Փորձաքննությամբ պարզվել է, որ Մալայանում 9 անձի տեսողության կորստի պատճառը բժշկական անփութությունն է

 

factor.am- գրում է.

Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում «Ավաստին» դեղամիջոցի ներարկումով 9 անձի տեսողության կորստի պատմությունը նոր ընթացք է ստանում։ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում փորձաքննության են ենթարկվել երեք նմուշ օգտագործված ներարկիչ՝ ներքաշված «Ավաստին» դեղամիջոցով։ Պարզվել է՝ հիվանդներին ներարկված դեղամիջոցը եղել է ոչ մանրէազերծ՝ ոչ մաքուր, չեն պահպանվել ներարկման կանոնները․ «Դա նշանակում է, որ եղել է երկրորդային աղտոտում, այսինքն՝ դեղը ներարկիչի մեջ քաշելու ընթացքում երկրորդային աղտոտում է տեղի ունեցել, որը կարող է բերել բարդությունների կամ երկրորդային ախտահարման»,- Factor am-ի հետ զրույցում ասաց Ռոմելլա Աբովյանը՝ Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետը։ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը մայիսի սկզբին սկանդալի կենտրոնում հայտնվեց, երբ «Ավաստին» դեղամիջոցի ներարկումից հետո հիվանդներն արթնացել են գրեթե կուրացած՝ տարբերել են միայն լույսն ու ստվերը։ Մի քանի ժամ անց պացիենտների մոտ ախտորոշվել էր հետսրսկումային ինֆեկցիոն ախտահարում։ 6 անձ վիրահատվել էր, 3-ը առանց վիրահատության էին վերականգնվել ու դուրս գրվել հիվանդանոցից։ Տուժած անձանց հարազատների բարձրացրած աղմուկից անմիջապես հետո Ռոմելլա Աբովյանը այցելել էր ակնաբուժական կենտրոն։ Հայտնաբերվել է, որ դեղը ներքաշած ներարկիչները պահպանվում են սառնարանային պայմաններում, ինչի արդյունքում, ըստ նրա, խախտվում է ներարկիչի ստերիլիությունը, հետևաբար՝ մեծանում է մանրէի փոխանցման ռիսկը։ Factor. am-ի հարցին՝ այստեղ գործ ունե՞նք բժշկական անձնակազմի թերացման հետ, տիկին Աբովյանը պատասխանեց․«Հստակ պարզ է, որ չի պահպանվել այն կանոնը, որ պացիենտին ներարկելուց առաջ դեղորայքը պետք է բացվի անմիջապես։ Այսինքն՝ դեղը ներքաշվի անմիջապես պացիենտին բժշկական օգնություն ցուցաբերելուց առաջ։ Մասնագիտական թերացման արդյունք կարող է լինել այն առումով, որ ներարկիչը և դեղը օգտագործվում է անմիջապես պացիենտին բուժսպասարկում իրականացնելուց առաջ»։ Նախարարության մասնագետներին Մալայանի անվան կենտրոնում գործարանային արտադրության դեղամիջոց չեն տրամադրել և «Ավաստին»-ի չբացված սրվակ փորձաքննության չի ներկայացվել։ Դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ վնաս են պատճառել մարդու առողջությանը։ Արարքը պատժվում է տուգանքով կամ առավելագույնը 2 տարի ժամկետով ազատազրկմամբ։ Քննչական կոմիտեից մեզ տեղեկացրին՝ նշանակված է փորձաքննություն, սպասում են եզրակացությանը։ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մալայանն ասաց՝ եթե փորձաքննությամբ փաստվել է, որ հիվանդներին ներարկված դեղամիջոցը եղել է ոչ մանրէազերծված, նշանակում է՝ կան մեղավորներ, ուղղակի պետք է պարզել մեղավորության չափն ու աստիճանը։ «Դա հնարավոր բան է, անվիճելի է, որ դա ցանկալի բան չի, և պետք է ըստ օրենքի բացառվեն էդպիսի բաներ, բայց ցավոք սրտի, որոշ դեպքերում լինում ա։ Դե լավ է, գոնե էդ վիճակից հիվանդանոցը դուրս եկավ։ Էդ պատահարը չի որակավորում ամբողջ աշխատանքը, դա դեպք ա»։ Հարց ուղղեցինք պարոն Մալայանին՝ իրենք քննե՞լ են, հասկացե՞լ են՝ ինչու է գրանցվել այսպիսի դեպք, նա պատասխանեց․ «Ինչ քննել է նախարարության գործակալությունը, դրանից ավել մենք ի՞նչ քննենք։ Եթե անձնական մեղավորություն մենք գտնենք, իհարկե, մեղավորները կպատժվեն»։ Հարցրին՝ իրենց կենտրոնի պատճառով մարդիկ վնասել են տեսողությունը, ո՞վ պետք է պատասխան տա, ինչին ի պատասխան պարոն Մալայանը նշեց․ «Երբ ստանանք եզրակացությունը, մենք կգծենք էդ մարդկանց շրջանակը, ովքեր որ կամ թե ակամա դարձել են մեղավոր, որոնց համապատասխան պատիժը կներկայացնենք»։ Պարզվեց, որ Ալեքսանդր Մալայանը տեղյակ չէ հարուցված քրեական գործի առկայությունից։ Ասաց՝ Առողջապահության գործակալությունը չի համարում, թե կա քրեական գործի հարուցման առիթ։ Մինչդեռ քննչական կոմիտեից Factor am-ին նաև հայտնեցին՝ քրեական գործ հարուցվել է դեռ մայիսի 23-ին։ Ալեքսանդր Մալայանը վստահեցրեց՝ վիրահատությունից հաշված օրեր անց դուրս գրված հիվանդների վիճակն այսօր բավարար է, ոմանց դեպքում շատ լավ է։ Հաջողվել է վերականգնել մարդկանց տեսողությունն այն աստիճանի, որ գոյություն է ունեցել մինչև «Ավաստին»-ի ներարկումը։ Այժմ նրանք գտնվում են ամբուլատոր վերահսկողության տակ։ Ալեքսանդր Մալայանը աղավաղում որակեց հիվանդներից մեկի հարազատի հայտարարությունը, թե իրենց ասել են՝ ցուպիկային հարուցիչ կար դեղի մեջ, ցուպիկն էլ կղանքի վիրուս է։ Հակաքաղցկեղային «Ավաստին» դեղամիջոցը չնայած նախատեսված չէ, սակայն օգտագործվում է ակնաբուժության մեջ։ «Ավաստին»-ի ներմուծմամբ զբաղվող «Նատալի Ֆարմ» ընկերությունը դեպքից անմիջապես հետո տարածած հաղորդագրությունում նշել է, որ «Ավաստին»-ը ներակնային ներարկման համար չէ։ Միաժամանակ, դեղի մեկ սրվակի պարունակությունը կարող է կիրառվել մի քանի հիվանդի համար, սակայն, դեղը պետք է կիրառել անմիջապես​ սրվակը բացելուց հետո և դեն նետել։ Եթե պրոցեդուրան չի արվել նույն պահին, այլ դեղը կիրառվել է մի քանի օրվա ընթացքում, ապա, այո, բաց սրվակի մեջ կարող էր ինֆեկցիա փոխանցվել։​ «Նատալի Ֆարմը» նաև քիչ հավանական է համարել, որ փակ սրվակն ուսումնասիրելու պարագայում հաստատվի վարակի առկայությունը։ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնից մենք տեղեկացանք, որ «Ավաստին» դեղամիջոց իրենց մոտ փորձաքննության չի ենթարկվել՝ պարզելու, թե որքանով է վտանգավոր դրա օգտագործումը ակնաբուժությունում։ Ակնաբուժական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մալայանն էլ մեզ հետ զրույցում ասաց՝ դեղի օգտագործումն իրենց չի արգելվել։ Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոն այցելած Factor. am-ն զրուցեց նաև Գլաուկոմայի բաժանմունքի ղեկավար Լիլիթ Ոսկանյանի հետ։ Պացիենտները տեսողության կորուստ ունեցել են ոչ թե ներարկման կանոնների խախտման ու անփութության հետևանքով, այլ՝ խնդիրն առաջացել է կոնկրետ դեպքի օրը բացված սրվակից՝ հայտարարեց նա՝ մեկնաբանելով փորձաքննության արդյունքը, որ ներարկման կանոնները չեն պահպանվել։ «Ես դա կհամարեմ առնվազն անհեթեթություն և անգրագիտություն։ Ոնց ուզում են, թող հասկանան։ Դա անգրագետ ասելիք է, որովհետև իմ ներարկման պահը․․․ լ

ավ, ես կանոնը խախտեցի, մեկ ուրիշ բժիշկ կանոնը խախտեց, կամ այդ օրը խախտեցի, նախորդ ուրբաթ չէի խախտել, երեքշաբթի չէի խախտել, հենց այդ երկուշաբթի օրը խախտվեց։ Իհարկե, դա անհեթեթություն է։ Ու չեմ կարծում՝ տիկին Ռոմելան այդպիսի բան ասած լինի, ինքս չեմ լսել որ խախտվել են կանոնները։ Այն, որ ներարկիչը իր դեղով մաքուր չի, մենք իրենց հանձնել ենք քննության, մենք դա գիտենք։ Հարցն այստեղ նա է՝ ինչո՞ւ է այդպես եղել, ինչու հանկարծ այդ սրվակն ուներ այդպիսի խնդիր։ Այսինքն՝ մի քանի Ավաստինի սրվակ ստուգվի, հասկանանք որ երկրից ոնց է եկել»։ Հարցրինք տիկին Ոսկանյանին՝ ինքը կարծում է, որ խնդիրը դեղամիջոցի հետ է կապված ու ո՛չ օգտագործման, ներարկման կանոնների՞, նա ասաց․ «Առաջին իսկ օրվանից եմ ասել, որ ոչինչ խախտված չի եղել, անում ենք այնպես ինչպես աշխարհն է անում, արել ենք այնպես, ինչպես 12 տարի «Ավաստին» ներարկելուց և ոչինչ չի խախտվել»,-ասաց նա։ Տիկին Ոսկանյանն ընդունում է, որ դեղամիջոցը եղել է ոչ մանրէազերծված, սակայն դեղամիջոցը ստացել են հենց այդ վիճակով։ Եթե հարուցիչը լիներ մեկ ներարկիչի մեջ, այդ դեպքում ինչո՞ւ բորբոքում ունեցան 9 հիվանդները, հարց է բարձրացնում Ոսկանյանը։ «Ես 5 օր սպասում էի, որ իրենք գոնե 1 «Ավաստին» ստուգեն, իսկ ես ստուգել եմ, թե ինչ պատասխան ունենք մեզ է վերաբերվում։ Մենք դեռ շատ ասելիքներ ունենք, ուղղակի՝ կամաց-կամաց։ Եթե որևէ մեկը որոշի որ կարող է Մալայանի անվան կլինիկայի անվան հետ խաղալ, այն դեպքում, երբ կլինիկան փրկում է կյանքեր, մենք կներկայացնենք այն, ինչ ունենք»,- ասաց Լիլիթ Ոսկանյանը։ Ապա Ակնա

բուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքի ղեկավարը շեշտեց՝ «Ավաստինի» նման մեծ ծավալ ունեցող և թանկ՝ 152 հազար դրամ արժեցող դեղը չեն կարող ներարկել մեկ հիվանդին մեկ օրվա ընթացքում։ Սակայն ստերիլությունը պահպանելու դեպքում կարող է սրվակի ծավալը ներարկել մեկ օրում։ Վերջում վստահեցրեց՝ իրենք աշխատում են աշխարհում ընդունված հատուկ կարգերով, ու կարծիք հայտնեց՝ կարիք կա, որ Հայաստանն էլ իր համար մշակի հստակ պրոտոկոլ՝ զանազան մեկնաբանություններից զերծ մնալու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան 


Մեկնաբանություններ