Հայաստանը պատրաստվում է ամենավատին. Փաշինյանը հնչեցրեց տագնապը

Այսօր Անվտանգության խորհրդի հերթական նիստում ողջունելով ներկաներին՝ Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ ներկայում տեղի ունեցող տագնապալից իրադարձությունների համապատկերին Հայաստանը ստիպված է լինելու «ավելի աչալուրջ լինել մեր անվտանգային մարտահրավերների հարցում»:

«Այսօրվա նիստի օրակարգում ունենք նաև տարածաշրջանային իրավիճակի հետ առնչվող ընթացիկ հարցեր, որոնց քննարկման արդյունքում մեր որոշումները պիտի ծառայեն անվտանգային մարտահրավերների պատշաճ կառավարմանը: Իհարկե, համոզված եմ, որ մենք կկարողանանք անհրաժեշտ գործիքակազմ գտնել, որպեսզի Հայաստանի Հանրապետության համար հավելյալ ռիսկեր չառաջանան կամ դրանք լինեն կառավարելիության շրջանակում»,-մասնավորապես՝ հայտարարել է Փաշինանը:

Միաժամանակ բավական տագնապալից լուրեր են ստացվում Հյուսիսից. անկայունության ալիքը սպառնում է ոչ միայն Վրաստանին, ուր իրավիճակը կարծես հետզհետե հանդարտվում է՝ պայմանավորված իշխանությունների կողմից ընդդիմությանն արված կառուցողական ժեստերով (վրացական իշխանությունները որոշում են կայացրել հաջորդ տարի անցկացնել պառլամենտական արտահերթ ընտրություններ ըստ համամասնական ընտրակարգի), այլև Ռուսաստանի հարավին:

Տեղեկություն է ստացվել այն մասին, որ Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում՝ նախագահական նստավայրի դիմաց, կրակել են ոստիկանության աշխատակիցների վրա, որոնք պարեկային և պահպանության ծառայություն են իրականացրել նախագահական նստավայրի մոտ։ Ահաբեկչական գործողության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» կոչվող ահաբեկչական խմբավորումը:

Տեղի ունեցող վտանգավոր իրադարձությունների ֆոնին Ռուսաստանի Կենտրոնական զինվորական օկրուգում մարտունակության հանկարծակի ստուգում է սկսվել: Զորքերը բերվել են մարտական բարձրագույն պատրաստության: Շոյգուն հայտարարել է, որ միջոցառումն ուղղված է Կենտրոնասիական շրջանում անվտանգության ապահովմանը: Միաժամանակ բարձր մարտական պատրաստության վիճակի է բերվել Հարավային ու Արևելյան օկրուգների զորքերի մի մասը:

Առնվազն անլուրջ կլինի Չեչնիայում տեղի ունեցածում չտեսնել Կադիրովի՝ վրացական իրադարձություններին առնչվող մեկնաբանությունների  հետքերը, որոնց վերաբերյալ, ի դեպ, շտապել էր բացատրություններ ներկայացնել Չեչնիայի ազգային քաղաքականության և արտաքին կապերի հարցերով նախարար Ջամբուլաթ Ումարովը:

Ակնհայտ է, թե  ուր են տանում Ռուսաստանում ծավալվող իրադարձությունների հետքերը. դրանք, ըստ էության, արձագանքն են  Կադիրովի այն ակնարկի, թե մինչև Թբիլիսի ընդամենը 200 կմ է: Նրանք, ովքեր Վրաստանում պատրաստվում են շատ կոնկրետ պրոցեսներ հրահրել, ակնհայտորեն նախազգուշական ազդակներով են փորձում հանդես գալ՝ ուղղված Ռուսաստանին՝ սպառնալով «Մի կաթիլ մեղրի» պատմությունը սարքել Մոսկվայի գլխին, եթե վերջինս շրջահայաց չգտնվի Վրաստանում ստեղծված իրավիճակի հարցում:

Այս իրավիճակում Փաշինյանի կողմից Անվտանգության խորհրդում հնչեցրած շեշտադրումներն իսկապես համահունչ են Հայաստանի առաջ ծառացած խնդիրներին: Ճիշտ է՝ առայժմ կարծես թե լուրջ խնդիրներ չեն նշմարվում, ու դժվար երևակայելի է, որ կարող է բախում լինել Վրաստանի ու Ռուսաստանի միջև, քանի որ դրանից Մոսկվան գործնականում ոչինչ չի շահելու, սակայն  հաշվի առնելով Հայաստանի խոցելի վիճակը՝ իշխանություններն այժմ պետք է պատրաստ լինեն իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի՝ աչքի տակ ունենալով նաև Իրանի շուրջ ընթացող պրոցեսները, քանի որ եթե հյուսիսում ու հարավում իրավիճակը սրվի, և սահմանների անցանելիության հետ կապված խնդիրներ առաջ գան, ապա Ադրբեջանն ուղղակի չի հապաղի, և դա հստակորեն գիտակցում են նաև իշխանությունները, որոնց առաջ այժմ ծառացած է հստակ ռազմավարության մշակման խնդիր՝ ոչ միայն նվազեցնելու տարածաշրջանում ստեղծված իրավիճակի  բացասական հետևանքներն, այլև արդյունավետորեն չեզոքացնելու պատերազմի հնարավոր վտանգը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.