Վազգեն Մանուկյանի փափագը. սադրա՞նք, թե՞ անհեռատեսություն

Մեկնաբանելով   ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակն ու անդրադառնալով Վահե Գրիգորյանի հայտարարությանը՝ հակահեղափոխության ու նախկին համակարգի հետ աներկբայորեն ասոցացվող Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ Վահե Գրիգորյանի ասածն ուղղակի անհեթեթություն է: Միաժամանակ իր այդ տեսակետը Մանուկյանը փորձել է հիմնավորել՝ հղում անելով որոշ կետերի:

Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ ճնշումների հետևանքով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը կարող է հրաժարական տալ, Մանուկյանը վերջինիս դիմադրելու կոչ է արել:

«Իսկապես կարող է մի քանի հարյուր մարդ դեմ լինի նրան և պահանջի հրաժարական, բայց այն համաժողովրդական ճնշումները, որ կային մեկ տարի առաջ, այս պահին, այս հարցի շուրջ կրկնել հնարավոր չէ»,-մասնավորապես՝ հայտարարել է Մանուկյանն ու համոզմունք հայտնել՝ Հրայր Թովմասյանը պետք է պայքարի ոչ թե իր պաշտոնը, այլ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և դատարանի անկախությունը փրկելու համար։

Վազգեն Մանուկյանի խոսքերում լիովին արտահայտվում է ռևանշիստական ուժերի պլանների ու հաշվարկների ողջ էությունը. նրանք, ըստ էության, հույս ունեն Սահմանադրական ճգնաժամ առաջացնել Հայաստանում:

ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակն իսկապես լուրջ է: Հաղթահարված համակարգն ակնհայտորեն իր խաղադրույքն այժմ փորձելու է կատարել Թովմասյանի վրա՝ հույսով գլխացավանք ստեղծելու Փաշինյանի համար: Ընդ որում՝  ուշագրավն այստեղ այն է, որ Մանուկյանը, Թովմասյանին կոչ անելով դիմադրություն ցույց տալու, հղում է կատարում ժողովրդին՝ հայտարարելով, որ ներկայումս իշխանություններն իբր չունեն այն համաժողովրդական աջակցությունը, որ ունեին նախկինում, ինչով, ըստ էության, «ձեռնոց է նետում» Փաշինյանին, թե եթե իսկապես ժողովուրդն աջակցում է քեզ, ապա այս հարցում նույնպես պետք է նույնքան ակտիվ գտնվի, որքան հեղափոխության առաջին փուլում էր:

Մանուկյանի խոսքերից կարելի՞ է, արդյոք, ենթադրել, որ եթե Թովմասյանի դեմ ցույցերի դուրս եկող քաղաքացիների թիվն առաջիկայում չգերազանցի անռվազը մի քանի հազարն, ապա առաջինը, հակառակ սթափ մտածողության ու առողջ տրամաբանության, շարունակելու է չլսելու ու չտեսնելու տալ այն ամենն, ինչ այժմ կատարվում է իր շուրջբոլորը: Ենթադրելի է, որ հին համակարգը փորձելու է մի վերջին անգամ ձեռնոց նետել Փաշինյանին հենց Թովմասյանի միջոցով՝ նրան իբր դարձնելով «լակմուսի թուղթ» իշխանությունների համար:

Այլ հարց է, իհարկե, թե այս իրավիճակում անձամբ Թովմասյանն ինչպես կդրսևորի իրեն, և կամ արդյոք նրան թույլ կտա՞ն ազատորեն ինքնադրսևորվել, թ՞ե «կսրեն» ու կնետեն մարտադաշտ՝ անհեռանկարային պայքար մղելու իշխանությունների դեմ:

Բոլոր դեպքերում ակներև է  դառնում, որ համահասարակական աջակցության կարիք այս իրավիճակում իշխանություններն իսկապես կարող են ունենալ, և եթե հասարակության շրջանում դեռ պահպանվում է մղումն՝ անվերադարձ կերպով պատմության գիրկն ուղարկելու ժողովրդի ջանքերով տապալված նախկին սիստեմն, ապա մարդիկ պետք է առավել մեծ ակտիվություն դրսևորեն և իրենց բողոքի հուժկու ձայնը բարձրացնեն ընդդեմ թալանի համակարգի:

Մյուս կողից, իհարկե, հարց է առաջանալու, թե որքանո՞վ է ողջամիտ իշխանությունների կողմից երկրում իրականացվող փոփոխությունների կարևորությունը ցույցերի մարդաշատությամբ չափելու մանուկյանական տրամամաբանությունը՝ հաշվի առնելով այն, որ հեղափոխությունը Հայաստանում վաղուց ավարտվել է ու ինստիտուցիոնալիզացվել, ինչը, թերևս, բոլորովին  նոր ռեալների առաջ է կանգնեցնում հատկապես լուսանցքում հայտնված ընդդիմությանը՝ չափից դուրս տհաճ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.