Բաքվի ախորժակը բացվում է

Վաշինգտոնում կայանալիք Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանն ընդառաջ իր շովինիստական ու հակահայ հայտարարություններով հայտնի Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օգթայ Ասադովը կրկին խոսել է Հարավային Կովկասում և, մասնավորապես, ԼՂ-ում հակամարտությունների կարգավորման հեռանկարների մասին՝ վստահություն հայտնելով, որ առաջիկայում տարածաշրջանի հակամարտությունները կկարգավորվեն:

«Կարգավորումը կլինի միջազգային նորմերի համաձայն, նախ կպահպանվի տարածքային ամբողջականության սկզբունքը»,-ասել է Ասադովը՝ միաժամանակ տրտնջալով՝ Ադրբեջանը տառապում է վերջին 30 տարվա ընթացքում:

Ասադովի կողմից առաջ քաշված թեզերը չնայած նորություն չեն, սակայն դրանք կրկնելով հենց այս ժամանակահատվածում՝ ադրբեջանցին, ըստ էության, ձևակերպել է նախարարների վաշինգտոնյան հանդիպումից Բաքվի ունեցած սպասելիքները: Միաժամանակ հարց է, թե Ասադովի վստահության պատճառը հատկապես ո՞րը կարող է լինել: Նա, այսպես ասած, ներքին ինֆորմացիայի է տիապետում ու դրա վրա հենվելո՞վ է վստահ իր կողմից առաջ քաշված պնդումներում, թե՞ սա հերթական ներքին սպառման նշանակության հայտարարությունն է՝ սեփական բնակչությանը հույսով անելու ու դրա հաշվին Ալիևի դեմքը փրկելու համար:

Ամեն դեպքում Ասադովի հայտարարությունները խոսում են այն մասին, որ ադրբեջանցի նախարարը վաշինգտոն է մեկնել մեկ հստակ նպատակով՝ ուլտիմատում ներկայացնելու թե՛ Հայաստանին, թե՛ համանախագահներին: Եթե Բաքուն առաջիկայում ականատես չդառնա միջազգային հանրության՝ Հայաստանի վրա բանեցվող ճնշման՝ «հողերը հանձնելու» պահով, ապա ամեն ինչ անելու է՝ սեփական խնդիրները ռազմական ճանապարհով լուծելու համար՝ չնայած այստեղ նույնպես ամեն բան այնքան էլ միանշանակ չէ՝ նկատի ունենալով հատկապես վերջերս հնչած Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովի այն խոսքերը, թե միջազգային դրությունն է, որ թույլ չի տալիս Բաքվին պատերազմ սկսել հայերի դեմ:

Ամեն դեպքում հայկական կողմը պետք է պատրաստ լինի ինչպես Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունների չեղարկման, այնպես էլ ավելի վտանգավոր սցենարներին: Փաշինյանն օրեր առաջ ԱԺ ամբիոնից հենց դրա մասին էր խոսում ու նախազգուշացնում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.