Ահա թե ինչից է զգուշանում Փաշինյանը

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրում տարվող հակակոռուպցիոն պայքարի ու դրան առնչվող որոշ նյուանսների մասին է խոսել:

Մասնավորապես՝ արձագանքելով այն տեսակետներին, թե 2018-ի հեղափոխական գործընթացներում թավիշը շատ էր (նման մեղադրանքներ, ի դեպ, Փաշինյանի հասցեին հնչում են նաև հասարակական որոշակի շերտերի կողմից)՝ վարչապետը պարզաբանել է. «Իհարկե, կարող էինք ձերբակալվածների, կալանավորվածների ու դատապարտվածների ցուցանիշների երկնիշ, եռանիշ ու քառանիշ աճեր ունենալ: Բայց դա անխուսափելիորեն կազդեր տնտեսական ցուցանիշների վրա:

Իհարկե, կարող էր և ավելի կոշտ լինել: Բայց ես կառավարության գործունեությունը համեմատում եմ բազմանժար կշեռքի հետ: Եվ եթե այդ կշեռքի թևերից որևէ մեկի հավասարակշռությունը խախտվի, մենք կունենանք անխուսափելի կոլապսներ ուրիշ ոլորտներում»:

Չնայած թվում է՝ կոռուպցիոն բացահայտումների, աղմկահարույց գործերի ու պատժվածների պակաս Հայաստանում չկա վերջին մեկ տարվա ընթացքում՝ հեղափոխությունից ի վեր, ինչպես նշվեց, սակայն, հասարակական լայն շրջանակների ակնկալիքներն այս ուղղությամբ դեռևս լիարժեքորեն բավարարված չեն: Սույն հանգամանքը բացատրվում է ինչպես օբյեկտիվ, այնպես էլ ինչ-որ իմաստով սուբյեկտիվ գործոններով: Այսօր էլ շարունակում են լսվել կոչեր՝ աննախադեպ խստություն ու նույնիսկ դաժանություն ցուցաբերելու կոռումպացված նախկին պաշտոնյաների կամ իշխանությունների հետ ժամանակին սերտաճաճ բիզնեսի ներկայացուցիչների նկատմամբ, ինչն, ըստ հասարակության շրջանում տարածված կարծիքի, կօգնի առավել մեծ տեմպերով կյանքի կոչել տնտեսական հեղափոխությունն ու բյուջեն փող լցնել:

Փաշինյանը, փաստորեն, չի կիսում նմանօրինակ տեսակետն ու դրա համար ունի շատ կոնկրետ պատճառներ, որոնք իրենց հիմքուն ունեն փաստական հիմնավորում. աշխարհում չկա գեթ մեկ  երկրի օրինակ, երբ դրակոնյան միջոցներով հնարավոր դարձած լիներ կոռուպցիան արմատախիլ անելն ու նամանավանդ տնտեսական իրական աճ ապահովելը: Նման բան կապիտալիստական ֆորմացիան չի հանդուրժում:

Այո՛, զարգացած կապիտալիստական աշխարհում այսօր կոռուպցիան աննշան մակարդակի է, համակարգային կոռուպցիա գոյություն չունի, և պատկերացնելն անգամ դժվար է, թե ինչ կկատարվի ասենք այն գործարարի հետ, ով նույն Սինգապուրում կամ Ավստրիայում կհանդգնի ինքնագլխություն դրևորել ու ինչ-որ չինովնիկի հետ համատեղ բավարարել սեփական ագահությունը: Սակայն հարկ է հասկանալ, որ նման բարձր արդյունքների հասնելն այդ երկրների կողմից այնքան էլ հեշտ չի եղել, և այդ անելու համար պահանջվել են երկար տարիներ ու հետևողական, հստակ բանաձևված աշխատանք՝ կոռուպցիան այնպես հաղթահարելու, որ դրա արդյունքում կողմնակի հետևանքներ չլինեն:

Զարգացած կապիտալիստական երկրների փորձն այս իմաստով Հայաստանի համար կարելի է և պետք է օրինակելի համարել և ցակացած բարեփոխում իրականացնել այնպես, որ դրանից ստացվող օգուտն ավելին լինի, քան հնարավոր վնասը. արդարության մթնոլորտի, կարգուկանոնի հաստատումը չպետք է ազդի տնտեսական զարգացման վրա, չպետք է վախեցնի պոտենցիալ ներդրողներին կամ դառնա երկրից կապիտալի արտահոսքի պատճառ: Ի դեպ՝ սա վերաբերում է նաև վեթինգի կիրառմանը: Դատաիրավական համակարգի բարեփոխումներին ուղղված միջոցառումները պետք է ոչ թե սասանեն համակարգն, այլ ամրապնդեն այն ներսից՝ պոտենցիալ ներդրողներին   ոչ թե վանելու, այլ գրավելու համար: Չէ՞ որ կաիտալը հոսում է այնտեղ, ուր հանգիստ է, ու կանխատեսելի միջավայր կա, և երբեք չի շտապում այնտեղ, ուր ցնցումներ են ու անկայուն վիճակ: Ուստի՝ Հայաստանը, որն առանց այն էլ օբյեկտիվորեն շատ քիչ բան ունի առաջարկելու ներդրողներին,  չունի իրեն շռայլություններ թույլ տալու ռեսուրս, և ուրեմն՝ իշխանությունների յուրաքանչյուր քայլ պետք է պլանավորվի ու իրականցվի՝ հենց այս ճշմարտությունը նկատի ունենալով: Հակառակ պարագայում «տնտեսական հեղափոխություն» ասվածն այդպես էլ կմնա գեղեցիկ հեղափոխական լոզունգ՝ դատապարտված լինելով ձախողման:

 

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.