«Լիդիան Արմենիան»՝ դիսկրիմինացիայի զոհ. ի՞նչ են ասելու ամերիկացիներին

Հունիսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ բարձր ամբիոնից բոլորին ավետել էր Թեղուտի հանքի վերագործարկման մասին: Փաշինյանն ուրախությամբ արձանագրել էր, որ շնորհիվ դրա, հարյուրավոր մարդիկ այսուհետ ունենալու են կայուն աշխատանք՝ հույս հայտնելով, որ ամեն բան լավ կլինի: Ի դեպ՝ Թեղուտի շահագործման փաստը վարչապետը ներառել էր իր ու իր քաղաքական թիմի կողմից հնչեցված ու  կյանքի կոչված խոստումների շարքում՝ նաև դա համարելով՝ ապացույց այն բանի, որ ՀՀ կառավարությունն իսկապես տպավորիչ ձեռքբերումներ է ունեցել ու գրանցել առաջընթաց:

Փաշինյանի ոգևորությունն, իհարկե, բացատրելի է, կասկածելի է մեկ այլ հանգամանք. հակառակ Թեղուտի նկատմամբ դրսևորած հատուկ վերաբերմունքի՝ Կառավարության կողմից առհամարհված է մնում «Լիդիան Արմենիան»՝ Ամուլսարին անչվող իր խոշորամասշտաբ ծրագրով, որն անհամեմատելիորեն ավելի մասշտաբային  նախագիծ է, և որից ստացվելիք տնտեսական օգուտները շատ ավելին են լինելու, քան նույն Թեղուտի հանքի շահագործումից ակնկալվելիքն է:

Թեղուտի շահագործման փաստն, ըստ էության, գալիս է ապացուցելու, որ Ամուլսարի նախագծի պարագայում իսկապես գործ ունենք խիստ սուբյեկտիվ ու անարդարացի վերաբերմունքի հետ. Թեղուտը հաջողությամբ վերագործարկում ու դրանից բխող վտանգների մասին լռում են այն դեպքում, երբ այնտեղ անգամ տեղական աուդիտ չի իրականացվել, որևիցե բնապահպանական հետազոտություն չի անցկացվել՝ ո՛չ տեղական, ո՛չ էլ, առավել ևս, միջազգային մակարդակով, ու սա այն դեպքում, երբ հայտնի է, որ ժամանակին Դանիական ֆոնդը հրաժարվել  էր Թեղուտի ծրագրի ֆինանսավորումից՝ ելնելով  հենց բնապահպանական խնդիրներից:

Բացի սա, խնդիրներ կան՝ կապված նաև  Թեղուտի պոչամբարի հետ, որը, փաստրեն, փլուզման եզրին է, ինչը կարող է իսկական բնապահպանական աղետի հանգեցնել:

Մինչդեռ հակառակ սրա Ամուլսարի պարագայում ոչ միայն անցկացվել են բոլոր հնարավոր բնապահպահպանական փորձաքնություններն ու ուսումնասիրություններն, այլև դրանց արդյունքներն եղել են ավելի քան փայլուն: Ինչ վերաբերում է երրորդ փորձաքննությանը, որի պահանջն ակնհայտորեն արհեստականորեն մեջտեղ հանվեց, ապա ըստ հավաստի տեղեկությունների՝ դրա արդյունքները նույնպես մաքուր են: Այս առումով խիստ կասկածելի է թվում կառավարության այն պատճառաբանությունը, թե փորձաքննության արդյունքները չեն հրապարակվում՝ կապված թարգմանական դժվարությունների կամ դրանց ժամանակատարության հետ, և  ոչ էլ դատարանի՝ հօգուտ «Լիդիանի» կայացրած որոշումներն են լիարժեքորեն կյանքի կոչվում ու այսպես շարունակ:

Տպավորություն է, որ ոմանք անտեղի ժամանակ են ձգում, իսկ թե ինչո՞վ է դա պայմանավորված, մնում է միայն կռահել՝ չնայած ասում են՝ Կառավարությունը մի քանի տասնյակ բնապահպանների արձագանքից է իբր վախենմում, ինչն ուղղակի աբսուրդային է հնչում. Կառավարությո՞ւնն է մի ողջ պետություն ու հասարակություն ներայացնում, թե՞ բնապահպանության քողի տակ չգիտես ինչ աղբյուրներից գրանտակերությամբ զբաղվողները…

Եվ կամ այսքանից հետո Կառավարությունն ինչպե՞ս է իրավիճակը պարզաբանելու ամերիկացիներին, որոնք մեկ անգամ չէ, որ իրենց շահագրգռվածությունն են արտահայտել խնդրի շուտափույթ հանգուցալուծման հարցում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանների հայտարարություններն՝ ասվածի վառ ապացույց:

Ինչպե՞ս կարելի է բացատրել Թեղուտի վերագործարկման փաստը արհեստականորեն կասեցված Ամուլսարի ծրագրի ֆոնին: Ի՞նչ է, ամերիկյան իշխանություններին է՞լ են մատնացույց անելու մի քանի տասնյակի չհասնող բնապահպաններին, բայց չէ՞ որ նրանք այնքա՜ն զուսպ են նույն Թեղուտի խնդրում: Բա ինչո՞ւ  կոկորդ չեն պատռում կամ հանրապետությունով մեկ մարդահավաք չեն անում՝ չցանկանալով նկատել Թեղուտից  եկող վտանգները: Ախր շա՜տ է զռռում…

Մնում է ուղղակի հույս հայտնել, որ գոնե տեսանելի ապագայում Կառավարությունը վերջապես կհրապարակի երրորդ փորձաքննության արդյունքներն, ու ամեն բան իր տեղը կընկնի, իսկ իշխանություններն էլ ստիպված չեն լինի անհարմար դրության մեջ հայտվել իրենց ամերիկացի գործընկերների առաջ, օդից բացատրություններ մոգոնել: Թե՞ հիմա էլ չորրորդ փորձաքննությունն են պահանջելու անցկացնել…

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.