Հարցերին պատասխանելու ժամանակը. կծիկը կքանդվի՞

«Հանձնաժողովի քննության առարկան է զինված ուժերի ապահովումը թիկունքային սպառազինության, մարտական պատրաստվածության, մարտական հերթապահության կատարման կանոնների կատարման, զորքերի համալրման, զորքերի ծառայության, հետախուզական գործունեության վիճակի ուսումնասիրություն: Հակառակորդի հարձակողական գործողությունների կանխմանն ու խափանմանն ուղղված հրամանատարական որոշումների օպերատիվության, համարժեքության գնահատում, դեպքերին տրված իրավական գնահատականի հիմնավորվածության և օրինականության գնահատում»,-այս մասին հայտարարել է Անդրանիկ Քոչարյանն Ապրիլյան պատերազմի հանգամանքերն ուսումնասիրող հանձնաժողովի առաջին նիստից հետո, լրագրողների հետ ունեցած զրույցում՝ միաժամանակ հավելելով, որ հանձնաժողովը իրավասու է պահանջել և ստանալ պաշտպանության ոլորտին առնչվող նորմատիվային և ոչ նորմատիվային ակտեր, հրամաններ, հրահանգներ, ծառայողական քննության նյութեր, տեղեկանքներ, կոլեգիայի և ռազմական խորհրդի հաշվետվություններ, փաստաթղթեր, զեկուցագրեր, այդ թվում՝ գաղտնիության ռեժիմում գտնվող:

Հանձնաժողովի նիստերին հրավիրելու են պաշտոնատար անձանց, բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներ:

Թե որքան կարևոր ու էական են լինելու հանձնաժողովի աշխատանքները Հայաստանի համար հատկապես մի ժամանակահատվածում, երբ երկիրը փորձում է գնալ ինքնամաքրման ճանապարհով՝ իրականացնելով լայն լյուստրացիա, ավելորդ է մանրամասնել: Հանձնաժողովն ուսումնասիրելու է մի խնդիր, որի շուրջ բազմապիսի խոսակցությունները չեն դադարում այն օրվանից, ինչ ռազմական գործողություններն ավարվեցին, և պարզ դարձավ, որ հայկական կողմը, չնայած հերոսական դիմադրությանն, ունեցել է նաև տարածքային կորուստներ:

Այդ ժամանակվանից ի վեր հնչել են բազմապիսի կարծիքներ ու վերսիաներ, թե ինչով կարող էր այդ ամենը պայմանավոված լինել: Ոմանք մինչ օրս էլ հակված են մեղադրել ռազմական հետախուզությանը սեփական պարտականություններում թերանալու մեջ, ոմանք համարում են, որ հայկական կողմը բավարար հետևողականություն չի դրսևորել կորցրած տարածքները վերանվաճելու հարցում այն դեպքում, երբ այդ անելու հնարավորություն իսկապես կար, իսկ որոշներ էլ այդ ամենում աշխարհաքաղաքական դավադրություն են տեսնում՝ ամեն ինչ բացատրելով դրսի գործոնով:

Այս իրավիճակում հիմնահենքային հարց է այն, թե իրականում  որքանո՞վ կհաջողվի սեփական աշխատանքները նոր-նոր սկսող հանձնաժողովին քանդել այն կծիկը, որի խճճվածության արդյունքում է, որ տարիներ շարունակ չեն դադարում ամենաբազմազան բնույթի խոսակցություններն ու ասեկոսեները:

Հարկ է արձանագրել նաև, որ  հանձնաժողովի աշխատանքների էֆեկտիվության հարցը իշխանությունների համար ձեռք է  բերում քաղաքական արժեք: Նրանց առաջ այժմ ծառացած է խնդիր՝ այնպիսի հետաքննություն իրականացնելու, այնպիսի փաստեր հավաքագրելու, դրանք բոլորի դատին ներկայացնելու, որոնք ոչ միայն  լույս կսփռեն այդ օրերին տեղի ունեցածի վրա, այլև կօգնեն հասարակությանը հասնելու արդարության ու թափանցիկության բարձրագույն մակարդակի՝ առաջին հերթին հետագայում բացառելու հնարավոր դավադրություններն ու  աններելի բացթողումները, որոնց արդյունքում հաճախ տուժում են ոչ թե պաշտոնյաներն, այլ ողջ ժողովուրդն ու թուլանում պետականությունը: Այլ կերպ ասած՝ սա ևս մեկ առիթ է իշխանությունների համար՝ ապացուցելու սեփական հեղափոխականությունն՝ այս եզրի խորքային իմաստով:

Մյուս կողմից՝ հարց է առաջանում, թե ի՞նչ կողմնակի հետևանքների կարող են հանգեցնել խորքային ուսումնասիրությունները ոչ միայն ներքին, այլև արտաքին հարթակում: Արդյոք կհաջողվի՞ բավարար խորությամբ ուսումնասիրել օդում առկախված հարցերն ու տալ դրանց սպառիչ պատասխաններ այն դեպքում, երբ այդ պատասխանների բովանդակությունը կարող է հարվածի տակ դնել Հայաստանը նախևառաջ դրսից այն էլ մի ժամանակհատվածում, երբ Հայաստանին բացարձակապես անհրաժեշտ չեն ավելորդ լարվածություններ՝ պայմանավորված տարածաշրջանում սրվող աշխարհաքաղաքական կացությամբ:

Ամեն դեպքում պետք է գովելի համարել նմանօրինակ ձեռնարկն ու իսկապս հույս հայտնել, որ հանձնաժողովին կհաջողվի լույս սփռել այն բազմաթիվ մութ հարցերի վրա, որոնց արժեքն այսօր խիստ կենսական է:

Պատասխանատվության մթնոլորտ պետք է տիրի փաստացի պատերազմական իրավիճակում գտնվող երկրում, քանի որ երկրորդ սայթաքման պարագայում հետևանքները կարող են իսկապես ճակատագրական լինել, իսկ այն, որ Հայաստանին նոր փորձություն է սպասվում, գրեթե աքսիամատիկ ճշմարտություն է:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.