Դանիել Իոանիսյանն` Արտակ Զեյնալյանի փոխարե՞ն. Փաշինյանը՝ վտանգավոր դիլեմայի առաջ

Hraparak.am-ին տված հարցազրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոանիսյանը չի բացառել իր՝ առաջիկայում ՀՀ արդարադատության  նախարարի պաշտոնում նշանակվելու հավանականությունը:

Հարցին՝ կրթությունը թույլ կտա՞  համապատասխան պաշտոնում աշխատանքային գործունեություն ծավալել, չէ՞ որ Իոանիսյանը ֆիզիկոս է և չունի իրավաբանական կրթություն, բանախոսը հարցին հարցով է պատասխանել. «Իրավաբանակա՞ն առումով, թե՞ փաստացի։ Իրավական առումով, կարծում եմ, կարդացել եք ՀՀ Սահմանադրությունը և գիտեք՝ ով կարող է լինել կառավարության անդամ, ով՝ ոչ։ Եվ էս առումով ուզում եմ ուղղակի հիշեցնել, որ ունենք կառավարության անդամներ, ովքեր  բարձրագույն կրթություն անգամ չունեն»:

Արտակ Զեյնալյանի հրաժարականը, չնայած չէր կարող համարվել անսպասելի, այնուամենայնիվ, առաջ է բերել հարցեր, որոնց շուրջ հատկապես մամուլում այս օրերին չեն դադարում տարբեր բնույթի կարծիքներ հնչել, գրվել վերլուծություններ  և այլն: Հնչող տեսակետներից մեկն էլ այն է, որ Զեյնալյանի հրաժարականն արդյունք է դարձել իշխանության մեջ հարմարավետորեն ծվարած սորոսյան թևի համառ ջանքերի ու նրանց կողմից արդարադատության ոլորտը սեփականելու վերաբերյալ պլանների: Մասնավորապես՝ ներկայումս առավելապես ու բավական ակտիվորեն շրանառվում է նույն Դանիել Իոանիսյանի անունը՝ որպես նախարարի հավանական թեկնածուի, ինչը, թերևս, որոշակիորեն հաստատում է նմանօրինակ վարկածի իսկությունը՝ հաշվի առնելով հատկապես Ռուստամ Բադասյանի թեկնածության չեղարկումը:

Եթե, այնուամենայնիվ, առաջիկայում ականատես դառնանք Իոանիսյանի նշանակմանը, որը թեպետ ներկայումս անհավանական է թվում,  ապա  այդ փաստն անխուսափելիորեն առաջ է բերելու հսկայական թվով հարցեր, որոնց պատասխաններ գտնելն այնքան էլ հեշտ չի լինի:

Ակնհատ է, որ Իոանիսյանի՝ նման բարձր պաշտոնին նշանակումը կարող է խնդիրներ առաջ բերել առաջին հերթին ուժայինների նեղ շրջանակում՝ հաշվի առնելով նախարարացուի՝ ասենք նույն ԱԱԾ-ի ու Արթուր Վանեցյանի հանդեպ ունեցած անթաքույց  արգահատանքի փաստը: Այս իմաստով հետաքրքիր կլիներ իմանալ՝ նախարար դառնալուց հետո է՞լ է Իոանիսյանը փորձելու կյանքի դասեր տալ ԱԱԾ տնօրենին, կառույցն, այսպես ասած, ժողովրդավարայնացնելու կոչերով հանդես գալ, եթե այո, ապա հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչի՞ կարող են հանգեցնել նմանօրինակ կոչերը կամ հորդորներն այն դեպքում, երբ դրանք այլևս հնչելու են ոչ թե ինչ-որ ՀԿ-ի ղեկավարի, այլ կարևորագույն պետական  օղակներից մեկի գլուխը դարձած անձի շուրթերից:

Ոչ պակաս հետաքրքիր հարց է նաև այն, թե  ինչպե՞ս կարող է Իոանիսյանի հավանական նշանակումն ազդել դատաիրավական համակարգում ծայր առած բարեփոխիչ գործընթացների և, մասնավորապես, վեթինգի ինստիտուտի ներդիման վրա՝ գործիքակազմ, որի ներդրման ու հաջողությամբ կիրառման հարցում հատկապես Արևմուտքն իր շահագրգռվածությունը չի թաքցնում:

Իոանիսյանի ձեռքերո՞վ են փորձելու մաքրել դատական համակարգն ու դրանում իսկական հեղափոխություն կազմակերպել, Փաշինյանի կողմից Իոանսյանի հավանական նշանակումը տեղի է ունենալու Արևմո՞ւտքի միջնորդության կամ ճնշման արդյունքում՝ հաշվի առնելով Իոանիսյանի հայտնի կապերի խորությունը: Չէ՞ որ պարզ քաղաքական շահը թելադրում ու պահանջում  է Փաշինյանից, որպեսզի ապագա նախարարը հանդիսանա ՔՊ-ական մեկն, այլ ոչ թե սորոսական դրամաշնորհներով գոյատևող ՀԿ-ի նախագահ, ով անգամ հումանիտար կրթություն չունի: Թե՞ Իոանիսյանի առաջ կանաչ լույս վառելով՝ Փաշինյանը կփորձի Արևմուտքին ապացուցել իր լոյալությունը հատկապես այն դեպքում, երբ այդ չանելու պարագայում նրան կարող են նոր փորձություններ սպասվել՝ հյուսված իշխանության սորսոսական թևի կողմից, ինչի արդյունքում իշխանության քաղաքական կապիտալը կարող է  թալանի ենթարկվել՝ հարվածի տակ դնելով ամբողջ հեղափոխությունն ու Փաշինյանին անձնապես:

Մյուս կողմից ՝ բնավ բացառված չէ, որ այս ամենից հետո Արևմուտքը Փաշինյանի առաջ դնի նաև ուժային կառույցներում տոտալ կադրային փոփոխությունների հարցը, որ կարող է վերաբերել  նույն ԱԱԾ-ին, ինչը անելանելի երկընտրանքի առաջ կարող է կանգնեցնել Փաշինյանին՝ հաշվի առնելով հայաստանյան ու ռուսական հատուկ ծառայությունների միջև ավանդաբար գոյություն ունեցող սերտագույն կապերի իրողությունը: Արևմուտքը Փաշինյանի առաջ կարող է դնել ԱԱԾ-ն աստիճանաբար արևմտականացնելու խնդիր, ինչին Փաշինյանը դժվար թե գնա՝ հաշվի առնլով Պուտին- Փաշինյան հարաբերությունների բնույթն ու այն մարտահրավերների խորությունը, որոնց առաջ այժմ կանգնած է Հայաստանը:

Իսկ սա արդեն կարող է իրական պառակտում առաջացնել իշխանական բուրգի ներսում՝ դրանից բխող բոլոր աղետալի հետևանքներով, եթե, իհարկե, արևմտյան շրջանակները չբավարարվեն Իոանիսյանին առաջ մղելով՝ գոնե առայժմ:

Փաշինյանին, ըստ ամենայնի, տեսանելի ապագայում լրջագույն փորձություններ են սպասվում, որոնց դիմակայել նա կարող է միայն հասարակական լայն աջակցության  պայմաններում, ժողովրդից բխող անսպառ քաղաքական կապիտալի առկայության դեպքում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.