Պուտին-Ալիև հանդիպմանն ընդառաջ. Դուշանբեի պայմանավորվածություններին վե՞րջ

Ինչպես տեղեկացրել է  Sputnik գործակալության տաջիկական տարբերակը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների շուրջ խորհրդակցության (ԱՓՎՄԽ) գագաթնաժողովին, որը տեղի կունենա հունիսի 15-ին, Դուշանբեում:

Գագաթնաժողովին, որին իրենց մասնակցությունն են բերելու նաև Չինաստանի, Իրանի, Ադրբեջանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի, Բանգլադեշի և Շրի Լանկայի նախագահներն, ինչպես նաև կազմակերպության մնացյալ անդամ երկրների վարչապետերը, փոխվարչապետերն ու արտգործնախարարները, կայանալու են նաև երկկողմ հանդիպումներ, որոնց շարքում և՝ Պուտին-Ալիև հանդիպումը:

Նախատեսվելիք իրադարձությունը յուրահատուկ արժեք է ձեռք բերում հատկապես վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին՝ իրադարձություններ, որոնք հուշում են արցախյան գործընթացում բուռն կերպով զարգացող պրոցեսների ու դրանց հնարավոր հետևանքների մասին:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բարձր պարգևատրման է ներկայացրել հակառակորդի կրակոցից օրեր առաջ սպանված զինծառայող Սիփան Մելքոնյանի վրեժն առած զինծառայողներին, որոնք բարձր որակով են կատարել հրամանը: Այդ մասին համացանցում գրառում է արել պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ու աննախադեպ կերպով հրապարակայնացրել համապատասխան հրամանի փաստն, ինչը, թերևս, աննախադեպ է հայ իրականության պայմաններում, որ տալիս է հիմքեր ենթադրելու՝ տեղի ուենցածը ոչ թե լոկ թափանցիկությանը տուրք տալու արգասիք է, այլ՝ շատ կոնկրետ ժեստ՝ ուղղված թե՛ Ադրբեջանին, թե՛ արտաքին աշխարհին՝ ընդհանրապես՝ հատկապես որ այս ամենը տեղի է ունենում Փաշինյանի պետերբուրգյան այցից հետո, որ ակնհայտորեն արգասաբեր է դարձել հայկական կողմի համար:

Ակնհայտ է, որ Դուշանբեում ձեռք բերված «վերելակային» պայմանավորվածությունները, որոնց շնորհիվ բավական տևական ժամանակ հաջողվում էր իրավիճակը սահմանին  համեմատաբար կայուն պահել, այժմ վտանգված են և վտանգված են լրջորեն:

Հայաստանն ակնհայտորեն մտադիր չէ ստանձնել իր դեմ իրականացվող  թշնամական գործողությունները հեռվից դիտողի դերակատարություն, և նույն Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը հուշում է, որ պատասխանը լինելու է ասիմետրիկ ու նույնիսկ դաժան, ինչն, անշո՛ւշտ, միանշանակորեն ողջունելի է:

Մյուս կողմից՝ հարց է առաջանում, թե ի՞նչն է դառնալու Պուտին-Ալիև բանակցությունների առարկա մի պարագայում, երբ Հայաստանի ինքնավստահ պահվածքում դժվար չէ նշմարել նաև Ռուսաստանի դերը: Ճիշտ է՝ նույն Պեսկովը հերքել էր Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում ԼՂ խնդրի քննարկման փաստը (դա չի խանգարել, որպեսզի մի շարք հեղինակավոր վերլուծաբաներ, հակառակ կարծիք հայտնեն), սակայն սա այն դեպքն է, երբ Պուտինի մամուլի քարտուղարի խոսքերին կասկածել ոչ միայն կարելի  է, այլև՝  անհրաժեշտ:

Ամեն դեպքում ենթադրելի է, որ Դուշանբեուն Պուտինը ևս մեկ անգամ փորձելու է Ալիևին «խելքի բերել», սթափեցել ու հասկացնել տալ, որ մտադիր չէ «աչք փակել» ադրբեջանական ագրեսիայի առաջ կամ Հայաստանին հարկադրել առավել մեղմ պահվածք ցուցաբերել:

Այլ հարց է, թե Մոսկվայի հավանական «հաթաթան» ի՞նչ ազդեցություն կունենա Ալիևի վրա, քանի որ մեծ է հավանականությունը, որ, այնուամենայնիվ, Հայաստանին ու Ադրբեջանին չի հաջողվելու պահպանել Դուշանբեում ամիսներ աաջ ձեռք բերած պայմանավորվածությունները՝ Բաքվի ռազմատենչության պատճառով. Դուշանբեում կարող է վերջ դրվել նույն վայրում նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին, քանի որ նախանշանները հենց դրա մասին են վկայում, իսկ դա արդեն կնշանակի բոլորովին այլ ռազմաքաղաքական իրավիճակ՝ տարածաշրջանում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.