Արցախյան խփված խաղաքարտը. ովքե՞ր են ջանում վարկաբեկել Փաշինյանին

Մեկնաբանելով Արցախում վերջին շրջանում բուռն կերպով ընթացող կադրային տեղաշարժերը՝ Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը նկատել է՝ կադրային ոլորտը շատ դինամիկ ոլորտ է, և երբեմն լինում են փոփոխություններ՝ կարծիք հայտնելով, որ կոնկրետ  Վիտալի Բալասանյանի հրաժարականի պատճառը նրա՝ քաղաքականությամբ զբաղվելու վերաբերյալ կայացրած որոշումն է:

Արցախում տեղի ունեցող կադրային տեղաշարժերը՝ հրաժարականներն ու նշանակումները (Արթուր Աղաբեկյանի ու Վիտալի Բալասանյանի հրաժարականները, Արցախի նախկին ՊՆ ղեկավար Լևոն Մնացականյանին Արցախի Արտակարգ Իրավիճակների ծառայության տնօրենի պաշտոնից ոստիկանապետի պաշոնին տեղափոխումը…), Հայաստանում շատ կոնկրետ շրջանակների կողմից շարունակաբար փորձ է արվում հանրությանը ներկայացնել որպես «Նիկոլ Փաշինյանի էֆեկտով» պայմանավորված  գործընթացներ: Դիցուք՝ հատկապես Վիտալի Բալասանյանի պարագայում վերջին օրերին որոշ ռեսուրսներում տեղ էին գտել «արտահոսքեր», որ  ակնկալվող հրաժարականի պատճառն իբր հայաստանյան իշխանություններից Բակո Սահակյանին հղվող ազդանշաններն են, և փրկելու համար Երևան-Ստեփանակերտ սասանված հարաբերությունները Սահակյանն իբր ստիպված է եղել ընդառաջել Փաշինյանից եկող հրահանգներին:

Նույն տրամաբանության մեջ էին դիտարկվում նաև մյուս բոլոր վերոհիշյալ անձերի գործողություններն այն դեպքում, երբ նման բաներ պնդելու համար, մեղմ ասած, հիմքեր ուղղակի չկան:

Օրինակ՝ նույն Արթուր Աղաբեկյանը, մեկնաբանելով իր հրաժարականը, որի մասին, ի դեպ, խոսք էր գնում շուրջ մեկ տարի, հայտարարել էր, որ այդ քայլի պատճառը քաղաքականության մեջ այլևս ներգրավված չլինելու իր ցանկությունն է և ոչ ավելին:

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ են ոմանք փորձում ամեն գնով ու ամենուրեք ինչ-որ դավադրություններ փնտրել  կամ «դավադրությունների տեսություն» հիշեցնող թեզերով «բացահայտել» շուրջբոլորն ընթացող պրոցեսների ծագումնաբանությունը:

Նպատակը, թերևս, հստակ է ու թափանցիկ. որոշ ուժերի, իսկ ավելի կոնկրետ՝ քոչարյանամերձ շրջանակների առաջ խնդիր է դրված բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով Փաշինյանին հեղինակազրկել, մատուցել որպես պառակտիչ, Հայաստան-Արցախ հարաբերությունները տակից ու վրայից քանդող իշխանավոր, որի բուն առաքելությունը «հողեր հանձնելու» միսիան բարով-խերով գլուխ բերելն է: Ըստ էության, իշխանությունների դեմ վարվող հիբրիդային պատերազմի մի բաղկացուցիչ մասն էլ  սա է, ինչն, իհարկե, անպտղաբեր զբաղմունք է, քանի որ ողջ հասարակությանը տևական ժամանակով խաբելն ուղղակի անհնար է, և ամեն բան վաղ թե ուշ պարզվում է, խաբեության  մառախուղն էլ՝ ցրվում:

Արցախում կատարվող ներքին պրոցեսներն ու կադրային տեղաշարժերը բացառապես պայմանավորված են այդ երկրում սպասվող ընտրական գործընթացներով, իսկ այդ ամենի վրա ՀՀ իշխանություների ազդեցությունն ուղղակի մինիմալ է, և սրանում կասկած լինել չի կարող՝ անկախ այն հանգամանքից, թե ով ինչ ցեղատեսակի ձկան որս է փորձում կազմակերպել արհեստականորեն պղտորված ջրերում…

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.