Ազդակներ՝ Մոսկվային. խորհրդավոր հանդիպում

Օրերս ՌԴ դեսպանի ու Քոչարյանի միջև կայացած հանդիպումը բավական լայն արձագանք է ստացել՝ միաժամանակ արժանանալով կարծես ոչ միանշանակ գնահատականի իշխանությունների կողմից:

Արարատ Միրզոյանն, օրինակ, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այդ հանդիպմանը, չէր ողջունել այն՝ հայտարարելով. «Ի վերջո՝ որևէ երկրի դեսպան կարող է քաղաքական դաշտի ողջ սպեկտորի ներկայացուցչների հետ հանդիպել, այստեղ ուրիշ բան կա՝ այն մեղադրանքները, որոնք այդ անձին ներկայացված են, մի փոքր դուրս է դնում էդ մարդուն մաքուր քաղաքական դաշտից։

Այդտեղ շատ այլ որակների, շահագրգռությունների մասին է խոսքը, հենց դրա համար էլ չեմ ողջունում։ Այսինքն՝ ես չեմ տեսնում Ռոբերտ Քոչարյանին որպես քաղաքական գործիչ և քաղաքական դաշտի ներկայացուցիչ, այլապես ես կողջունեի Ռուսաստանի դեսպանի կամ որևէ այլ դեսպանի շփումն իր հետ»:

Իսկ ահա այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի փոխարտգործնախարար  Գրիգոր  Հովհաննիսյանը, գնահատելով իրավիճակն, ասել է, որ դեսպանի գործողությունները չեն կարող դառնալ դատապարտման կամ հատուկ քննության առարկա իրենց գերատեսչության կողմից՝ նկատելով, որ դիվանագիտական արարողակարգի առումով, անգամ այն անձանց հանդեպ, ովքեր գտնվում են քննության տակ, սահմանափակումներ լինել չեն կարող։

Հակառակ սրա՝ հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն իր հերթին հայտարարել է՝ հանդիպումը տարօրինակ է և արժանի չէ ողջունվելու։

Ավելի ուշ Ռուբեն Ռուբինյանն իր ֆեյսբուքյան էջում  գրառում է կատարել, ուր, մասնավորապես, գրել է. «… Խոսել եմ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։

Նախարարն ինձ տեղեկացրեց, որ իրականում ՌԴ դեսպանն այս առնչությամբ անցած ուրբաթ հրավիրվել է ԱԳՆ, որտեղ դեսպանի հետ տեղի է ունեցել զրույց՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում։

Իսկ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանն այս մասին հանձնաժողովի նիստի ընթացքում չէր ասել, որովհետև այդ պահին չուներ տեղեկությունը հրապարակայնացնելու թույլտվություն»։

Քոչարյան-Կոպիրկին հանդիպման շուրջ ստեղծված այս աժիոտաժը, թերևս, ըմբռնելի է՝ հատկապես հաշվի առնելով այն, որ այդ հանիդպմանը ծավալված խոսակցության բովանդակային մասի վերաբերյալ տեղեկությունները փաստացի բացակայում են, ինչն էլ, ըստ էության, անհանգստություններ է առաջ բերում:

Հարցն այն է, սակայն, թե իրականում  ինչո՞վ կարող է պայմաավորված լինել նմանօրինակ անհանգստությունն իր խորքում այն դեպքում,երբ բազմիցս նույն Փաշինյանը հայտարարել է ու շարունակում է պնդել, որ հայ-ռուսական հարաբերությունները հայաստանյան նոր իշխանությունների օրոք կատարյալ են, և որ որևիցե անվստահություն երկու երկրների միջև գոյություն չունի: Ի դեպ՝ նույն Արարատ Միրզոյանն էլ, մեկնաբանելով հայ-ռուսական հարաբերոթյունները, հայտարարել էր, որ ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև անլուծելի, կնճռոտ հարցեր չկան՝ միաժամանակ հավելելով, որ լուրջ չի վերաբերվում այն խոսակցություններին, թե ՌԴ ղեկավարությունը ՀՀ ղեկավարության առաջ պայման է դրել`ազատ արձակելու Ռոբերտ Քոչարյանին:

Այսինքն՝ մի կողմից՝ իշխանությունները պնդում են, որ հայ-ռուսական հարաբերությունները գործնականում իդեալական են, մյուս կողմից՝ հավաստիացնում, որ Քոչարյանի թեման այդ հարաբերոթյուններում տեղ չունի, այնինչ տեղի ունեցած աղմկահարույց հանդիպմանը հետևած մեկնաբանություններն ու արձագանքները կարծես այլ բան են փաստում:

Եվ ուրեմն՝ որքանո՞վ են անկեղծ իշխանություններն իրականում:

Այս ամենի ֆոնին, ի դեպ, բավական ինքնատիպ նշանակություն է ձեռք բերում այն փաստը, որ այս տարի Ռուսաստանի պետական տոնի առթիվ Նիկոլ Փաշինյանը որոշել էր բավարարվել գրավոր շնորհավորանքներով այն դեպքում, երբ անցյալ տարի այցելել էր ՌԴ դեսպանատուն՝ անձամբ շնորհավորելու ՌԴ պետական տոնի կապակցությամբ։ 

Այս ամենի համապատկերին ուշագրավ խորհրդավորություն է  ստանում նաև հունիսի 16-ին կայացած Նիկոլ Փաշինյան-Սամվել Կարապետյան հանդիպումը, որի վերաբերյալ մամուլում հայտնվեցին ոչ միայն հրապարակումներ, այլև բավական խոսուն լուսանկարներ՝ վկայող այն մասին, որ հանդիպումն անցել է ջերմ, բարեկամական  մթնոլորտում:

Իրականում ի՞նչ կարող էին քննարկել Փաշինյայնն ու նախորդ համակարգի հենսայուներից մեկը համարվող Սամվել Կարապետյանն, ով համարվում է նաև Հայաստանը  նախորդ իշխանությունների ժամանակ Կրեմլի «դաբրոյով» կուրացիա անող ազդեցիկ բիզնեսմեններից մեկը:

Ինչ-որ խնդիրներ հարթելու համա՞ր է Կարապետյանը ցանկացել Փաշինյանի հետ հանդիպել, Կրեմլից եկող ինչ-որ ուղերձնե՞ր է բերել Փաշինյանին, թե՞ հանդիպման մեխը դարձել են ՌԴ-ՀՀ տնտեսական հարաբերություններին առնչվող խնդիրները:Իսկ միգուցե Քոչարյանի թեմա՞ն է քննարկման առարկա դարձել՝ հաշվի առնելով իշխանությունների հատոկ վերաբերմունքը խնդրին: Չէ՞ որ Մոսկվայի համար որքան էլ թանկ լինի Քոչարյանն, առաջին պլանում միշտ ազգային, պետական շահերն են, որոնք պահանջում են փոխըմբռնելի մթնոլորտի ձևավորում ՀՀ նոր իշխանությունների ու Մոսկվայի միջև:  

Մյուս կողմից՝ կա, իհարկե, տնտեսական հեղափոխության օրակարգը, որի կյանքի կոչման հարցում, ինչպես հայտնի է, արմատական դերակատարում ունեն օտարերկրյա ներդրումներին առնչվող հարցերը: Բոլորովին չի բացառվում, որ Փաշինյան- Կարապետյան հանդիպման առանցքում ընկած լինեն նաև այս խնդրին առնչվող հարցեր, չէ՞ որ քաղաքական առումով այսօրինակ հարցերն իշխանությունների համար պակաս կարևոր չեն, քան ասենք նույն Քոչարյանի թեման, միակ հարցն, սական, այն է, թե ինչ գնով:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.