Վերաբեռնավորում՝ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում. ինչո՞ւ Սինանյանը

Ինչպես և ակնկալվում էր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Զարեհ Սինանյանը նշանակվել է  Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար:

Ավելի վաղ  հայտնի էր դարձել, որ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը հրաժարվել է պաշտոնից՝ ՀՀ կառավարությունում բարձր պաշտոն ստանձնելու նպատակով։

Սինանյանն առաջին անգամ 2013-ին է ընտրվել Գլենդելի քաղաքապետական խորհրդի անդամ և՝ վերընտրվել 2017-ին։ Նա երկու անգամ ստանձնել է քաղաքապետի պաշտոնը՝ 2014-2015-ին և 2018-2019-ին:

Բացի այդ, Սինանյանը հանդիսանում է նաև Հոլիվուդ-Բըրբանք օդանավակայանի տնօրինության նախագահը:

Զարեհ Սինանյանի՝ համապատասխան պաշտոնում նշանակվելն առավելապես ուշագրավ է այն հանգամանքով,  որ առաջին անգամ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների գլխավոր կոորդինատորի դերում հանդես է գալու ոչ հայաստանցի մեկը: Ընդ որոմ՝ ուշագրավ է  նաև այն, որ այդ ոչ հայաստանցին հանդիսանում է փաստացի ամերիկահպատակ անձ, ինչը, թերևս, տալիս է ենթադրելու առիթ, որ նմանօրինակ ընտրության փաստն ինքնանպատակ բնույթ չէ, որ կրում է:

Սփյուռքի նախարարության լուծարման վերաբերյալ որոշումն իշխանությունները հիմնավորեցին այն իրողությամբ, որ այն իր գործառույթների իրականացման հարցում ունեցել է հսկայական թերացուներ՝ դառնալով, ըստ էության, ավելոդ բեռ պետական բյուջեի համար: Անկասկած, այս հարցում դժվար է վիճել իշխանությունների հետ կամ լուրջ հակափաստարկ ներկայացնել:

Հարց է, սակայն, այն, թե կոնկրետ ի՞նչ խնդիրներ են լուծելու իշխանությունները՝ վերանայելով կամ վերաձևակերպելով Սփյուռքի հետ տարվող աշխատանքների բնույթն ու բովանդակությունը կամ այն ֆորմատը, որի օգնությամբ փորձ է արվելու նոր մակարդակի բարձրացնել այդ հարաբերությունները: Կոնկրետ Զարեհ Սինանյանի ընտրությունը պայմանավորվա՞ծ է այդ հարցերում իշխանությունների որդեգրած արմատապես նոր ռազմավարության հետ, եթե այո, ապա որտե՞ղ է երաշխիքը, որ հենց Սինանյանն է ի վիճակի լինելու նոր մակարդակի բարձրացնելու Հայաստան-Սփյուռք բազմաբարդ հարաբերությունները:

Հավանական  է, որ Սինայնանին գերապատվություն տալու փաստը բոլորովին էլ պատահական չէ, և հնարավոր է՝ նման որոշում կայացվել է՝ առաջին հերթին սերտացնելու Հայաստան-ամերիկահայություն հարաբերություններն ու փոխգործակցությունը, շեշտը դնելու հայկական սփյուռքի հենց այդ հատվածի հետ աշխատանքների վրա, ինչպես նաև առավել սերտ կապեր հաստատելու, առհասարակ, արևմտյան աշխահում ծվարած մեր ժողովրդի մի զգալի հատվածի հետ: Սրա հիմքում կարող են ընկած լինել ոչ միայն տնտեսական դրդապատճառներ, այլև՝ աշխարհաքաղաքական՝ պայմանավորված Հայաստանի վրա Արևմուտքի ունեցած ազդեցության մեծացման հետ՝ հատկապես հեղափոխությունից հետո:

Բացի այդ, Հայաստանն այսօր տարածաշրջանում սեփական կշիռը բարձրացնելու համար կարիք ունի հատկապես արևմտյան երկրներում գտնվող մեր հայրենակիցների լայն աջակցության՝ բնական հավասարակշռություն պահպանելու համար, Հայաստանի թափն ու կշիռը տարածաշրջանում ավելացնելու, գործոն դառնալու:

Մյուս կողից՝ կա նաև հայ-ամերիկյան հարաբերությունների խնդիրը. հեղափոխությունից հետո դրանք մի տեսակ պակաս դինամիկ են դարձել, բավարար չափով ինտեսնիվություն չի նկատվում, ինչն, անկասկած, կարիք ունի շտկման, և Սինանյանը, հաշվի առնելով նրա ով լինելը, կարող է հավելյալ կապող օղակ դառնալ ՀՀ-ԱՄՆ հարաբերություններում՝ դրանից բխող նաև տնտեսական դրական հետևանքներով:

Սակայն կա հարցի մեկ այլ կողմ նույնպես: Որքանո՞վ կհաջողի Սինանյանը հայկական սփյուռքի մյուս հատվածների հետ իր աշխատանքներում: Խոսքն առաջին հերթին Սփյուռքի ռուսական հատվածի մասին է: Արդյոք նրա ամերիկահպատակ լինելու հանգամանքը խոչընդոտ չի՞ դառնա՝ հաշվի առնելով ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների ներկա բնույթը: Ի դեպ՝ նույնաբովանդակ խնդիր կա՝ նաև Սփյուռքի իրանական հատվածի հետ կապված: Սինանյանը պետք է կարողանա յուրայինի համարում ձեռք բերել հայկական սփյուռքի բոլոր հատվածների շրջանում, ինչը, թերևս, բարդ կլինի՝ հաշվի առնելով որոշ գործոններ:

Մարտահրավերներն ու դժվարությունները, որ ծառանալու են Սինանյանի առաջ, իհարկե, բազմաշերտ են՝ սկսած ստանձնելիք առաքելության գնահատումից  մինչև աշխարհաքաղաքական  խնդիրներ, և այդ իմաստով Սինանյանը նախևառաջ պետք է կարողանա հնարավորինս լայնախոհություն ցուցաբերել՝ դրսում ունեցած իր կապերը բանեցնելով նախևառաջ հայրենիքի շենացմանն ի նպաստ՝ Փաշինյանի անմիջական աջակցությամբ՝ իհարկե:

Շատ է խոսվում տնտեսական հեղափոխություն իրականացնելու անհրաժեշտության ու Հայաստանի համար այդ հարցի գերկարևորության մասին: Միանշանակ է, որ այդ հեղափոխությունը չի կարող լիարժեքորեն կայանալ, եթե Հայաստանի իշխանություններին չհաջողվի երկիր բերել նաև Սփյուռքի ունեցած կապիտալի գոնե մի չնչին մասը:

Սինանյանի նշանակման հարցում մեծ դեր է ունեցել նաև այս գիտակցումը՝ թերևս:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.