Բաժին : Մեկնաբանություն
Մամեդյարովի խորհրդավոր ակնարկը. ի՞նչ գիտեն Բաքվում, որ չգիտեն Երևանում
«Ցավով արձանագրելով վերջին կորուստները՝ համանախագահները հորդորել են կողմերին անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ վերականգնելու խաղաղության և առարկայական բանակցությունների համար նպաստավոր մթնոլորտը։ Նրանք կոչ են արել կողմերին վերահաստատել իրենց հանձնառությունը՝ խստորեն պահպանելու հրադադարը և ձեռնպահ մնալու որևէ սադրիչ գործողությունից՝ ներառյալ դիպուկահարների կիրառումից և շփման գծում ու սահմանում ինժեներական աշխատանքներից:
Համանախագահները և արտգործնախարարները համաձայնության են եկել ներկայումս առկա ուղիղ կապի միջոցից լիարժեք օգտվելու կարևորության շուրջ, որպեսզի կարողանան արագ արձագանքել և նվազեցնել լարվածության վտանգը։
Արտգործնախարարները համաձայնել են մոտ ապագայում կրկին հանդիպել համանախագահների հովանու ներքո»,-հունիսի 20-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վաշինգտոնյան հանդիպումից հետո տարածված մամուլի հաղորդագրության մեջ նման շեշտադրումներով են հանդես եկել համանախագահները:
Իր հերթին ՀՀ ԱԳն-ն է տարածել հաղորդագրություն, ուր ասվում է, որ քննարկվել են շփման գծում հանդիպմանը նախորդող շրջանում արձանագրված լարվածությանը և դրա հաղթահարմանը և ըստ այդմ խաղաղության նպաստող միջավայրի վերահաստատմանն առնչվող հարցեր: Հայկական կողմը ընդգծել է հրադադարի ամրապնդման և լարվածության ռիսկերի նվազեցման միջոցների իրականացումը՝ միջադեպերի կանխարգելման և արագ արձագանքման համար:
«Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները համաձայնեցին առաջիկա ամիսներին շարունակել խորհրդակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,-մասավորապես՝ ասվում է հաղորդագրության մեջ:
Մյուս կողմից՝ ադրբեջանցի նախարարն է ուշագրավ հայտարարություններով հանդես եկել:
Մասնավորապես՝ խոսելով բանակցային ներկա պրոցեսի մասին՝ Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ միջնորդները առաջարկել են լրացուցիչ դետալային առաջարկներ: Այնուհետև Մամեդյարովը խոսել է պատրաստվող հռչակագրի կամ խաղաղ պայմանագրի մասին, որի դրույթների շուրջ էլ հենց ընթանում են բանակցություններն, իսկ որոշ դետալների շուրջ տարաձայնությունները դեռ պահպանվում են:
Համանախագահների տարածած հայտարարությունը հուշում է, որ միջազգային հանրությունն այժմ նպատակամիտված կերպով փորձում է թույլ չտալ տարածաշրջանային էսկալացիա, որը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների: Ընդ որում՝ հայտարարությունից երևում է, որ ճնշման ալիքն առավելապես ուղղված է Ադրբեջանին, ում, փաստորեն, կոչ են անում հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին, իրավիճակից չօգտվել, լարվածույուն չհրահրել ու ձեռնպահ նալ ինժեներական աշխատանքներ իրականացնլուց:
Թե՛ համանախագահների, թե՛ հայկական կողմի տարածած հաղորդագրություններում միևնույն ոգին է թևածում՝ խաղաղության, ինչը, թերևս, բխում է հայկական կողմի շահերից, ու նույնիսկ կարելի է արձանագրված դիվանագիտական հաղթանակ համարել վաշինգտոնյան հանդիպումը՝ թեկուզ որոշ վերապահումներով:
Սակայն ողջ խնդիրն այն է, որ բավական անհանգստացնող են ստացվել Մամեդյարովի մեկնաբանությունները, որոնցից հետևում է, որ իրականում գործընթացը բավական եռուն փուլ է թևակոխել, բայց թե ի՞նչ եռ է դա, կամ ի՞նչ է եփվում կաթսայաում գոնե հայաստանյան հանրության համար պարզ չէ: Ի՞նչ խաղաղության համաձայնագրի մասին է խոսում Մամեդյարովը կամ ի՞նչ դետալների՝ բնավ հասկանալի չէ:
Բայց ադրբեջանցի նախարարի խոսքերն է՛լ ավելի չարագույժ են դառնում հատկապես Բաքվից եկող լուրերի ու հնչող հայտարարությունների ֆոնին: Խոսքը, մասնավորապես, Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օգթայ Ասադովի կողմից հնչեցված վերջին հայտարարությունների մասին է, երբ բանախոսը հայտարարել էր, որ շատ շուտով ղարաբաղյան հարցը լուծվելու է:
Ամեն դեպքում ներկա փուլում պատերազմի բռնկման հնարավորությունը բավական ցածր է մնում, ինչն, իհարկե, լավ է, միայն թե մնում է հասկանալ, թե ինչով կարող է պայմանավորված լինել ադրբեջանական կողմի նմանօրինակ լավատեսությունը: Դրանք ներքին լսարանի՞ համար հնչող հայտարարություններ են, թե՞ իսկապես մութ պրոցեսներ են ընթանում, որոնց բնույթի մասին Հայաստանում շատ քչերն են տեղյակ: