Տարօրինակ իրավիճակ՝ Ամուլսարի շուրջ. Կառավարությանը վախեցրե՞լ են

Ինչպես հայտնի է, օրերս մամուլում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ լիբանանյան «ELARD» կազմակերպությունը, որին ՀՀ կառավարությունը 400 հազար դոլար էր վճարել «Լիդիան Արմենիա» ընկերության հանքի էկոլոգիական փորձաքննության համար, արդեն կազմել է նախնական եզրակացությունը, որն ընդհանուր առմամբ դրական է հանքը շահագործողի համար. խոսվում էր ընդամենը 5 ոչ էական դիտողության մասին, որոնք պետք է շտկվեին «Լիդիան Արմենիայի» կողմից՝ նախքան հանքը շահագործելը։

Եվ ահա այժմ հայտնի է դարձել, որ  «Լիդիան Արմենիա» ընկերության հանքի էկոլոգիական փորձաքննության վերջնական եզրակացությունն արդեն պատրաստ է։ Ընդ որում՝ պարզվում է, որ «ELARD»-ի տված նախնական եզրակացության մեջ նշված 5 ոչ էական առարկությունները  բացակայում են վերջնական եզրակացության մեջ։ Եզրակացությունը, սակայն, որքան էլ տարօրինակ է, չի տրամադրվել  «Լիդիան Արմենիա»  ընկերությանը։ Ասում են՝ Կառավարության զգուշավարությունն ու «ոտքը կախ գցելը» պայմանավորված է «բնապահպան» կոչվածների հանդեպ ունեցած վախերով. փորձում են հրապարակումը հնարավորինս անցնցում կազմակերպել, որպեսզի բնապահպանները չխոչընդոտեն հանքի հետագա շահագործմանը:

Հեղափոխությունից հետո իշխանությունները հայտարարեցին, որ չեն վստահում նախորդ փորձաքննությունների արդյունքներին ու մտադիր են ևս մեկ անգամ փորձության ենթարկել «Լիդիանին»:

Հիմա, փասորեն, հայտնի է  դառնում, որ փորձաքննության արդյունքները կատարելապես համընկնում են նախորդների արձանագրած տվյալներին, և որևիցե վտանգ Հայաստանի ջրային ավազանի, բնության համար հանքի շահագործումը չի ներկայացնում:

Չնայած նախարար Էրիկ Գրիգորյանն իր վերջին հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ խնդրի վերջնական պարզաբանմանը մնացել է ընդամենը մի քանի օր, սակայն  տարօրինակ կերպով փորձաքննության տվյալներն, ինչպես երևում է, Կառավարությունը չի պատրաստվում հանրայնացնել, և պարզ չէ, թե երբ դրան ականատես կդառնանք:

Եթե իսկապես ճշմարիտ են մամուլում տեղ գտած լուրերն ու իրավիճակի վերաբերյալ հիմնավորումներն, ապա այս իրավիճակն առաջ է բերում իսկապես լրջագույն հարցեր:

Ի՞նչը կարող է իշխանություններին ստիպել վախենալ մի խումբ «բնապահպան» կոչվածներից: Մի՞թե մի ողջ հասարակության բացարձակ աջակցությունը ստացած ու հիմա էլ այն անվերապահորեն վայելող Փաշինյանի իշխանությունը կարող է իրեն թույլ տալ վախենալ մի քանի տասնյակի հասնող ինչ-որ ակտիվիստներից: Կոնկրետ ինչի՞ց են վախենում, հասարակական բունտի՞ց, թե՞ հնարավոր քաղաքացիական պատերազմի բռնկումից…

Եթե  ամեն բան նորմալ է, ապա ո՞րն է իմաստը՝ ժամանակն անիմաստ ձգձգելու մի դեպքում, երբ երկրի տնտեսության վիճակն այնքան էլ հուսադրող չէ, իսկ առաջին անհրաժեշտության ապրանքների գներն էլ շուկայում անսովոր աճ են արձանագրում՝  է՛լ ավելի խորացնելով աղքատությունն ու սոցիալ-տնտեսական ճգնաժամը հատկապես շրջաններում:

Մինչդեռ Ամուլսարի շուտափույթ շահագործումը կարող է էական աջակցություն դառնալ նույն Կառավարությանը՝ չեզոքացնելու մի շարք օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված սոցիալ-տնտեսական լարվածությունը ոչ միայն շրջաններում, այլև ամբողջ Հայաստանում:

Համարձակ քայլերի ժամանակը հասունացել է, սպասելու տեղ ու իմաստ այլևս չկա: 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.