Փաշինյանը պատասխանատվությունը դրեց Պուտինի վրա

«ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը խոսել է Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի գների մասին՝ տեղեկացնելով՝ Պուտինի հետ հանդիպմանը  քննարկել են նաև գազի գնի հարցը՝ միաժամանակ հավելելով, որ դա շատ կարևոր հարց է երկկողմ հարաբերություններում, և այդ հարցը դեռ կքննարկեն նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում:

«Ես կարծում եմ, որ կարևոր է հասկանալ այդ հարցի բոլոր նրբերանգները, քանի որ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը ես ասացի, որ մենք շատ լավ տնտեսական դինամիկա ունենք»,-ասել է Փաշինյանը լրագրողին՝ հիշեցնլով, որ տարվա առաջին քառորդի արդյունքում Հայաստանում տնտեսական աճի ցուցանիշը կազմել է 7.1%:

«Դա ցույց է տալիս, որ մենք շատ լավ հնարավորություն ունենք՝ տնտեսական բեկում կատարելու: Մենք դա անվանում ենք տնտեսական հեղափոխություն: Եվ շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք համաձայնեցնել գազի այնպիսի գին, որպեսզի այդ գինը չկոտրի այն տեմպը, որը մենք ունենք տնտեսության մեջ: Եվ ես հույս ունեմ, որ մենք ընդհանուր լեզու կգտնենք, քանի որ չէ՞ որ մենք Ռուսաստանի հետ ունենք ոչ թե սովորական, այլ ռազմավարական հարաբերություններ, և ես կարծում եմ, որ պետք է նաև լուծել գազի ռազմավարական հարցը»,-հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքերում հստակորեն նկատվում է ընդգծված վերաբերմունք Ռուսաստանի նկատմամբ, իսկ ավելի ճիշտ՝ այդ երկրի դերի ընդգծում ոչ միայն Հայաստանի անվտանգային հիմնախնդիրների, այլև տնտեսական պրոբլեմների արդյունավետ լուծման հարցում: Փաշինյանը փաստացի արձանագրում է տնտեսական աճի իրողությունն ու յուրատեսակ նախազգուշական ազդակ ուղարկում Մոսկվային՝ հայաստանյան տնտեսական աճի լինել-չլինելու հարցը պայմանավորելով ՌԴ-ից Հայաստան մատակարարվող գազի գնի խնդրով, ասել է թե՝ ուսական գործոնով: Սրանով Փաշինյանը բարձրացնում է Մոսկվայի պատասպխանատվության մակարդակն ռազմավարական գործընկերոջ նկատմաբ:

Ի դեպ՝ նախորդ հարցազրույցներից մեկում նույն պատասխանատվությունն իր խոսքում ընդգծել էր նաև անվտանգային հարցի վերաբերյալ՝ հայտարարելով, որ եթե Մոսկվան չկամենա, ապա Անդրկովկասում իրավիճակը չի սրվի, քանի որ Ռուսստանն ունի բոլոր անհրաժեշտ լծակները՝ կանխարգելելու անկանխատեսելի հետևանքներով լի պատերազմը:

Իհարկե, Մոսկվայում կարողանում են կարդալ հայտարարությունների տողատակեր, և այս պարագայում դժվար չի լինի նաև ըմբռնել Փաշինյանի նմանօրինակ ակնարկների իսկությունը, սակայն ողջ հարցն այստեղ այն է, թե ինչպե՞ս կարձագանքի Կրեմլը Փաշինյանի ակնարկներին, դրանք բավարար չափով կկարևորվե՞ն, թե՞, այնուամենայնիվ, խնդիրը կրկին կմնա առկախված՝ անորոշ ժամանակով: Եթե, ի վերջո, Կրեմլում տրամադրվածությունը դրական լինի, ապա հարց է առաջ գալիս, թե էժան գազի փոխարեն Մոսկվան ի՞նչ կարող է պահանջել Փաշինյանից մի պարագայում, երբ ռուսական իշխանություններն իրենք են խոստովանում, որ գազի գնի հարցն իրենց համար ավելի շատ աշխարհաքաղաքական, քան տնտեսական լծակ է: Ի՞նչ կարող է առաջարկել Փաշինյանը Պուտինին էժան գազի փոխարեն այն դեպքում, երբ, հայտնի փաստ է, հեղափոխությունից հետո արևմուտքի դիրքերը Հայաստանում բավական ամրապնդվել են նախևառաջ շնորհիվ  արևմտյան ֆինանսավորմամբ գործող շրջանակների՝ կառավարության վրա ունեցած անթաքույց ազդեցության մեծացման:

Մյուս կողմից՝ կա հարցի նաև պրագմատիկ, ներքաղաքական կողմը՝ հաշվի առնելով հասարակական սպասելիքներն ու դրանց չարդարացման պարագայում հնարավոր քաղաքական հետևանքները նախևառաջ իշխանությունների համար:

Հեղափոխություն մարդիկ արել են մեկ հիմնական ակնկալիքով՝ լավ ապրելու, և Փաշինյանն ինքը ժողովրդական լայն զանգվածներին առաջնորդելիս իր համար գաղափարական դրոշակ էր դարձրել նաև լավ կյանքի վերաբերյալ խոստումները, որոնք, փաստորեն, այսօր չեղարկման վտանգի առաջ են կանգնած՝ պայմանավորված տնտեսական կյանքում գրանցվող ոչ բավարար առաջընթացով, և եթե այս իրավիճակում ճեղքում գրանցել չհաջողվի, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչ իրավիճակի առաջ կկանգնեն իշխանություններն ասենք մեկ տարի հետո: Սա այն պարագան է, երբ ոչ մի արևմտյան աջակցություն, ի դեմս որոշ հասարակական կազմակերպությունների, իշխանություններին չի կարող ճահճից դուրս բերել: Ահա այստեղ  է, որ առաջին պլան է մղվում գազի գնի հարցը՝ ձեռք բերելով իրապես քաղաքական արժեք ու դառնալով Մոսկվայի ձեռքում աննախադեպ լծակ՝  սեփական կամքը թելադրելու իշխանություններին:

Փաշինյանն այնքան էլ նախանձելի իրավիճակում չէ, քանի որ մի կողմից՝ արևմտյան շրչջանակներն  են իրենցը պահանջում, մյուս կողմից՝ իրականությունն է իր գործն անում՝ Հայաստանին կրկին անգամ մղելով Ռուսաստանի գիրկը՝ հանգամանք, որը պետք է  որ բացասաբար անդրադառնա արևմտյան շահերը Հայաստանում առաջ մղող շերտերի  տրամադրության վրա՝ դրանից բխող ռիսկերով:

Ինչպե՞ս կարող է Հայաստանը ստիպել Ռուսաստանին՝առավել դեմոկրատ գտնվելու գազի գնի սահմանման հարցում՝ ահա հարցերի հարցը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.