Բոլոր այն մարդիկ, որոնք դեմ են հանքի շահագործմանը, դրա մասին պետք է տեղեկացված լինեն. Ավինյան

Ամուլսարի հետ կապված ELARD ընկերության 400 հազար դոլարանոց փորձաքննության արդյունքներն արդեն պատրաստ են և այս օրերին թարգմանվում են։ Ըստ նախնական տեղեկության՝ փորձաքննության արդյունքում հանքի շահագործմանը խոչընդոտող առանձնապես լուրջ ռիսկեր առկա չեն։ Ուստի չի բացառվում, որ ՀՀ կառավարությունը շուտով ստիպված լինի գնալ հանքի շահագործման ճանապարհով՝ հեռացնելով այնտեղից ամիսներ շարունակ հանքը բլոկադայի ենթարկած բնապահպան-ակտիվիստներին։

«Նախ ստիպված լինել եզրույթը, կարծում եմ, այստեղ կիրառելի չէ, որովհետև կառավարությունն այս հարցին լուծում տալու առումով պետք է առաջնորդվի երկու հիմնական սկզբունքով։ Առաջին հերթին դա, իհարկե, ՀՀ ժողովրդի բարեկեցության, առողջության հարցն է, և այն պոտենցիալ, հնարավոր ռիսկերը, որ հնարավոր է՝ այս ծրագիրը պարունակում է կամ չի պարունակում։ Իսկ երկրորդ հարցը գործարար միջավայրի հետ կապված խնդիրներն են, որ հնարավոր է նաև այս գործարարի և այս ընկերուրթյան նկատմամբ մենք չպետք է որևէ խտրական վերաբերմունք ցուցաբերենք, և ռիսկերը գնահատելուց հետո պետք է վերջնական հասկանանք, թե ինչ ձևով ենք առաջ շարժվում։ Եվ եթե եզրակացությունը լինի բացասական, և այնտեղ լինեն ռիսկեր, որոնք կառավարելի չեն, ուղղակի հանքը չի շահագործվի։ Իսկ եթե լինեն ռիսկեր, որոնք կառավարելի կլինեն, միանշանակ հանքը կշահագործվի»,-մեզ հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ում վերահսկողության տակ է այս հարցը։

-Երկու դեպքում էլ, սակայն, կառավարությունը կկանգնի բավականին բարդ իրավիճակի առաջ։ Եթե հանքը չպետք է շահագործվի, այս դեպքում ՀՀ կառավարությունը կկանգնի միջազգային արբիտրաժի առաջ, իսկ եթե պարզվի, որ հանքը պետք է շահագործվի, արդեն խնդիր ոկւնենաք բնապահպանների հետ, որոնք դեմ են շահագործմանը։

-Ես կարծում եմ՝ կառավարությունը չպետք է վախենա խնդիրներից, երկրորդը՝ ինչ վերաբերում է դատական պրոցեսին, արբիտրաժին, եթե այնպիսի ռիսկեր բացահայտվեն, որոնք որ կխոսեն այն մասին, որ հանքը շահագործելու պարագայում այդ ռիսկերն ուղղակիորեն կազդեն մարդկանց առողջության վրա, ես համոզված եմ, որ որևէ արբիտրաժում մենք չենք կարող պարտություն կրել։ Այսինքն՝ իմաստ չունի գնալ արբիտրաժ, հակառակ պարագայում, ես կարծում եմ՝ ամենակարևորը, որ պետք է անի կառավարությունը, պետք է լինի անկեղծ իր ժողովրդի հետ և բացահայտի այն իրողությունը, որն առկա է։ Եվ եթե չկան ռիսկեր տվյալ ծրագրի հետ կապված, դա պետք է պարզ, հստակ ասել։ Մենք հիմա սպասում ենք վերջնական եզրակացությանը։

-Իսկ եթե որոշվի, որ հանքը պետք է շահագործվի, ինչպե՞ս է վարվելու կառավարությունը հանքը փակած ցուցարարների հետ, ո՞ւժ կգործադրի, թե՞ կփորձի բանակցել ու թավշյա ճանապարհով բացել հանքը։

-Ես համոզված եմ, որ փորձաքննության արդյունքները կառավարությունը պետք է դարձնի հանրային, բոլոր այն մարդիկ, որոնք դեմ են հանքի շահագործմանը, դրա մասին պետք է տեղեկացված լինեն, ինչպես նաև վերջնական որոշումը պետք է արդեն, ըստ այդմ, կայացվի։

Նյութի աղբյուրը՝ Hraparak.am

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.