Ո՞ւմ է խանգարում «Լիդիան Արմենիան». «սպիտակ ագռավի» ֆենոմենը

 Aysor.am-ին տված հարցազրույցում մեկնաբանելով «Լիդիան Արմենիայի» շուրջ ստեղծված իրավիճակը՝ ընկերության կայուն զարգացման սոցիալական մենեջեր Նառա Ղազարյանը, պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ է հենց «Լիդիան Արմենիայի» շուրջ ստեղծվել  բարդ իրավիճակ այն դեպքում, երբ ընկերության կողմից ծավալվող գործունեությունը բացառիկ օրինակ կարող է ծառայել մյուսների համար, բավական հետաքրքիր ու լրջագույն մտորումների տեղիք տվող պատասխան է տվել:

««Սպիտակ ագռավ» լինելը բերում է իր բարդությունները: Այսօր պատասխանատու հանքարդյունաբերությունը շատ արագ տեմպերով զարգանում է աշխարհում, զարգացնում ռիսկերի կառավարման գործիքներ, որի մասին Հայաստանում մեր քննադատները հաճախ չեն էլ ցանկանում լսել:

Որպեսզի այդ ստանդարտները գործեն և դառնան նորմ երկրի համար, հասարակության բոլոր հատվածները պետք է պատրաստ լինեն ընդունել նորույթը: Նույնիսկ «լավ տարբերվողը» միևնույն է «տարբերվող» է, ու շատ հաճախ հանդիպում է դիմադրության հասարակության ամենատարբեր շերտերի կողմից, ամենատարբեր պատճառներով: Մինչդեռ ամեն ինչ կարող է այլ կերպ լինել: Հույս ունեմ, որ չնայած ստեղծված իրավիճակին, Ամուլսարի բերած չափանիշները մի օր դառնալու են նորմ», -ասել է Ղազարյանը:

Ինչպես հայտնի է, շուրջ մեկ տարի է՝ Ամուլսարում ընթացող շինարարությունը կանգնած է: Չնայած ընկերությունն այս ողջ ընթացքում ամեն հնարավոր ու անհնարին միջոցներով փորձել է շտկել այս անհեթեթ իրավիճակը, սակայն փաստը մնում է  փաստ, որ բոլոր փորձերը բախվել են անտարբերության ու զոռբայության պատին՝ առաջ բերելով հետևանքներ, որոնց մասին, ի դեպ, նույն հարցազրույցում բավական մանրամասնորեն խոսել էր Նառա Ղազարյանը՝ մատնանշելով այն կործանարար շղթայական ռեակցիան, որն առաջ է եկել Ջերմուկում, Գնդեվազում և հարակից այլ համայնքներում «Լիդիան Արմենիայի» շուրջ ստեղծված  անհասկանալի իրավիճակի պատճառով, և որի հետևանքն առաջին հերթին աղքատության խորացումն է տարածաշրջանում, և որպես հետևանք՝ արտագաղթն ու հուսահատությունը:

Գաղտնիք չէ, որ Հայաստանում կան բազմաթիվ հանքեր, որոնք տասնամյակներ ի վեր շահագործվում են բավական անխնա կերպով: Եվ որքան էլ ցավալի է խոստովանելը, անհերքելի փաստ է այն, որ այդ հանքերի շահագործումը իրականացվում է բնավ ոչ միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապատասխան կերպով, ինչն էլ պարբերաբար առաջ է բերում բնապահպանական բազմաթիվ խնդիրներ ու ճգնաժամեր:

Բայց չգիտես ինչու «բնապահպան» կոչեցյալներն այդ ամենին շարունակ նայել ու նայում են «մատների արանքով»: Մինչդեռ «Լիդիանի» պարագայում նրանց որդեգրած կեցվածքն առաջ է բերում լրջագույն կասկածներ ու դրանցից ծնվող հարցեր՝ հատկապես հաշվի առնելով այն, որ, հայտնի փաստ է, բնապահպանների հետևում կանգնած են շատ կոնկրետ բիզնես շահեր հետապնդող հայաստանյան ուժեր, որ թիրախավորելով «Լիդիանին»՝ լուծում են շատ կոնկրետ գրպանային խնդիրներ:

Հայաստանում վաղուց է զգացվում հանքարդյունաբերության ոլորտում խաղի կանոնների ու հանքերի շահագործման համընդհանուր չափանիշների վերանայման կարիք:  Հարց է առաջանում՝ «բնապահպանների» ու նրանց հովանավորողների վախն արդյոք պայմանավորված չէ՞ «Լիդիան Արմենիայի» կողմից Հայաստան ներմուծվող նոր բիզնես կուլտուրայով, որի հետևանքով, փաստորեն,  շատերը կարող են բախվել   տհաճ խնդիրների՝ համապատասխանեցնելու սեփական գործունեությունն այն միջազգային ստանդարներին, որոնք ընկած են «Լիդիան Արմենիայի» գործունեության հիմքում: Իսկ ինչո՞ւ կրել պատասխանատվություն ու հաշվետու լինել ամեն մի քայլի համար, եթե կարելի է անխնա հարստանալ՝ առանց որևէ մեկին հաշիվ տալու…

Այս իրավիճակում իր վճռորոշ խոսքը պետք է ասի պետությունը, որը չի կարող շահագրգիռ չլինել հանքարդյունաբերության ոլորտում տիրող անարխիան ու քաոսը կանոնակարգելու հարցում: Եթե իսկապես խնդիր է  դրված Հայաստանը կարգի բերելու, ապա առաջին հերթին պետք է հաստատվեն միջազգային չափանիշներին համապատասխան խաղի կանոններ, և ասվածն, անշու՛տ, չի վերաբերում միայն հանքարդյունաբերության ոլորտին: «Լիդիանը» կարող է լավ օրինակ դառնալ ոչ միայն այլ հանքարդյունաբերողների, այլև, առհասարակ, Հայստանում տնեսական գործունեություն ծավալող ցանկացած մեկի համար:

Սա պետք է հաշվի առնել:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.