Անսպասելի հրաժարական. ինչի՞ն են նախապատրաստվում իշխանությունները

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավոր Լիլիթ Մակունցը,  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով ՀՀ արդարադատության նախարար  Արտակ Զեյնալյանի հրաժարականի փաստը, հայտարարել է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը դժգոհություններ ունեցել է արդարդատության նախարար Արտակ Զեյնալյանի աշխատանքից, և այդ առումով խմբակցությոնում հնչել են մտահոգություններ: Մակունցը միաժամանակ ասել է, որ  Զեյնալյանի հրաժարականի պատճառն իրենց դժգոհությունը չէ:

«Մտահոգություններ են հնչել հատկապես այն լայնածավալ անվստահության ակցիայից հետո, որ տեղի է ունեցել ՀՀ քաղաքացիների կողմից, այդ համատեքստում հնչել էին այդ մտահոգությունները»,-հայտարարել է Մակունցը՝ միաժամանակ հավաստիացնելով՝ դրանք հրաժարականի կոչի չեն վերածվել:

Ուշագրավ է, որ Զեյնալյանի հրաժարականին նախորդել էր մեկ այլ հրաժարական. ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի և անդամի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել Գևորգ Դանիելյանը:

Այսպիսով՝ հանրությունն ականատես է դառնում երեք՝ միմյանց հաջորդող հրաժարականների (վերջերս էլ, ինչպես հայտնի է, Գագիկ Հարությունյանն էր հրաժարական ներկայացրել), և բոլորն էլ, փաստորեն, մի ժամանակահատվածում, երբ երկրում անցումային արդարադատության ներդրումը կարծես մտնում է վճռորոշ փուլ, ինչպես նաև կիրառվում է  վեթինգի գործիքակազմը:

Բայց եթե Հարությունյանի ու Դանիելյանի պարագայում ինչ-որ տեղ կարելի է հասկանալ հրաժարականների տրամաբանությունն, քանի որ նրանք ասոցացվել ու հիմա էլ ասոցացվում են հին համակարգի հետ, ապա Զեյնալյանի դեպքում այդ անելն այնքան էլ հեշտ չէ՝ չնայած Մակունցն իր խոսքում, ըստ էության, որոշակի ակնարկներ անում է այդ առումով՝ հղում անելով Փաշինյանի կոչին՝ շրջափակելու դատարանների շենքերն ու դրան հետևած ակցիային:

Արտակ Զեյնալյանը խանգարելո՞ւ էր համակարգային փոփոխություններին ու բարեփոխումներին, հատկապես ո՞ր մասով էր Զեյնալյանը տապալվել: Իսկ միգուցե սա իշխանությունների համար լավ առիթ  է համապատասխան պաշտոնում հարյուր տոկոսով յուրային մեկին նշանակելո՞ւ: Վերջիվերջո Զեյնալյանն, ով ինչ ուզում է ասել, մի տեսակ օտար մարմնի տպավարությոն էր թողնում Կառավարությունում՝ փաստացի չհանդիսանալով հեղափոխության ակունքներում կանգնած  անհատ. նա առավելապես ասոցացվում էր Էդմոն Մարուքյանի, քան Նիկոլ Փաշինյանի հետ:

Բոլոր դեպքերում հրաժարականները հուշում են, որ դատաիրավական համակարգում իսկապես տեկտոնական տեղաշարժեր են  սպասվում, այնպիսիք, որոնք երբևիցե տեղի չեն ունեցել համակարգում, և որին ողջ թափով իշխանությունները նախապատրաստվում են:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.