Պատերազմ՝ հակահեղափոխությանը. ո՞րն է պայքարի ունիվերսալ զենքը

Հունիսի 16-ին տեղի ուենցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հինգերորդ համաժողովում  թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛  Արարատ Միրզոյանը և թե՛ Սասուն Միքայելյանն իրենց ելույթներում խոսել են վերակենդանանալ փորձող նախորդ համակարգի մասին՝ ըստ էության՝ չհերքելով դրանից բխող իրական վտանգը:

Փաշինյանն, օրինակ, իր խոսքում անդրադարձել էր սոցցանցային վճարովի կեղծ պրոֆիլների՝  անլուծելի դարձած  խնդրին՝ հեգնելով՝ ֆեյքերի և «Յութուբում» դիսլայք դնելու համար բացված աշխատատեղերը ներառելու դեպքում նոր բացված աշխատատեղերի վիճակագրությունը շատ ավելի մեծ կլիներ:

Սասուն Միքայելյանն էլ, իր ելույթում դիմելով նախորնդներին, ասել է. «Մեր ժողովուրդը խելոք է, իմաստուն և ունի լավ հիշողություն, նա երբեք էլ թույլ չի տա իշխանության բռնազավթում, որը դուք կատարել եք ձեր իշխանության օրոք: Ձեզ` նախորդներիդ, ևս մեկ անգամ հիշեցնում և զգուշացնում ենք, որ ձեր իշխանության օրոք է եղել Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը և այլ ոճրագործություններ: Դրանց պատասխանատուն դուք եք»:

Իսկ ահա Արարատ  Միրզոյանի խոսքն, առհասարակ, կտրուկ ու չափազանց սուր է ստացվել:

«Մեզ պատերազմ է հայտարարված, բայց ոչ թե մեր քաղաքական թիմին, այլ ՀՀ հեռանկարին, երազանքին: Եթե այդ պատերազմը ՔՊ-ին հայտարարված լիներ, որպես քաղաքական թիմի, ապա կարելի էր և պարտվել: Բայց  պատերազմ են հայտարարում ոչ թե մեզ, ոչ թե մեր քաղաքական թիմին, պատերազմ են հայտարարում ՀՀ հեռանկարին, երազանքին: Այստեղ է, որ պետք է հասկանանք՝ մենք պարտվելու իրավունք չունենք: Այս պատերազմում մենք պարտվելու իրավունք չունենք, քանի դեռ մենք ունենք ՀՀ քաղաքացիների աջակցությունը»,-մասնավորապես՝ հայտարարել է Արարատ Միրզոյանը՝ միաժամանակ հորդորելով կանգնել ու պայքարել հանուն հաղթանակի:

Իշխանական քաղաքական ուժի երեք կարևորագույն ներկայացուցիչների խոսքում, ըստ էության, նկատվում է որոշակի մտահոգություն՝ կապված նախկին համակարգի վերածննդի հետ:

Կա՞ն բավարար հիմքեր պնդելու, որ նախորդ համակարգը կարող է ինչ-որ պահի վերածնունդ ապրել, կամ վախենալու, որ հակահեղափոխությունը կարող է հաղթանակով պսակվել:

Չնայած ակնհայտորեն այժմ նման պնդումներ անելու բավարար հիմքեր չկան, սակայն Փաշինյանի, Միքայելյանի ու Միրզոյանի հնչեցրած մտահոգությունները ստիպում են ենթադրել, որ նման վտանգ իրենք՝ իշխանություններն, իսկապես կանխազգում են, տեսնում են:

Մամուլում վերջերս հաճախ է գրվում այն մասին, որ նախորդներն սկսել են ինչ-որ բաներ «բնբնալ»: Մասնավորապես՝ օրերս «Իրատես»-ն էր նմանբովանդակ հոդված հրապարակել՝ տեղեկացնելով, որ թեպետ նախկին իշխանության ներկայացուցիչները հրապարակավ ակտիվ քաղաքական գործողությունների չեն դիմում, սակայն ներսում ամեն ինչ «եփվում» է: Հրապարակման մեջ միաժամանակ հիշատակվում էին Կարեն Կարապետյանի, Սամվել Կարապետյանի ու Գագիկ Բեգլարյանի անունները՝ մարդկանց, որոնք սերտագույն կապերի մեջ են գտնվում նույն Ռոբերտ Քոչարյանի՝ հակահեղափոխության  գլխավոր առանցքի հետ՝ օտար չլինելով նաև հեղափոխության հետևանքով տապալվածներին:

Մյուս կողմից՝ հարց է առաջանում, թե ի՞նչ կարող են այսօրինակ խմորումները նշանակել մի իշխանության համար, որի թիկունքին մի ողջ ժողովուրդ  է կանգնած, որին աջակցում է երկրի բնակչության մեծամասնությունը:

Հետաքրքիր է՝ իշխանությունները հիմքեր ունե՞ն կարծելու, որ այժմ իրականությունը մի փոքր այլ է՝ մտահոգիչ:

Այս իմաստով, թերևս, բավական խոսուն պետք է համարել մի ուշագրավ դրվագ:

«Իմ քայլը» ֆեյսբուքյան իր էջում հարցում էր անցկացրել պարզելու՝ արդյոք մարդիկ գո՞հ են Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնի ղեկավարումից, թե՞ ոչ։ Եվ ահա պարզվել է, որ ի զարմանս շատ-շատերի, հարցման արդյունքները հիասթափեցնող են եղել.  «այո»՝ 46%, «ոչ»՝ 54%։

Ճիշտ է սխալ կլինի պնդել, թե նմանօրինակ ստատիստիկան  անսխալ կերպով արտահայտում է հասարակական տրամարդությունների ողջ իսկությունը, սակայն միանշանակ է, որ  իշխանությունները մտահոգվելու տեղ իսկապես ունեն:

Հասարակական տրամադրություններում տեղի ունեցող փոփոխություննե՞րն են ստիպում իշխանություններին նախորդ համակարգի ու դրա սպասավորների մեջ տեսնելու կատաղի հակառակորդի, նախորդների ակտիվ հակաիշխանական պրոպագանդա՞ն է ազդում այդ տրամադրությունների վրա, թե՞ իրականում գործ ունենք էյֆորիայի մարման ֆոնին տնտեսական վիճակի վատացման հետևանք հանդիսացող դրսևորման հետ:

Սրանք այն հարցերն են, որոնց ճշգրիտ պատասխաններ գնտնելն է, որ կարող է փարատել իշխանությունների անհանգստությունն ու տալ նրանց անկման դեմ պայքարի գործուն միջոցներ:

Մյուս կողմից, իհարկե, հարց է առաջանում, թե ընդհանրապես իրենք՝ նախորդներն, ի՞նչ շանսեր կարող են ունենալ այն դեպքում, երբ տնտեսական ներկայիս ոչ հաճելի իրողությունների մեղավորները հենց իրենք են: Փաշինյանի իշխանության ժողովրդականության անկումն ինքնաբերաբար բերելո՞ւ է հին համակագի վերածննդին:

Միանշանակ է, որ ոչ, քանի որ դժվար թե ժողովուրդը միևնույն գետն երկրորդ անգամ մտնելու ցանկություն հայտնի, բայց մյուս կողմից` հայտնի է նաև, որ «սուրբ տեղն երբեք դատարկ չի մնում» և պետք է ինչ-որ կերպ լցվի:

Բոլոր դեպքերում պետք է արձանագրել, որ իշխանությունները պատրսատակամ են վերցնել այն ձեռնոցը, որ նետվել է նրանց հակահեղափոխության կողմից: Միևնույն ժամանակ, սակայն, միանշանակ է այն, որ հակահեղափոխությանն ուղղված հակահարվածը պետք է լինի մտածված ու գուցե  ոչ ճակատային. իրավիճակից արդյունավետ ելք կարող է լինել Հայաստանի տնտեսական զարգացման ցուցանիշների վերելքի ապահովումը, սոցիալ-տնտեսական իրավիճակի հնարավորինս արագ շտկումը, որ կստիպի մարդկանց կրկին անվերապահ վստահություն տածել իշխանությունների նկատմամբ՝ հավատալով նաև սեփական ուժերին:

Հարկ է  անել ամեն ինչ՝ հիասթափություն թույլ չտալու համար:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.