Անխուսափելի բախում. ՀՅԴ-ի հույսը Քոչարյա՞նն է

ՀՅԴ-ՀԱԿ ակտիվիստ հակամարտությունը կարծես վերաճում է մեծ բախման: Հունիսի 6-ի Կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը ուժային կառույցներին հստակ հանձնարարական է տվել՝ «երկաթյա հակահարած» հասցնելու բռնության քարոզին:

«Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխություն և դրանից հետո մի շարք ուժեր, այդ թվում նախկին կոռուպցիոն համակարգի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող, փորձեցին իրենց համար ՀՀ-ում քաղաքական գործունեության որոշակի դաշտ ստեղծել, ինչը բնական է և նորմալ ժողովրդավարական ցանկացած երկրի համար: Մեկ տարվա փորձերի և գործունեության արդյունքում այդ ուժերը վերջնականորեն հասկացան, որ անդառնալիորեն հայտնվել են քաղաքական լուսանցքում, և վերջին շրջանում մենք տեսնում ենք հետևյալ դրսևորումները, որ ըստ ամենայնի, հուսահատ քաղաքական որևէ աջակցություն ստանալու հեռանկարի հանդեպ որոշ շրջանակներ որոշել են ՀՀ-ում իրականացնել բռնության և բռնության քաղաքական լեգիտիմացման քարոզ: Եվ նույնիսկ տեղի են ունենում այս առումով կազմակերպված ակցիաներ, որոնց հիմնական ասելիքը հետևյալն է, որ ահա իրենք պատրաստվում են Հայաստանում բռնությամբ քաղաքական հարցեր լուծել: Եվ այս ասելիքը, հռետորաբանությունը գնալով ավելի կազմակերպված բնույթ է ստանում և նույնիսկ մենք օպերատիվ տեղեկություններ ունենք, որ այդ շրջանակների որոշ հատվածը որոշել է, այսպես ասած, սևասգեստ մարդկանց խմբեր ձևավորել, որոնք քաղաքում կշրջեն և որոշակի տրամադրություն կփորձեն ստեղծել, որոշակի լկտի պահվածքով աչքի ընկնել և այսպես շարունակ: Այս ամենի համատեքստում ուզում եմ արձանագրել, որ այն երկրում, որտեղ հաղթել է ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը և որտեղ տեղի են ունենում բռնության կոչեր, այս պայմաններում իրավապահ համակարգը չի կարող լինել թավշյա և այս պայմաններում իրավապահ համակարագը պետք է շատ կոշտ հակահարված տա բոլոր նման երևույթներին, սկսած այն երևույթից, որ օրինակ Երևանի ազատության հրապարակը ինչ-որ մարդիկ ինչ-որ ժամի փորձում են դարձնել երթևեկելի գոտի, ավտոմեքենաներով մտնել այսպես ասած «ճռռիկներ» անել, ավտոմեքենաներ վարել մայթերով և սա, ըստ էության, որոշակի նպատակով է արվում՝ ցույց տալու համար, որ երկրում իբր հաստատված է անիշխանություն և երկրում չկա իրավակարգ, կամ երկրում իրավակարգը թույլ է: Ես ուզում եմ արձանագրել, որ նման դեպքերում ՀՀ ոստիկանությունը և ընդհանրապես իրավապահ համակարգը պետք է խնդրին վերաբերվի ոչ թե որպես երթևեկության կաննոների խախտում, որովհետև սրանք ուղղակի երթևեկության կաննոների խախտումներ չեն, սրանք բացահայտ արհամարհանք են օրիանականության նկատմամբ, պետական կարգի նկատմամբ, և բոլոր այսպիսի դեպքրերով պետք է զբաղվի ոչ միայն ճանապարհային ոստիկանությունը, այլև հասարակական կարգի և անվտանգությամբ զբաղվող ուժերը և նման պահվածքով հանդես եկող ցանկացած անձ պետք է լրջորեն փոշմանի իր կատարած արարքի համար»,-մասնավորապես՝ հայտարարել է նիկոլ Փաշինյանը:

Սրանից առաջ էլ արձագանքելով ՀՅԴ-ականների կողմից ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանի նկատմամբ գործադրած բռնությանը, դրանից հետո տեղի ունեցած ՀՅԴ-ականների «Ես եմ ծեծել» ակցիային՝ վարչապետն ասել էր. «Բանաձև կա՝ ազգային արժեքների համար մարդ ծեծել։ Սա ասում են էն ուժերը, որոնք ազգային արժեքների համար 25-30 տարի երկիրը թալանել են, թալանելիս ազգային արժեքների մասին ոչ մի խոսք: Եթե կազմակերպված ակցիա է, դրա իրավական գնահատականը պետք է փոխվի։ և բոլոր այն մարդիկ, որոնք բռնություն են քարոզում, նրանք հատ-հատ բերվելու են պատասխանատվության, որևէ մեկը թող մեր բարեկրթությունը չշփոթի թուլության հետ»:

Մի քանի ՀՅԴ-ականներ արդեն իսկ հասցրել են արձագանքել Փաշինյանի հայտարարություններին: Մասնավորապես՝ Իշխան Սաղաթելյանն ու Գեղամ Մանուկյանը մամուլին տված հարցազրույցներում մի կողմից՝ հայտարարել են, որ հակված չեն Փաշինյանի խոսքերի հասցեատերերի դերում դիտարկել Դաշնակցությանը, մյուս կողմից՝ պատրաստակամություն հայտնել գնալու մինչև վերջ:

Իրավիճակը երկրում լարվում է, ու դա այլևս փաստ է: ՀՅԴ-ն, որի հետ համագործակցելու պատրաստակամության մասին Փաշինյանը հայտարարել էր  այս տարվա հունվարին ՀՅԴ ընդհանուր ժողովին իր ուղերձում, փաստորեն, հայտնվում է բարիկադի հակառակ կողմում:

Իհակե, այդ փաստը չի արտացոլվում միայն վերջին իրադարձություններում, այլ իր արմատներով գնում է շատ ավելի խորքերը և բխում  շատ կոնկրետ քաղաքական հաշվարկից. ընտրությունների արդյունքում դուրս մնալով խորհրդարանից՝ հեղափոխությանը ժամանակին աջակցած ուժը, որի պատճառով, ի դեպ, պառակտում էր ընկել հենց ՀՅԴ ներսում, երբ Աղվան Վարդանյանն, անհամաձայնություն հայտնելով կուսակցության դիքորոշման վերաբեյալ, հեռացվել էր կուսակցության շարքերից, այսօր իրեն փաստացի հայտարարում է  արմատական ընդդիմություն՝ միաժամանակ պատրաստակամոթյուն հայտնելով ուժի դիմելու:

Ո՞րն է ՀՅԴ-ի հաշվարկն այս պարագայում: Բոլորովին չի բացառվում, որ ՀՅԴ-ն հույս ունի կրկնել 90-ականների սցենարը: ՀՀՇ-ի կառավարման տարիներին, ինչպես հայտնի է, այս ուժի բազմաթիվ ներկայացուցիչներ ձերբակալված էին ու պատիժ էին կրում բանտերում: Սակայն Քոչարյանի՝ ՀՀ նախագահ դառնալուց անմիջապես հետո ՀՅԴ-ն հայտնվեց քաղաքական գլխավոր դերակատարի դերում՝ դառնալով նախագահ Քոչարյանի քաղաքական գլխավոր հենարաններից մեկը՝ ՀՀԿ-ի հետ միասին:

Եվ ահա հավանական է, որ ՀՅԴ-ն փորձելու է կրկնել նմանօրինակ մի սցենար, քանի որ շատ լավ հասկանում է, թե ինչին կարող է հանգեցնել այն գործելաոճը, որ իրենք մտադիր են որդեգրել: Հույսն, ըստ էության, կրկին Քոչարյանն է, ով, ինչպես հայտնի է, հայտարարել է ակտիվ քաղաքականություն իր վերադարձի մասին, իսկ վերջերս էլ հանդիպում էր կազմակերպել սեփական կողմնակիցների հետ հյուրանոցներից մեկում: ՀՅԴ-ում, ըստ էության, վստահ են, որ Փաշինյանի իշխանությունն երկար չի տևելու, և ներկա իշխանություններին փոխարինելու է գալու հենց Քոչարյանն, ով ինքն իրեն ջանում է դարձնել թիվ մեկ ընդդիմադիր առանցք՝ հաշվի չառնելով այն նոր իրողությունները, որ առաջ են եկել երկրում հեղափոխությունից հետո: Այլ կերպ ասած՝ դաշնակցականները փորձում են Քոչարյանի «աչքը մտնել» ապագայում նրա հետ կրկին «թագավորելու» հույսով՝ կանգ չառնելով ոչնչի առաջ:

Այլ հարց է, իհարկե, թե որքանո՞վ կարող են արդարացված լինել դաշնակցականների հաշվարկներն ու ճիգերը: Մի՞թե դեռ կան մարդիկ, ովքեր կարծում են, որ Քոչարյանն ինչ-որ շանսեր ունի քաղաքականապես վերածնվելու կամ, առավել ևս, իշխանություն վերցնելու: Այս մարդու գնացքը վաղուց գնացել է, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ցանկանում հաշվի նստել իրականության հետ, չեն կարող իրենց քաղաքական հաշվարկներում ճշգրիտ գտնվել:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.