Բաքուն սադրում է. հաշվարկները չեն արդարացել

Արցախի պաշտպանության բանակը հերքել է ադրբեջանական ԶԼՄ–ների՝ ավելի վաղ տարածած այն հաղորդագրությունը, ըստ որի` իբր հայկական ստորաբաժանումները, շփման գծի տարբեր ուղղություններում խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, բացի տարատեսակ հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև 60 մմ-ոց ականանետներ (8 արկ):

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ոչ միայն հերքում է տարածված այս ապատեղեկությունը, այլև իրազեկում է, որ հունիսի 11-ի օրվա ընթացքում և 12-ի գիշերը ադրբեջանական կողմն է հակամարտ զորքերի շփման գծի մի շարք հատվածներում գործողության մեջ դրել ինչպես տարբեր տրամաչափի հեռահար և դիպուկահար զինատեսակներ, այնպես էլ ՀԱՆ-17 տիպի նռնականետեր (5 նռնակ): Անհրաժեշտության դեպքում ասվածը կարող ենք հիմնավորել համապատասխան տեսագրություններով:

Բացի դրանից,  առաջնային գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի և ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ, որոնք հաճախ խախտում են սահմանված թռիչքային գոտին»,-մասնավորապես՝ ասված է հայկական կողմի տարածած հաղորդագրության մեջ, ուր նաև հստակ կոչ կա՝ ադրբեջանական կողմին՝ ձեռնպահ մնալու իրավիճակն արհեստականորեն սրելու սադրիչ գործողություններից և անվերապահորեն կատարելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հրադադարի պահպանման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը:

Իրավիճակը տարածաշրջանում վերջին շրջանում ակնհայտորեն սրվում է, ինչի վառ ապացույցը Ադրբեջանի կողմից անցկացվող՝ այս տարվա ընթացքում արդեն 14-րդ զորավարժություններն են, որոնցից վերջինին, ինչպես հայտնի է, ականատես ենք դարձել Նախիջանում՝ թուրքական զինված ուժերի մասնակցությամբ:

Ներկայումս սահմանին ստեղծված իրավիճակն ուշագրավ է հատկապես այն իմաստով, որ լարվածության աճը, փաստորեն, տեղի է ունենում որոշ գործընթացների հետ համաժամանակյա ռեժիմով:

Բաքվին Հայասանում ՌԴ դեսպանի վերջին հայտարարություննե՞րն  են խիստ անհանգստացրել, որոնցում արտացոլված է Մոսկվայի ձգտումը՝ պայթյուն թույլ չտալու, թե՞ Բաքուն այսպիսով փորձում է թեժ ֆոն ապահովել առաջիկայում Դուշանբեում կայանալիք ԱՓՎՄԽ գագաթնաժողովին ընդառաջ, որ կայանալու է այս ամսվա 15-ին: Բացի սա, մեծ հարց է,  թե նմանօրինակ վտանգավոր խաղերը, որ ակնհայտ ազդակներ են իրենց մեջ պարունակում, ո՞ւմ դեմ են հատկապես ուղղված, Երևանի՞, թե՞ ավելի շուտ Մոսկվայի, և կամ կարելի՞ է, արդյոք, այս ամենում նշմարել նաև թուրքական հետք, թե՞, այնուամենայնիվ, Անկարայի գործոնն այստեղ երկրորդական է:

Ամեն դեպքում պետք է արձանագրել, որ հատկապես Ռուսաստանից Բաքվին հղվող ազդակները ակնհայտ հիասթափություն են առաջ բերել Ադրբեջանում, որի գործնական հետևանքներն այսօր զգացվում են առաջնագծում: Ալիևն ամեն գնով ջանում է վերջ տալ Դուշանբեի պայմանավորվածություններին՝ խաղաղության պահպանման հանձնառությունը չեղարկելու մեջ  մեղադրելով հայկական կողմին. Բաքվում հասկացել են՝ Փաշինյանը հող հանձնող չէ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.