Փաշինյանի պետերբուրգյան հանձնառությունը. բովանդակային ճշգրտման անհրաժեշտությունը

Հայ-ռուսական հարաբերությունների նոր փուլը, որ սկիզբ է առել Հայաստանում մեկ տարի առաջ տեղի ունեցած հեղափոխությամբ, խոստանում է արգասաբեր լինել երկկողմ հարաբերությունների բոլոր հնարավոր ասպեկտներում: Մի կողմից՝ դրան նպաստելու է Հայաստանի սուբյեկտայնության բարձրացումը, մյուս կողմից՝ այդ փաստին Ռուսաստանի ադեկվատ արձագանքը:

Պետերբուրգյան տնտեսական համաժողովի շրջանակներում Հայաստանի ու Ռուսաստանի  ղեկավարների միջև կայացած հանդիպումը խոստանում է նոր լիցք հաղորդել երկկողմ հարաբերություններին:

Դժվար է, թերևս, ասել, թե դրանցում կոնկրետ որ բաղադրիչն է առավել կարևոր մեզ համար՝ տնտեսակա՞նը, թե՞ ռազմաքաղաքականը, քանի որ դրանք երկուսն էլ միմյանց հետ փոխկապակցված են և առանց մեկը մյուսի չեն կարող զարգանալ:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն, օրինակ, լրագրողներին հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-ին կայացած հանդիպմանը չեն քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը:

«Խոսակցությունը շատ հանգամանալից էր երկկողմ հարաբերությունների և առևտրատնտեսական փոխգործակցության տարբեր ասպեկտների շուրջ»,-մանրամասնել էր Պեսկովը:

Հայ-ռուսական հարաբերությունների առևտրատնտեսական հատվածը գուցե հատապես վերջին շրջանում մի փոքր անտեսված է մնացել՝ կապված հատկապես արցախյան ճակատում տեղի ունեցող իրադարձություններով, երբ Բաքուն այլևս չի թաքցնում, որ պատրաստվում է մարտական լայնածավալ գործողությունների՝ Թուրքիայի աջակցությամբ:

Սակայն այս հանգամանքը չպետք է ստվերի հայ-ռուսական հարաբերույթունների տնտեսական բաղադրիչի կարևորությունը հատկապես ընդհանուր աշխարհքաղաքական կառույցի՝ ԵԱՏՄ-ի համատեքստում՝ կառույց, որի առաջ այսօր ծառացած է մնում սեփական արդյունավետության բարձրացման հարցը:

Փաշինյանն ու Պուտինը բարձրացրե՞լ են երկու երկրների համար այդքան կարևոր այնպիսի մի հարց, թե ի՞նչ պետք է անել՝ է՛լ ավելի ամրապնդելու ու նոր բովանդակություն հաղորդելու ԵԱՏՄ-ին, բարձրացնելու դրա հեղինակությունը ոչ միայն աշխարհում, այլև առաջին հերթին անդամ երկրներում: Ե՞րբ են ԵԱՏՄ բոլոր անդամ երկրները վերջապես սեփական մաշկի վրա զգալու այդ կառույցի դրական ազդեցությունը դրա ողջ ծավալով՝ անկախ ունեցած աշխարհագրությունից, և կամ ե՞րբ է Հայաստանը կարողանալու իսկապես համոզվել, որ 2013-ի աշնանը կայացրած  անակնկալ որոշումն իրականում այնքան էլ սխալ չէր և համապատասխանում էր պետության հեռահար շահերին:

Ճիշտ է՝ այս միավորը սովորաբար ընդունված է դիտարկել առավելապես որպես աշխարհաքաղաքական կառույց՝ հատկապես Հայաստանի պարագայում, սակայն միանշանակ է, որ դրան էական բովանդակություն է հաղորդում նաև տնտեսական բաղադրիչը, և այս իմաստով ԵԱՏՄ-ն ունի խնդիր կայանալու նաև որպես աշխարհատնտեսական սուբյեկտ, որը, սակայն, դեռևս չի հաջողվում անել՝ պայմանավորված բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններով:

Մինչդեռ Հայաստանի համար կենսական նշանակության հարց է այն, թե որքանով արագ կհաջողվի կայացնել ԵԱՏՄ-ն հենց այդ տեսանկյունից, քանի որ հայաստանյան իշխանությունների առաջ այսօր ծառացած ամենակենտրոնական հարցերից մեկն էլ տնտեսական հեղափոխության իրականացնումն է, անբեկանելի ճեղքման անհրաժեշտությունը, որը կարող է իրականություն դառնալ այդ թվում և ԵԱՏՄ կողմից առաջարկվող գործիքակազմերի լայն, արդյունավետ կիրառման շնորհիվ: Իսկ ի՞նչ գործիքակազմեր է առաջարկում ԵԱՏՄ-ն, գոյություն ունի՞ ԵԱՏՄ-Հայաստան լայնաշերտ հարաբերություն, թե՞  այն մեզ համար Երևան-Մոսկվա երկկողմ հարաբերւթյուններով է սահմանափակվում: Եթե այո, ապա ինչո՞ւ…

Ահա սա պետք է ճշտել ՍանկտՊետերբուրգում, որպեսզի հասկանալի դառնա, թե ինչ օբյեկտիվ ակնկալիքներ պետք է տածել կառույցից կամ դրա անդամ մյուս երկրներից և կամ արժե՞, առհասարակ, ինչ-որ բան տածել:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.