«Լիդիան Արմենիա»-ն նոր հայցադիմում է ներկայացրել ոստիկանության դեմ

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն նոր հայցադիմում է ներկայացրել  ընդդեմ ոստիկանության (ի դեմս Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության Ջերմուկի բաժնի)։  Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից։

Հայցվորը դատարանից պահանջում է պարտավորեցնել պատասխանողին հայցվորի օրինական տիրապետության ներքո գտնվող Երեւան-Մեղրի մայրուղուց Ջերմուկ տանող ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրի մոտ մեծ շրջադարձից աջ գտնվող հողատարածք եւ Երեւան-Մեղրի մայրուղուց Ջերմուկ տանող ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրի մոտ գտնվող հողատարածքներ կատարված ներխուժումը վերացնել։

Հայցադիմումը վարչական դատարան է մուտք եղել երեկ՝ հունիսի 25–ին եւ մակագրվել  դատավոր Հրաչ Այվազյանին:

Նշենք, որ «Լիդիան Արմենիա»–ն ոստիկանության դեմ նույնաբովանդակ դատական հայց էր ներկայացրել նաեւ 2018թ. սեպտեմբերին։

2019թ. ապրիլի 10–ին վարչական դատարանը՝ նախագահությամբ Արթուր Ավագյանի, վճռել էր

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Ոստիկանության (ի դեմս Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության Ջերմուկի բաժնի) բավարարել, պարտավորեցնել Ոստիկանությանը վերացնելու հայցվորին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի տարածք կատարված ներխուժումները: 

Հիշեցնենք, որ Արդեն մեկ տարի  է՝  ակտիվիստներն  ու  համայքների  բնակիչները  խափանել են Վայոց ձորի մարզում ընդերքօգտագործման իրավունք ստացած «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի գործունեությունը:  Նրանք  շրջափակել են հանքավայրի  տեղամաս  տանող  ճանապարհը  եւ  թույլ  չեն  տալիս  շարունակել  հանքավայրի  շահագործմանն ուղղված  նախապատրաստական աշխատանքները:

Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակման հետեւանքով ընկերությունը հսկայական վնասներ է կրել եւ շարունակում է կրել։

Լիդիանը համարում է, որ ոստիկանությունը չի իրականացրել դատարանի վճռով սահմանված իր պարտականությունները, քանի դեռ Ամուլսարի տարածք անխափան մուտքը չի վերականգնվել։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.