Ռոբերտ Քոչարյանի ուշագրավ խոստովանությունը

«Եթե ղեկավարը մտածում է ոչ թե երկրի զարգացման մասին, այլ մտածում է, թե իրեն կսիրեն, թե չեն սիրի, երբեք չի անելու այն քայլերը, որոնք բերում են երկրի զարգացմանը: Չպետք է դրա մասին մտածես: Պետք է ուղղակի առաջ շարժվես՝ համոզված լինելով, որ ճիշտ ես անում»,-ահա հենց այսպես է շարադրել   «վոժդ» լինելու մասին սեփական պատկերացումները 5-րդ ալիքին հյուրընկալված Ռոբերտ Քոչարյանն՝ արձագանքելով իր անհատակ ունեցվածքին առնչվող լրագրողի հարցին:

Քոչարյանն, ով իրավամբ համարվում է հեղափոխությամբ  իր վախճանը կնքած կոռումպացված համակարգի հիմնադիր հայրը, ում՝ պետական կառավարման մեջ արմատավորած քայքայիչ ավանդույթների  շարունակականության պատճառով Հայաստանի զարգացումը վերջին  քսան տարիներին ոչ միայն  լիարժեք չեղավ, այլև յուրատեսակ այլասերում ապրեց, գուցե անկախ սեփական կամքից բանաձևել է այն վտանգավոր սկզբունքը, որն ի վերջո հանգեցրեց նախորդ համակարգի վախճանին, և որին ինքը մինչ այսօր հավատարիմ է մնում:

Ղեկավարման այսօրինակ փիլիսոփայությունը որևիցե քննադատության չի դիմանում, քանի որ որպես ճշմարտության աղբյուր է հայտարարվում հենց բռնապետ-առաջնորդն, ում որոշումները ոչ միայն անբեկանելի են ու բացարձակ ճշմարիտ, այլև անքննարկելի ու անքննադատելի. նա բոլորից լավ է հասկանում՝ ում ինչ է պետք: Սա, թերևս, կլասիկ բռնապետական մոտեցում է, որից Քոչարյանը, փաստորեն, այդպես էլ ձեռք չի քաշում՝ չնայած փորձում է ժողվրդավար երևալ՝ չգիտես ինչից ելնելով ներկա իշխանություններին մեղադրելով դեմոկրատիայի օրենքները ոտնահարելու մեջ: Հանդիսանալով կլեպտոկրատիայի իսկական ջատագով ու կերտող՝ նա, մեղմ ասած, թքած ունի հասարակական կարծիքի վրա. ժողովրդի սերը կամ ատելությունը կլեպտոկրատին բացարձակապես չեն հուզում, նա ունի իր ճիշտն ու այն ամեն գնով առաջ է տանում: Քոչարյանը ստեղծել ու ամեն գնով առաջ է մղել մի համակարգ (2008-ի մարտի 1-ի դեպքերը՝ դրա վառ ապացույց), որի շահառուները կոռուպցիայի և պետական հարստության վատնման միջոցով իշխանությունը ծառայեցրել  են իրենց իսկ խմբակային շահերին՝ ծայրահեղ աղքատության մատնելով հասարակության մի հսկա հատվածին, զրոյացնելով պետության առողջ զարգացման հեռանկարներն ու այն հասցնելով անդունդի եզրին:

Քոչարյանն ակնհայտորեն դասեր չի քաղել այն ամենից, ինչ կատարվեց ու շարունակում է տեղի ունենալ երկրում: Նա չի հասկացել, որ կլեպտոկրատի վախճանը սովորաբար անփառունակ է լինում, և սա չնայած այն բանի, որ ինքն անձամբ է այսօր սեփական մաշկի վրա զգում այդպիսին լինելու բոլոր  «առավելությունները»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.