Միքայել Մինասյանի նպատակային ակտիվությունը. նա իշխանություններին «ձեռնոց կնետի՞»

Համաշխարհային մամուլի մի շարք հեղինակավոր ռեսուրսներում («The Huffington Post», «Независимая газета», Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթ…) բազմաբովանդակ հոդվածներ հրապարակելուց հետո Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հիմա էլ հայաստանյան 168.am-ում է հոդված հրապարակել՝ «Խրամատներից դուրս գալու ժամանակը» վերտառությամբ, ուր, մասնավորապես, սեփական խոհերով է կիսվել՝ կապված հետհեղափոխական Հայաստանում ստեղծված ներհասարակական մթնոլորտի և, առհասարակ, երկրում ստեղծված իրավիճակի հետ:

«Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ բարեկեցիկ ապրելու հնարավորություն են ստանում միայն այն հասարակությունները, որոնք կարողանում են պայմանավորվել բարեկեցիկ ապագա ստեղծելու շուրջ: Լավ ապրելու իրավունքը հնարավոր է միայն վաստակել ընդհանուր շահի գիտակցման, համերաշխության, փոխադարձ վստահության և գործակցության մթնոլորտում։

Մենք հավաքական ընտրություն ունենք կատարելու՝ ապրել համերա՞շխ, թե՞ կռվելով, ոչնչացնելով բոլորին ու ամեն ինչ, թե՞ առաջ գնալ՝ սխալները շտկելով»,-մասնավորաբար՝ ասված է Մինասյանի հոդվածում։

Ամիսներ առաջ մամուլում լուրեր տարածվեցին այն մասին, որ Միքայել Մինասյանը տեսանելի ապագայում պատրաստվում է ակտիվ քաղաքականություն մտնել: Խոսք էր գնում անգամ այս տարվա գարնանը Մինասյանի մի խումբ թիմակիցների կողմից նոր կուսակցության ստեղծման մասին, որի բուն առաքելությունն էր դառնալու  Մինասյանին ակտիվ քաղաքական դաշտ բերելը:

Միքայել Մինասյանի հոդվածագրությամբ տարվելու ակնհայտ ու շատերի համար միգուցե նաև անակնկալ դարձած փաստը կարո՞ղ է պայմանավորված լինել նրա՝ իսկապես ակտիվ քաղաքկանություն մուտք գործելու ձգտումներով: Դժվար թե խելամիտ լինի կարծելը, թե Մինասյանի հոդվածները, որոնք աչքի են ընկնում կոնկրետ ուղերձներով՝ուղղված ոչ միայն հայ հասարակությանն, ինչպես վերջին հոդվածի պարագայում, այլև ասենք համաշխարհային ուժային կենտրոններին, կարող են ինքնանպատակ լինել:

Դատելով վերջին հոդվածի բովանակությունից՝ կարելի է ենթադրել, որ Մինասյանը Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ հիմքեր տեսնում է՝ միաժամանակ փորձելով դրանք տեսանելի դարձնել նաև հասարակությանը: Նա փորձում է  հակադրվել «սևերի ու սպիտակների» վերաբերյալ հետհեղափոխական թեզին՝ դրան հակադրելով համահասարակական  միասնության վերաբերյալ իր պատկերացումները:

Իհարկե, հոդվածը կարելի է վերլուծել կամ  կրիտիկայի ենթարկել երկար, սակայն, այստեղ էականը ոչ այնքան հոդվածի բովանդակային մասն է, որքան հոդվածի գոյությունն ինքնին:

Օբյեկտիվորեն կա՞ն անհրաժեշտ հիմքեր, առկա է, արդյոք, պարարտ հող՝ Միքայել Մինասյանի՝ հայաստանյան քաղքական դաշտ մուտք գործելու համար՝ հաշվի առնելով նաև նրա ունեցած հարազատական կապերի սպեցիֆիկան: Ակնհայտորեն՝ ոչ, ինչը, սակայն, ինքնին չի բացառում ապագայում նման հնարավորության հավանականությունը՝ հաշվի առնելով հատկապես ներկա իշխանություններից հասարակության ունեցած հսկայական սպասելիքներն ու այն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ խոչընդոտները, որոնք ծառացած են մնում այդ սպասելիքների իրականացման ճանապարհին՝ թույլ չտալով իշխանություններին կասեցնել էյֆորիկ տրամադրությունների անկումը:

Մյուս կողմից՝ ոչ պակաս կարևոր հարց է այն, թե ի՞նչ ռեսուրսների օգնությամբ է, որ Մինասյանը կարող է հավակնել իշխանության: Նրա անվան հետ կապվող «Լուսավոր Հայաստա՞նն» է դառնալու Մինասյանի հենարանը կամ միգուցե ոչ օտար ՀՀԿ-ն, թե՞ դրանց հետ մեկտեղ նաև մեկ այլ քաղաքական ուժ, որի ստեղծման մասին, ինչպես վերը նշվեց, խոսվել էր ամիսներ առաջ մամուլում:

Ամեն դեպքում գալիս է ժամանակն, երբ հասարակությունն այսպես թե այնպես պահանջելու է գործող իշխանություններին որևիցե այլընտրանք, և հավանական է, որ Մինասյանի՝ ակտիվ քաղաքականություն մուտքը ծրագրված է հենց այդ ժամանակահատվածի համար, երբ քաղաքական դաշտը դուրս կգա հեղափոխությամբ սկիզբ առած, բայց ոչ հավերժական խորը թմբիրից:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.