Նիկոլ Փաշինյանի սենսացիոն խոստովանությունը. հարված՝ թիկունքից

Վարչապետ Նիլոլ Փաշինյանն,  Ազգային ժողովի բակում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր՝ վերջին շրջանում մեծ աղմուկ հանած ու բազմապիսի մեկնաբանությունների տեղիք տված այն հայտարարությանը, թե դավադիր ուժեր կան, որոնք փորձում են պատերազմ հրահրել Արցախում, ասել է. «Ե՛վ Լեռնային Ղարաբաղի, և՛ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի անգամ հանդիպումներ եմ ունեցել և ներկայացրել եմ Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ իմ տեսլականը։ Հետաքրքրվել եմ  իմ առաջարկած տեսլականի հետ կապված պրետենզիաներ կա՞ն, համաձա՞յն են այս տեսլականի հետ, թե՞ համաձայն չեն։ Եվ պարզվել է, որ բոլորը համաձայն են դրա հետ։ Եվ, երբ որ դրանից հետո այդ սեղանի շուրջ  ներկա մարդիկ հրահրում են տակից՝ ասելով, որ այս կառավարությունը հողեր է ծախում, իմ մոտ հարց է առաջանում՝ ես այս  մարդու հետ նստել ու խոսել եմ  գաղտնիության պայմաններում, թե ինչ քայլերով  պետք է գնանք առաջ։ Եթե այս մարդը դուրս է գալիս, իր օգնականին ասում է՝ գնա՛ ֆեյսբուքում գրի, որ Փաշինյանը հողերը ծախում է, ինչի՞ համար է դա անում, եթե ինքը հարյուր տոկոսով գիտի, թե ինչ է կատարվում։ Ընդ որում, երբ Հայաստանի իշխանության ղեկին եղել  է իր պարի ընկերը, ինքը ոչ մի ինֆորմացիա չի ունեցել, իրեն հարկ էլ չեն համարել տեղյակ պահել, թե ինչ է կատարվում, ինչ են մտածում և ինչ են ուզում ասել: Ես եմ Ղարաբաղի հարցի բանակցային պրոցեսի վերաբերյալ փաստաթղթերը փոխանցել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին:

Հինգ անգամ հարցրել եմ՝ դուք տեղյա­՞կ եք՝ ինչ է պայմանավորվել, իրենք տեղյակ չեն եղել: Եվ դրանից հետո գնում են իրենց օգնականների սոցիալական ցանցերում, նույնիսկ անձամբ գրում են՝ այս ապազգային իշխանությունը, հակազգային իշխանությունը հողեր է հանձնում, հարց է ծագում՝ ինչի՞ համար են դա անում»:

Գաղտնիք չէ, որ հատկապես արտախորհրդարանական ընդդիմության, իսկ իրականում ամեն գնով ռևանշի ձգտող ուժերի քարոզչական «կռվախնձորներից» մեկն էլ, որով ոմանք փորձում են ներկայիս քաղաքական իշխանությունների նկատմամբ հասարակության շրջանում հակակրանք ու թշնամանք տարածել, «հողեր հանձնելու» թեման է: Ընդ որում՝ այդ արհեստածին թեմային զուգահեռաբար առաջ է մղվում մեկ այլ մտացածին թեզ. իբր Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները դավադրություններ են հյուսում արցախյան քաղաքական իշխանությունների դեմ՝ ջանալով կործանել նրանց՝ հեղափոխությունն արցախ արտահանելու և այդ միջոցով Ստեփանակերտի վրա կատարյալ վերահսկողություն սահմանելու նպատակով:

Այնինչ Փաշինյանը, փաստորեն, մեկ հարվածով ցրում է այդ ողջ խավարամտությունն ու փաստացի լյուստրացիա իրականացնում՝ բացելով կարևոր փակագծեր, ինչ-որ չափով նույնիսկ բացելով ներքին խոհանոց տանող դռներ: Վարչապետը փաստացի ասում է, որ դավադրություններ Արցախի դեմ հյուսվում են ոչ թե հիմա, այլ հյուսվել են նախկին իշխանությունների օրոք, երբ Ստեփանակերտը, փաստորեն, անգամ տեղյակ էլ չի եղել՝ հատկապես ինչ կետերի վերաբերյալ են ընթանում բանակցություններ:

Այնինչ ինքը հարցին ցուցաբերել է տրամագծորեն հակառակ մոտեցում՝ փորձելով մասնակից դարձնել Արցախին սեփական ճեկատագրին առնչվող հարցերում, պատռել խորհրդավորոթյան ու անորոշության անտեղի քողն ու մարդկանց աչքերին ուղիղ նայելով՝  խոսել, խորհրդակցել: Եվ չնայած դրան՝ Փաշինյանին, ինչպես ասում են, խոզ են դեմ տվել՝ նրան մեղադրելով դավադրություններ հյուսելու մեջ մի դեպքում, երբ թվում էր՝ նման մեղադրանքներ պետք է հնչեին ոչ թե նոր, այլ հին, գահընկեց արված իշխանությունների հասցեին:

Հարց է առաջ գալիս՝ ովքե՞ր են իրականում դավեր հյուսում Արցախի դեմ, Փաշինյանն ու նրա թի՞մը, թե՞ նրանք, ովքեր կարծես ոչ մի կերպ չեն համակերպվում նոր իրականության հետ ու դրանից ելնելով՝ իսկապես դավադիր քայլեր ձեռնարկում՝ թուլացնելու Փաշինյանին և հաճոյանալու Քոչարյանին: Ի՞նչ նպատակով են այդպես վարվում, իշխանությունը կորցնելու ու լյուստրացիայի ենթարկվելու վա՞խն է նրանց առաջ մղում…

Շատ է խոսվում այն  մասին, որ Հայաստանի ու Արցախի համար ճակատագրական այս շրջափուլում, երբ թշնամին «ատամներն է սրում», պառակտում մտցնելը ոչ միայն կործանարար է լինելու հայկական երկու պետությունների համար, այլև այդ անողներն անխուսափելիորեն պատասխանատվություն են կրելու թշնամու ջրաղացին ջուր լցնելու համար: Սա, իհարկե, անքննարկելի ճշմարտություն է , և վա՛յ նրան, ով կփորձի ճակատագրական այս շրջանում ստորաբար առաջ մղել սեփական նեղանձնային  օրակարգը ազգային շահերի փոխարեն ու դրանց հաշվին: Հայրենասիրությունից գիշեր-ցերեկ խոսողները, բայց ժամանակին ժողովրդի հաշվին թռփոշացածներն  այսօր հիրավի կանգնած են ճակատագական երկընտրանքի առաջ՝ կա՛մ սթափվել, կա՛մ արժանանալ պատմության դատաստանին:

Թո՛ղ ընտրեն…

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.