Վնասազերծում՝ առանց վնասելու

Մեկնաբանելով Միկոլ Փաշինյանի խոսքերը՝ կապված «օպերատիվ տվյալների համաձայն՝ սևազգեստ մարդկանց խմբերի ստեղծման» հետ՝ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ բռնության կոչերին ու անիշխանության շարունակաբար իմիտացիա ստեղծելու միտումով արվող հայտարարություններին և գործողություններին պետք է վերջ տալ օրենքի ամբողջ ուժով:

«Կա պետության ուժ կիրառելու իրավունք: Պետությունը կարող է օրենքով սահմանված դեպքերում…եթե հանցագործ պետք է վնասազերծես, որը մի բան էլ՝ այդ պահին դիմադրություն է ցույց տալիս, պետք է փռել ասֆալտին, պետք է պատերով տալ: Ոնց ուզում եք՝ մեկնաբանեք: Ոչ մեկ չփորձի բանդաներ ստեղծի, պետությունն իրավասու է սահմանված ձևով այդ բանդաների ստեղծումը կանխարգելել»,- մասնավորապես՝ հայտարարել է Միրզոյանը:

Միրզոյանի խոսքերն, իհարկե,  հիմնավոր են, և իսկապես, եթե խոսք է գնում հանցագործության կանխարգելման մասին կամ՝ դրա դեմ պայքարի, ապա ուժային մեթոդների կիրառումը ոչ միայն արդարացված է, այլև հարկ եղած դեպքում և կենսական անհրաժեշտության պես մի բան:

Հարցն այստեղ, սակայն, մեկ այլ բան է՝ երևույթի հասարակական ու մասնավոր ընկալման: Ակնհայտ է, որ իրավիճակն երկրում բավական լարված է: Իհարկե, բազմաթիվ պատճառներ կարելի է մատնանշել, թե ինչու է այդպես, սակայն էականն այստեղ դա չէ, այլ այն, թե ինչպես պետք է վարվել նմանօրինակ բարդ իրավիճակում և ինչ քայլերի օգնությամբ կարելի կլինի հաղթահարել շատ իմաստներով ճգնաժամային դարձած ներքին իավիճակը:

Այս պայմաններում իշխանություններն այլ ելք չունեն, քան բոլորի նկատմամբ հավասար վերաբերմունք ցուցաբերելն է, երբ օրենքի առաջ չեն լինի ավելի հավասարներ կամ արտոնյալներ, չեն լինի խմբեր, ուժեր, անհատներ, որոնց թույլատրված կլինի  հակակրանք քարոզել այլոց նկատմամբ, իսկ մյուսներին՝ոչ: Ատելության խոսքը պետք է լռեցվի բոլոր կողմերից՝ թե՛ ընդդիմության, թե՛ իրենք իրենց իշխանամետ կարծող ու դրա քողի ներքո մարդկանց հայհոյող խմբերի. այդպիսիք «արջի ծառայություն» են մատուցում իշխանություններին՝ հաճախ նույնիսկ չգիտակեցելով դա: Ատելությունն ատելություն է՝ ում շուրթերից էլ այն քարոզվի: Մի իրավիճակում, երբ առավել քան երբևէ Հայաստանին ու հայ հասարակությանն անհրաժեշտ է միասնություն, անթույլատրելի է հանդուրժել բաներ, որոնք պառակտում, միմյանց դեմ են հանում հասարակության առանձին խմբերի՝ այդպիսով թուլացնելով պետությունը ներսից: Օրենքի առաջ հավասար են բոլորը, իսկ դրա առաջ հարկ եղած դեպքում պետք է պատասխան տա յուրաքանչյուրն, ով այս կամ այն պատճառով ատելության քարոզ է անում:

Միասնություն՝ ահա թե ինչն է այսօր մեզ պակասում:

 



 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.