «Դա կործանարար կլինի թե՛ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի և թե՛ Հյուսիսային Աֆրիկայի համար»,-ասել է Սերգեյ Լավրովը:

Օրերս Իրանի երկնատարածք ներխուժած ամերիկյան «Global Hawk» անօդաչու թռչող սարքի՝ Հորմուզի նեղուցում Իրանի պահապանների կորպուսի ավիատիեզրային ուժերի կողմից խոցումը էսկալացիայի նոր ալիքի պատճառ է դարձել: Հետ կանգնելով Իրանին ռազմական հարված հասցնելու մտայնությունից՝ Թրամփը հունիսի 24-ին ստորագրել է հրամանագիր, որով նոր պատժամիջոցներ են սահմանվել Իրանի դեմ, որոնց անմիջական թիրախում է հայտնվել Իրանի գերագույն առաջնորդը:

Ինչպես կարելի է փաստել, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը բավական հակասական տպավորություն է թողնում: Այն, ըստ էության, վերածվել է համար մեկ համաշխարհային պրոբլեմի, որի լուծման եղանակների շուրջ նույն ԱՄՆ-ում այժմ ընթանում են լրջագույն բախումներ երկրի իսթեբլիշմենթում հանգրվանած հիմնական ուժերի կամ խմբերի միջև, որոնց պատկերացումները միմյանցից բավական տարբեր են: Չնայած Թրամփը համարվում է Իսրայելի թիվ մեկ բարեկամն աշխարհում, և թվում է՝ հենց դրանից ելնելով՝ ԱՄՆ նախագահը պետք է որ Իրանի դեմ ռազմական գործողությունների սկսման առաջնային ջատագովը լիներ, սակայն, ամեն բան ճիշտ հակառակն է. Թրամփն է հենց այն խմբի գլուխը, որն, ըստ էության, ամեն գնով փորձում է հետ պահել Ամերիկան արտաքին փորձություններից՝ քաղաքականություն, որը հաջողությամբ տեղավորվում է Թրամփի քաղաքական կարգախոսի, ռամավարության ու գաղափարների ծիրից ներս: Ու չնայած «բազեների» առաջնորդի համբավ վայելող նույն Ջոն Բոլթոնն ամեն գնով փորձում է մերձավորարևելյան «հրդեհի վրա յուղ ավելացնողի» դերում հանդես գալ, սակայն բախվում է իր իսկ ղեկավարի՝ Թրամփի  հակազդեցությանը, որը պայմանավորված է նաև Թրամփի ներքաղաքական պլաններով ու հաշվարկներով. նա պաշտոնապես հայտարարել է ԱՄՆ նախագահական հաջորդ ընտրություններում առաջադրվելու մասին, ինչով պայմանավոված է նաև, որ ԱՄՆ նախագահն այս փուլում կփորձի ձեռնպահ մնալ ռամզական արկածախնրություն հրահրելուց հատկապես մի պարագայում, երբ աշխարհի մյուս ուժային կենտրոնները՝ ՌԴ-ն ու Չինաստանն, դեմ են հանդես գալիս  Իրանի դեմ պատերազմին: Եթե իսկապես բանը հասնի Իրան-ԱՄՆ ներխուժմանն, ապա Իրանը կարող է երկրորդ Վիետնամ դառալ Վաշինգտոնի համար. Թրամփը վախենում է Նիքսոնի ճակատագրին արժանանալու հեռանկարից նաև, և այս իմաստով Իրանի շուրջ ընթացող պրոցեսները կարելի է որպես մարտահրավեր դիտարկել՝ նետված Թրամփին: Այսինքն՝ մեծ է հավանականությունը, որ Իրանի տարածք ԱՄՆ ներխուժմանն այդպես էլ աշխարհն ականատես չի դառնա՝ չնայած չի բացառվում այլոց ձեռքով «կրակից շագանակ հանելու տարբերակը», որը, սակայն, առավել պակաս վտանգավոր տարբերակ է:

Հայաստանը, հանդիսանալով Իրանի անմիջական հարևանն ու բարեկաման, անմիջականորեն է ներքաշված այս երկրի շուրջ ընթացող պրոցեսներում: Խոսքը, մասնավորապես, նույն արցախյան խնդրի մասին է, որը նույն Բոլթոնի համար այժմ ձեռք բերել ռեալ աշխարհաքաղաքական արժեք՝ Իրանը հնարավոր բոլոր կողմերից թշնամական ռազմուժով շրջապատելու կոնցեպտից ելնելով: Գաղտնիք չէ, որ արցախյան գործընթացի ակտիվացման, ինչպես նաև դրանում ԱՄՆ ունեցած ուղղակի դերակատարության հետ ուղղակի առնչություն ունի հենց իրանական խնդիրը:

Սրա հետ մեկտեղ հարց կարող է առաջանալ, թե ի՞նչ կլինի արցախյան հակամարտության գոտում այն դեպքում, եթե ԱՄՆ-ն հրաժարվի Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու մտայնությունից, որի նախանշաններն արդեն իսկ երևան են գալիս: Արդյոք ԱՄՆ-ն կփորձի՞ առավել մեծ ակտիվությամբ նպաստել խաղաղությանը՝ աջակցելով առկա ստատուս-քվոյին:

Այս իմաստով բավական ուշագրավ պետք է համարել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի անդամ, կոնգրեսական Բրեդ Շերմանի կողմից հունիսի 25-ին ներկայացրած  այն լրացումը, որով կարգելվի այնպիսի սպառազինություն վաճառել Ադրբեջանին, որը մեծացնում է քաղաքացիական ինքնաթիռներ խոցելու այդ երկրի հնարավորությունները։ Այս մասին, մասնավորաբար, տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

Ըստ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի՝ այս նախաձեռնությունն ուղղված է այն բանին, որպեսզի Բաքվին թույլ չտրվի մշտական սպառնալիք ներկայացնել քաղաքացիական ավիացիային, մասնավորապես, Ստեփանակերտի օդանավակայանի համար։

Ինքը՝ Շերմանը, մեկնաբանելով սեփական նախաձեռնությունն, ասել է. «Այս լրացումն ազդանշան է՝ Ադրբեջանին, որ նա չի կարող այսուհետ ևս սպառնալ, թե կխոցի քաղաքացիական ինքնաթիռներ։ Չի կարելի թույլ տալ, որպեսզի Ադրբեջանը վախեցնի հարևաններին»։

Սա իսկապես կարևոր ազդակ է՝ Ադրբեջանին հատկապես արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպման համատեքստում և, ըստ էության, կոչված է Ալիևին ակնարկելու, որ  քմահաճույքներ բավարարելու ժամանակը չէ այլևս: Ի դեպ՝ այս համապատկերին է՛լ ավելի խոսուն են դառնում Ադրբեջանի ՊՆ ղեկավար Հասանովի՝ վերջերս կատարած այն խոստովանությունը, որ աշխարհաքաղաքական իրավիճակը բարենպաստ չէ պատերազմ սկսելու համար:

Հստակ է մեկ բան՝ Հայաստանի կենսական շահը թելադրում է  կայուն, հզոր Իրանի գոյություն: Թեհրանի՝ նույն Անդրկովկասում ունեցած կայունացնող գործոնի շնորհիվ է նաև, որ երկար տարիներ հնարավոր է եղել խուսափել ռազմական բախումից, զսպել Ադրբեջանին: Իրանը լրջագույն հակակշիռ է նույն Թուրքիային,  և ցանկացած անվտանգային  մարտահրավեր՝ նետված Իրանի Իսլամական Հանրապետությանը,  շատ իմաստներով ուղիղ մարտահրավեր է նաև՝ Հայաստանին, և սա գիտակցում են բոլորը՝ թե՛ մեր երկրի թշնամիները, թե՛ բարեկամները:

 

 

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.