Երբ դատարանի որոշումը ոչինչ չարժե . Կառավարությո՞ւնն է կանգնած «բնապահպանների» հետևում

«Լիդիան Ինթերնեշնլը» հայտարարություն է տարածել, ուր բարձրաձայնել է մի խնդիր, որի գոյությունը, մեղմ ասած, տարակուսանք է հարուցում:

Պարզվում է՝ չնայած ոստիկանությունը գրավոր տեղեկացրել էր «Լիդիանին», որ իրենք կատարել են դատարանի համապատասխան վճիռը՝ ներխուժում կատարած անձանց՝ Ամուլսարի ճանապարհները արգելափակող վագոն-տնակների տեղադիրքը փոխելով, սակայն «Լիդիանի» անարգել մուտքը չի վերականգնվել: Ընկերությունը պնդում է, որ ներխուժումը շարունակվում է և ոստիկանությունը չի կատարել դատարանի վճիռն, ինչի պատճառով «Լիդիանը» միջնորդություն է ներկայացրել դատարան՝ լրացուցիչ վճիռ ստանալու նպատակով:

«Լիդիանի» նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Սելլերսը այս առիթով, մասնավորապես, հայտարարել է.  «…«Լիդիանը» զրկված է եղել աշխատելու իր օրինական իրավունքից` սկսած 2018թ. հունիսից: Դատարանի վճիռը մենք համարում ենք ներխուժման ապօրինի լինելու փաստի ճանաչում և պահանջ՝ ոստիկանությանը՝ վերականգնելու «Լիդիանի» անխափան մուտքն իր իսկ տարածք: Քանի դեռ Ամուլսարի տարածք անխափան մուտքը չի վերականգնվել, «Լիդիանը» համարում է, որ ոստիկանությունը չի իրականացրել դատարանի վճռով սահմանված իր պարտականությունները: «Լիդիանը» դիտարկելու է բոլոր իրավական հիմքերը՝ իր իրավունքները պաշտպանելու համար»:

Թե ինչպես կարելի է բացատրել վերոհիշյալ պրոբլեմի անլուծելիության ֆենոմենը, դժվար է պատկերացնել՝ չնայած կարելի է կռահել: Փաստացի ականատես ենք դառնում դատարանի վճռի նկատմամբ շատ կոնկրետ վերաբերմունքի, որի թիրախում չնայած հայտնվել է մեկ կոնկրետ ընկերություն, սակայն ինքնին խնդիրն ակնհայտորեն այնքան էլ տեղային չէ, քանի որ որոշման թերի կատարումը հարված է՝ ոչ այնքան «Լիդիանին», որքան՝  պետության հեղինակությանը: Չէ՞ որ «Լիդիանի» շուրջ ստեղծված անհեթեթ իրավիճակին հետևում են ոչ միայն երկրի ներսում, այլև արտասահմանում, և դժվար չի լինի պատկերացնել այն պոտենցիալ ներդրողի հոգեվիճակն, ում աչքի առաջ, փաստորեն, մի ողջ հսկա միջազգային ընկերություն չի կարողանում հայկական դատարանի՝ իր օգտին կայացրած որոշման հիման վրա վերականգնել իր իրավունքները:

Հունիսի 17-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, մեկնաբանելով «Լիդիանի» շուրջ ստեղծված իրավիճակը, կրկին անգամ կրկնել է արդեն ստանդարտ դարձած նախադասությունները՝ հայտարարելով, որ եթե «Լիդիան Արմենիա» ընկերության գործունեության շուրջ առկա հիմնական մտահոգությունները փարատվեն, ապա կազմակերպությունը կշարունակի գործել:

««Լիդիան Արմենիայի» վերաբացումն այն է, ինչ տեղի կունենա, երբ փորձաքննությունը կավարտվի, վերջնական եզրակացություն կտրվի արդյունքների վերաբերյալ։ Դրանք կլինեն հրապարակային։ Եվ եթե այն հիմնական մտահոգությունները, որոնք առկա էին, կփարատվեն, ապա կազմակերպությունը կշարունակի գործել»,-մասնավորապես՝ հայտարարել է Տիգրան Խաչատրյանը։

Փորձաքննության վերջնական արդյունքները դեռևս չկա՞ն, թե՞ դրանք կան, պարզապես ինչ-ինչ պատճառներով չեն հրապարակվում: Հաշվի առնելով մամուլում օրերս հայտնված տեղեկություններն այն մասին, որ ուսումնասիրության վերջնական արդյունքները պատրաստ են ու դրանք հաստատում են նախորդ երկու փորձաքնությունների արդյունքները, հիմքեր կան ենթադրելու, որ «Լիդիանի» շուրջ ստեղծված իրավիճակը հիմնավորապես արհեստական է, և սրա մասին կարող է վկայել նաև դատարանի որոշման լիարժեք չկատարումը:

Միչդեռ այս ամենի ֆոնին Հայաստանի տնտեսության իրական հատվածում դրական տեղաշարժեր գրեթե չեն նկատվում՝ չնայած «թղթերով» ամեն բան կարծես թե լավ է: Ու մինչ տնտեսության վիճակը շարունակում է բարդանալ՝ նույն իշխանությունների համար դրանից բխող վատ հետևանքնեով, զարգացման իրական հնարավորությունը ձեռքից բաց է թողնվում, բյուջեն ինչ-որ անհասկանալի պատճառներով զրկվում է իր հասանելիք հսկայական մուտքերից:

Ինչո՞ւմն է բանը, բնապահպաննե՞րն են խնդիրը, թե՞ նրանք ընդամենը շիրմա են՝ «Լիդիանի» հարցը «ջրելու» համար: Իսկապես անհասկանսլի է՝ հատկապես հաշվի առնելով հնարավոր «ջրոցիի» հետևանքները Հայաստանի Հանրապետության համար արբիտրաժային դատարանում:

Վատ չէր լինի, եթե հրատապ դարձած հարցերին հնչեին հստակ ու պատճառաբանված պատասխաններ. դա, ինչպես ասում են, բխում է ՀՀ պետական շահերից:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.