Կոլապս՝ Վրաստանում. Հայաստանը վտանգված է

Արդեն մի քանի օր է՝ հարևան Վրաստանը հայտնվել է վտանգավոր ցնցումների մեջ:

Վրաստանի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստը նախագահող Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի հայտնվելը Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին դարձավ այն կայծը, որից բռնկված հրդեհը կարող է տարածվել ոչ միայն ողջ Վրաստանով մեկ, այլև լափել ողջ տարաշրջանը:

Վրաստանի ընդդիմադիրները, որոնց թիկունքին իրականում  կանգնած է Սաակաշվիլին, պահանջում են ՆԳ նախարարի հրաժարականն, ինչպես նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակում:

Տեղի ունեցած բախումների հտևանքով տուժածների թիվը հասնում է 240-ի, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել է, 305 մարդ՝ ձերբակալվել, որոնցից առնվազը մեկն, ի դեպ, ՀՀ քաղաքացի է (փաստի կապակցությամբ հայտարարություն են տարածել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, Վրաստանում ՀՀ դեսպանատունը):

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ուրբաթ հրամանագիր է ստորագրել, որը ռուսական ավիաընկերություններին արգելում է հուլիսի 8-ից սկսած ՌԴ քաղաքացիներին փոխադրել Վրաստանի տարածք, ինչից հետո «Աերոֆլոտն» իր ուղևորներին առաջարկել է օգտվել Երևանի և Վլադիկավկազի օդանավակայաններից:

Իր հերթին վրացական իրադարձությունները սեփական տեսանկյունից է մեկնաբանել Սաակաշվիլին:

Վրաստանի նախկին նախագահն ու Օդեսայի նախկին նահանգապետը գերմանական «Deutsche Welle»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ այն, ինչ տեղի է ունենում Վրաստանում, շարունակությունն է այն ամենի, ինչ սկզբում տեղի ունեցավ Հայաստանում, այնուհետ՝ Ուկրաինայում։

Նա համոզմունք է հայտնել, որ այս  երկրներում հասարակությունը չի ցանկանում ապրել առանց հնարավորությունների ու հեռանկարի, տնտեսական ճգնաժամի ու օլիգարխիկ համակարգի ներքո:

«Մարդկանց աշխատունակ մի մասը լքում է այդ երկրները, և ահա մարդիկ ամեն տեղ ոտքի են կանգնում՝ որտեղ ընտրությունների միջոցով, որտեղ էլ ընտրությունները չեն գործում, իսկ Վրաստանում ընտրությունները չեն աշխատում, նրանք օգտագործում են ցանկացած այլ պատճառ ու իրավիճակ, որպեսզի արտահայտեն իրավիճակի մասին իրենց դժգոհությունը»,-ասել է Սաակաշվիլին՝ միաժամանակ արձանագրելով, որ բողոքի ցույցերի թիրախում Մոսկվան ու Իվանիշվիլին են:

Իր հերթին Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն է խոսել Վրաստանում կատարվողի մասին: Ria.ru-ի փոխանցմամբ՝ Կադիրովը ասել է, որ հետևում է Թբիլիսիում կատարվող իրադարաձություններին:

«Ուզում եմ հիշեցնել, որ Գրոզնիից մինչև Թբիլիսի ընդամենը 200 կմ է: Ռուսաստանում, ըստ ոչ պաշտոնական տվյալների, մոտ 1 մլն վրացի կա: Մեր ժողովուրդները կապված են բարեկամության և միասնականության դարավոր կապերով»,-մասնավորապես՝ արձանագրել է Չեչնիայի ղեկավարն ու վստահեցրել, որ առաջին հերթին հենց Մոսկվան է շահագրգիռ, որպեսզի «Վրաստանում խաղաղություն, միասնականություն և համերաշխություն տիրի»:

Միևնույն ժամանակ տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ վրաց-ռուսական լարվածությամբ պայմանավորված՝ ադրբեջանական հատուկ ծառայություններն այժմ բավական աշխուժացել են՝ փորձելով «բորբոքված կրակին յուղ ավելացնել». հույս ունեն, որ ճանապարհները կփակվեն և Հայաստանը կհայտնվի գրեթե կատարյալ մեկուսացման մեջ, որից հետո Բաքուն չի հապաղի պատերազմ հրահրել՝ օգտվելով Հայաստանի խոցելի վիճակից:

Ի դեպ՝ Ադրբեջանցի փորձագետներն ու քաղաքագետները կողմերի միջև կայացած վաշինգտոնյան հանդիպումից հետո է՛լ ավելի ակտիվորեն են սկսել խոսել պատերազմի անխուսափելիության մասին՝ կոչ անելով ադրբեջանական իշխանություններին սեփական նպատակներին հասնել բացառապես ռազմական գործողությունների միջոցով՝ օգտվելով խառնաշփոթ իրավիճակից:

Գաղտնիք չէ, որ Հայաստանի համար կայուն ու կանխատեսելի Վրաստանը այն պարտադիր ատրիբուտներից մեկն է, որ կարող է երաշխավորել Հայաստանի բնականոն զարգացումն, քանի որ առանց կայուն Վրաստան զարգացող Հայաստան լինել պարզապես չի կարող:

Եթե Վրաստանում ճգնաժամը խորանա, ու չհաջողվի մարել վտանգավոր հրդեհը, որ, փաստորեն, կարող է վերաճել ռուս-վրացական  բախման, ապա Հայաստանն անխուսափելիորեն կանգնելու է անհաղթահարելի խնդիրների առաջ՝ հաշվի առնելով հատկապես հարավում ծավալվող  ոչ պակաս վտանգավոր իրադարձությունները՝ կապված Իրանի հետ, երբ Վաշինգտոն-Թեհրան հարաբերությունները հասել են լարվածության պատմական առավելագույնին:

Եթե իրադարձությունները զարգանան ամենավատ սցենարով, ապա հայ-ադրբեջանական տոտալ պատերազմի վտանգը կարող է միանգամայն իրական դառնալ՝ հաշվի առնելով հատկապես Արդբեջանից այս օրերին հնչող այն հայտարարությունները, թե հայերը կարող են ապրիլյան դեպքերի մասին նույնիսկ մոռանալ. հաջորդ ռազմական գործողությունները կրելու են անհամեմատ ավելի լայն մասշտաբներ՝ թիրախում ունենալով ոչ թե Լեռնային Ղարաբաղն, այլ Հայաստանի Հանրապետությունը:

Բնավ չի բացառվում, որ Վրաստանում ծավալվող իրադարձությունները, որ ակնհայտորեն հրահրվում են շատ կոնկրետ ուժերի կողմից, հանդիսանում են մեծ ծրագրի առաջին դրևորումներից մեկը՝ տարածաշրջանում իսկական խառնաշփոթ, արյուն ու կոտորած տարածելու: Եթե Սաակաշվիլիին իսկապես հաջողվի հասնել իր նպատակներին Վրաստանում, ապա ռուս-վրացական հարաբերությունները կվերաճեն թշնամականի, իսկ այդ դեպքում Ռուսաստանը չի հապաղի հարկ եղած դեպքում և կոշտ ուժի դիմել. Կադիրովի խոսքերում տեղ գտած որոշ շեշտադրումներ հենց դրա մասին են վկայում: Իսկ ռուս-վրացական ցամաքային ու օդային սահմանների հավանական փակումը հանգեցնելու է կոլապսի արդեն Հայաստանում՝ թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային իմաստներով, ինչին անխուսափելիորեն կարող  է հետևել ադրբեջանական ագրեսիան թե՛ արևելից ու թե՛ Նախիջևանի կողմից, ինչն ուղղակի մահացու կարող է լինել ոչ միայն Արցախի, այլև ողջ Հայաստանի համար:

Ակնհայտ է, որ Բաքվում հենց նմանօրինակ սցենարների են նախապատրաստվում՝ այդ թվում և իրականացնելով բազմաթիվ զորավարժություններ, գնալով կադրային լրջագույն փոփոխությունների, ավելացնելով ռազմական բյուջեն և այլն:

Մնում է ուղղակի հուսալ, որ Վրաստանում ծայր առած ցնցումները չեն դառնա իսկական փորձանք ողջ տարածաշրջանի գլխին, և ինչ-որ կերպ իրավիճակը կհանգուցալուծվի: Հակառակ պարագայում ականատես կարող ենք դառնալ իսկական ողբերգության՝ արյունոտ երանգներով:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.